Քառասուներորդ անգամ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 17, 2012 7:00

Խարկովի մարզապալատում 40-րդ անգամ կազմակերպվել էր ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար` նվիրված Աշոտ Սահակյանի հիշատակին: Թերևս այս անունը ոչ բոլոր մարզասերներին է հայտնի: Նա եղել է ազատ ոճի ըմբշամարտի Ուկրաինայի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: Չորս տասնամյակ առաջ Սահակյանն ընդգրկվել էր ԽՍՀՄ հավաքականի կազմում և պետք է միասնական երկիրը ներկայացներ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Բայց կատարվել է անցանկալին, նա ավտովթարի զոհ է դարձել: Տարիները հոսել են, սակայն մեծ հեղինակություն ձեռք բերած, բարի և շնորհաշատ հայ ըմբիշին ոչ միայն չեն մոռանում, այլև փորձում են հավերժացնել նրա հիշատակը:

Եվ ահա Ուկրաինայի ըմբշամարտի ֆեդերացիայի և Խարկովի հայկական համայնքի  նախաձեռնությամբ հերթական անգամ կազմակերպվել էր հուշամրցաշար, որը պատվիրակների ներկայացուցչական կազմ էր հավաքել: Կարողությունները փորձելու էին եկել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելառուսի հավաքականների մարզիկները: Իսկ Ուկրաինան 8 հավաքական էր մրցասպարեզ հանել: Ի դեպ, Խարկովի հայկական համայնքը, որը գլխավորում է Սամվել Խանամիրյանը, աչքի ընկնողների համար նաև դրամական պարգևներ էր սահմանել: Մասնավորապես, առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրաված ըմբիշները հարստացան 500, 300, 200 դոլարով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը մրցագորգ էր դուրս բերել 7 ըմբիշի: Մասնակից չունեինք միայն 96 կգ քաշային կարգում: Այդ քաշային կարգի մեր հավաքականի առաջատարը`վանաձորցի Շամիր Աթյանը ներկայումս զինծառայող է, և տեխնիկական խնդիրներ էին առաջացել նրան թիմում ընդգրկելու հարցում:

Արտակ Հովհաննիսյանը (55 կգ), երեք գոտեմարտ իր օգտին գրանցելով, մեկում պարտվելով, ի վերջո բավարարվեց 3-րդ տեղով: Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանը հայտնեց, որ նա հնարավորություն է ունեցել ավելին անելու, սակայն մրցակցին զիջել է հավասար պայքարում: Կիսաեզրափակչի երրորդ մրցափուլում նրա ռուսաստանցի հակառակորդն առավելություն է ստացել միայն այն բանի համար, որ վերջինն է կատարել հնարքը և միավոր վաստակել: Իսկ մրցափուլն ավարտվել է 1:1 հաշվով: Արտակը պատանիների Եվրոպայի չեմպիոն է, Սինգապուրում կայացած պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր:

Վոլոդյա Ֆրանգուլյանից (60 կգ) ևս սպասելիքները մեծ են եղել, սակայն նա չի դրսևորել այն, ինչին ունակ է: Իսկ Դավիթ Ափոյանը (66 կգ) փայլուն է հանդես եկել` 5 գոտեմարտ ավարտելով հաղթանակած: Նա միայն եզրափակչում է պարտվել Ուկրաինան ներկայացնող Ռուստամ Ջաֆարյանին, սակայն վերջինիս ոչ միայն տան պատերն են օգնել, այլև մրցավարները: Այս մարզիկը նախկինում բնակվել է Հայաստանում, բայց հետո ընտանիքով տեղափոխվել է Ուկրաինա և հաստատվել Խարկովում: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) երեք հաղթանակ է տարել, որից հետո էլ երկու անգամ պարտվել է և հանգրվանել 5-րդ հորիզոնականում: Մեր մյուս մասնակիցները ոչնչով աչքի չեն ընկել:

Այս ստուգատեսը նախապատրաստական փուլ էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ: Այն կայանալու է հունիսի 17-26-ը Խորվաթիայում:

Վարդանյանը տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականը Դաղստանի Խասավ Յուրտ քաղաքում մայիսի 8-10-ը մասնակցելու է միջազգային մրցաշարի, ապա ուսումնամարզական հավաքներ է անցկացնելու Ծաղակաձորում, Երևանում, որից հետո էլ մեկնելու է մրցավայր:

Հավելենք, որ 2011-ի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այս մրցաձևի Հայաստանի ներկայացուցիչներից երեքը դարձել են մեդալակիր. 1 արծաթե և 2 բրոնզե պարգև: «Լավ նախապատրաստվելու դեպքում հնարավոր է այդ արդյունքը կրկնել: Եթե 96 կգ քաշային ըմբիշին բանակային ծառայությունից առժամանակ ազատեն, ապա Հայաստանից մարզիկներ մրցագորգ դուրս կբերվեն բոլոր` 8 քաշային կարգերում: Անցյալ տարվա հավաքականից կմասնակցեն Արտակ Հովհաննիսյանը, Եվրոպայի անցյալ առաջնության  3-րդ մրցանակակիր Գրիգոր Գրիգորյանը: Նա նախկինում հանդես է եկել 66 կգ քաշային կարգում: Ընդհանրապես սպասելիքներ ունենք մի շարք երիտասարդ ըմբիշներից»,- ասաց Վարդանյանը:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply