«Գողն ամենից բարձր է գոռում` բռնե՛ք գողին»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 14, 2012 7:00

Նախընտրական «ոչ պաշտոնական» փուլն ավարտված է, սկսվում է պաշտոնականը:

Դե յուրե Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների համար նախընտրական  քարոզչությունը սկսվեց ապրիլի 8-ից: Սակայն դե ֆակտո այն վաղուց արդեն սկսված էր և, մեղմ ասած, ոչ այնքան համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Այս փուլի սկզբնական հատվածում կուսակցություններն ու քաղաքական ուժերը բոլորի ուշադրությունն իրենց վրա հրավիրելու «ցուցակային» տարբերակ էին որդեգրել: Այսինքն` փորձում էին ինտրիգներ մտցնել իրենց կուսակցությունների համամասնական ցուցակների կազմի օգնությամբ: Դրանից հետո եկավ «կարգախոսային» տարբերակը, երբ այդ նույն ուժերը սկսեցին ուշադրություն գրավել իրենց առաջարկած նախընտրական կարգախոսներով: Երբ այս ռեսուրսն