Ի՞նչն է ավելի զարմացրել պարտված ադրբեջանցիներին
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | April 15, 2012 7:10
Մեր երկրում սեղանի թենիսն ավանդույթներ է ունեցել, սակայն անկախացումից հետո, երկար ժամանակ է այն չի գտնում իր ճանապարհը: Հայաստանի այս մարզաձևի ֆեդերացիան տարբեր կշիռ և դիրք զբաղեցնող անձիք են գլխավորել, այդուհանդերձ, կազմակերպության ղեկավարներից ոչ ոքի չի հաջողվել բեկում կատարել: Ուշագրավն այն է, որ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան նոր ղեկավար ունեցավ Դորտմունդում օրերս կայացած աշխարհի առաջնությունից առաջ: Այդ պաշտոնը ստանձնեց Գաբրիել Ղազարյանը, որ նախկինում բասկետբոլիստ է եղել և այժմ պատասխանատու պաշտոն է զբաղեցնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում:
Գ. Ղազարյանը «Անկախի» հետ զրույցում հայտնեց, որ կատարվածը հարկադրական քայլ է եղել: Պարզապես անհետաձգելի խնդիրներ լուծելու թելադրանքով է հայտնվել այդ դերում: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի արժանի թեկնածուի որոնումները շարունակվում են, և ինքն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է զիջել նոր զբաղեցրած աթոռը: Իսկ իրականությունն այն է, որ հայկական սեղանի թենիսում կան մի շարք չլուծված հարցեր, այդ թվում նաև` ֆինանսական: Այդ է պատճառը, որ ֆեդերացիայի նոր նախագահը ոչ միայն պետք է բարեփոխումներ կատարելու իրատեսական ծրագրեր ունենա, այլև կարողանա կարգավորել ֆեդերացիայի գանձարկղը հարստացնելու հարցը:
Վերջին տարիներին Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով ստանում է 10 մլն դրամ, որը բավարար չէ մարզաձևի կարիքները հոգալու, առավել ևս այն զարգացնելու համար: Նույնիսկ դորտմունդյան աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ֆինանսներ չկային, և օգնության ձեռք է մեկնել ՀԱՕԿ-ը: Իսկ այն հարցին, թե Հայաստանի տղամարդկանց (Մեսրոպ Ղուկասյան, Ալեքսանդր Դիարյան, Մուրադ Ասատրյան կազմով) և կանանց (Հասմիկ Խաչատրյան, Լուիզա Նազարյան, Ռուբինա Վարդանյան կազմով) հավաքականները արդարացրել են իրենց, թե ոչ, Ղազարյանը պատասխանեց, որ մասամբ են բավարարված: Գոհունակություն կա սեղանի թենիսիստներից, և դժգոհություն` սեղանի թենիսիստուհիներից: Նրանք 120 և 99 երկրների հավաքականների պայքարում համատասախանաբար զբաղեցրել են 82-րդ և 63-րդ հորիզոնականները: Թերևս ընդհանուր տպավորության վրա ազդել է այն հանգամանքը, որ մեր մարզիկները տպավորիչ` 3:0 հաշվով հաղթել են Ադրբեջանի հավաքականին: Ղազարյանը հայտնեց, որ դեռ շատ անելիք կա ցանկալի արդյունքի հասնելու համար:
Ներկայացնենք , թե ինչպես են խաղացել 4-րդ և 3-րդ դիվիզիոններում ընդգրկված Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները: Տղամարդիկ հաղթել են նաև Նիկարագուայի (3:0), Եմենի (3:1), Մակեդոնիայի (3:0) և զիջել Ղազախստանի (0:3), Նոր Զելանդիայի (2:3), Մարոկկոյի (1:3), Պերուի (1:3) թիմերին: Իսկ մեր մարզուհիները հաղթել են Մոնղոլիայի (3:2), Մեքսիկայի (3:2), Շրի Լանկայի (3:2), Լատվիայի (3:0) և պարտվել Իռլանդաիայի (0:3), Կանադայի (0:3), Իրանի (0:3), Գվատեմալայի (2:3) հավաքականներին:
Հայաստանի ընտրանիները գլխավորում էր փորձառու մարզիչ Ֆելիքս Սարգսյանը: Դժվար է ասել, թե ինչն պատճառը, սակայն նրա անունը և լուսանկարը չի եղել աշխարհի առաջնության կազակերպիչների հրապարակած տեղեկագրում: Իսկ տվյալները նախապես ներկայացրել է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան: Կատարվածը պատահականությանը չի կարելի վերագրել: Փաստը խոսում է և վկայում այն մասին, որ մինչև ֆեդերացիայի ղեկավարության փոփոխությունը հակասական բաներ են կատարվել:
Հետաքրքիր էր, թե ինչպես է իրականացվել խաղացողների ընտրությունը: Սարգսյանը հայտնեց, որ ֆեդերացիայի նոր ղեկավարությունը խնդիր է դրել կազմակերպել Հայաստանի առաջնություն և տղամարդանց ու կանանց ստուգատեսների 3-ական մրցանակակիրներին ընդգրկել թիմերում: Ինչ վերաբեում է մերոնց մրցելույթներին, ապա Սարգսյանը գոհ էր մարզիկներից, իսկ մարզուհիների մասին ասաց, որ նրանք արել են այն, ինչի հնարավորություն ունեցել են: Փաստորեն, նախապատրաստվելու համար քիչ ժամանակ` ընդամենը 12 օր է եղել:
Բանն այն է, որ պարզ չէր` իմաստ ունի՞ մասնակցել աշխարհի առաջնությանը, և կարճ ժամանակամիջոցում է կարգավորվել ֆինանսական խնդիրը ու վճռվել պատվիրակություն ուղարկել մրցավայր: Սարգսյանը կարծում է, որ անպայման պետք է մասնակցել: Խնդիրներ չեն առաջացել մարզական գույքի և հանդերձանքի առումով, մերոնք կազմուպատրաստ են ներկայացել ստուգատեսին, որը կազմակերպված է եղել բարձր մակարդակով: Մարզչի վկայությամբ` 14 հազար նստատեղ ունեցող մարզապալատը լեփ-լեցուն է եղել հանդիսականներով: Մերոնք իրենց հանգիստ են զգացել, չեն կաշկանադվել, սակայն Սարգսյանը խոստովանեց, որ Ադրբեջանի տղամարդկանց հավաքականի հետ հանդիպման շեմին գիշերը չի կարողացել քնել:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ մարզաձև է,երբ մրցում են հակամարտության մեջ գտնվող երկու երկրների հավաքականները, հետաքրքրությունը բազմապատկվում է: Մարզիչը հայտնեց, որ հիմնականում մտածել է մեր թիմի հետ միևնույն խմբում հայտնված Ադրբեջանի հավաքականի հետ մրցամարտի մասին: Ի դեպ, մեր երկրի և Ադրբեջանի սեղանի թենիսի ազգային հավաքականները վերջին տարիներին միջազգային ստուգատեսներում խաղալու առիթներ չէին ունեցել, իսկ ահա մեր պատանեկան թիմերը մի քանի անգամ պարտվել էին ադրբեջանցի իրենց հասակակիցներին:
Այս անգամ էլ Ադրբեջանի հավաքականը լրջորեն էր նախապատրաստվել. ուսումնամարզական հավաքներ էր անցկացրել Սինգապուրում և Լատվիայում: Ի դեպ, երկու երկրների հավաքականների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի բազմակի չեմպիոնուհի Վալենտինա Պոպովան: Նա Սլովակիայի հավաքականի մարզիչն է: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիների հետ հանդիպումից հետո Պոպովան մոտեցել և շնորհավորել է Սարգսյանին` ասելով, որ հայկական թիմը լավն է և զգացվում է, որ կարող է բարելավել իր խաղամակարդակը:
Իսկ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը հետաքրքվել է, թե Հայաստանի հավաքականը որտեղ է նախապատրաստվել: Եվ նա զարմացել է, երբ իմացել է, որ մերոնք պարապել են տանը` Երևանի «Սպարտակ» մարզասրահում:
Ինքնին հետաքրքիր է, թե եղե՞լ են հանդիպումներ, որոնք տանուլ տալու փոխարեն մերոնք կարող էին գրանցել իրենց օգտին: Մարզիչը հայտնեց, որ բոլոր մրցակիցներին էլ մերոնք պայքարով են զիջել: Իսկ 3-րդ դիվիզիոն տեղափոխված Ղազախստանի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք չեն սպասել` կկարողանան առավելության հասնել Հայաստանի ընտրանու նկատմամբ: «Գլխավորն այն է, որ դուրս չթռանք: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ դիվիզիոնում հայտնվելու դեպքում հետագայում հազիվ կարողանար կրկին ետ վերադառնալ: Եթե մարզաձևին մի փոքր ուշադրություն դարձվի, ապա շոշափելի արդյունքներ կունենանք: Կան շնորհալի պատանիներ, երիտասարդներ, որոնք կարոտ են միջազգային հանդիպումների: Պետք է նրանց այդպիսի խաղերի մասնակցելու հնարավորություն տալ, որպեսզի թրծվեն, առաջադիմեն: Դրա համար ֆինանսներ են անհրաժեշտ: Փողի առկայությունը նշանակություն ունի, սակայն կարևորն այն է, որ ամեն բան ճիշտ կազմակերպվի: Միայն դրա շնորհիվ կարելի է արդյունքի հասնել»,- ասաց Սարգսյանը:
Մարզիչը հայտնեց նաև, որ օրինաչափ էին տղամարդկանց և կանանց թիմային առաջնություններում Չինաստանի ներկայացուցիչների տարած հաղթանակները: Չինացի խաղացողները շատ են եղել նաև մյուս երկրների թիմերում, սակայն այդպիսի լեգեոնականների թիվն այժմ մի փոքր պակասել է: Բանն այն է, որ նոր որոշում է կայացվել, և այսուհետ օտարերկրացի խաղացողը կարող է համալրել որևէ այլ երկրի հավաքական միայն այն դեպքում, եթե առնվազն 7 տարի տվյալ պետությունում է բնակվել:
Առաջնությունում վատ են հանդես եկել Ռուսաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները` զբաղեցնելով 14-րդ և 15-րդ տեղերը: Ի դեպ, Ռուսաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Սարգսյանը Ֆելիքս Սարգսյանի որդին է: Դավիթը ֆինանսական տարաձայնությունների պատճառով չի ժամանել մրցավայր: Նրա հայրը տեղեկացրեց, որ Դավիթը նաև Վլադիվոստոկի կանանց թիմի գլխավոր մարզիչն է, և այն առաջիկայում խաղալու է Եվրոպայի ակումբային առաջնությունում: Նրա թիմն առաջին խաղն անցկացնելու է Թուրքիայում և մրցելու է տեղի «Գալաթասարայի» հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչների անելիքներին, ապա առջևում պատանիների Եվրոպայի առաջնությունն է, որը հուլիսին անցկացվելու է Ավստրիայում:






Facebook
Tweet This
Email This Post
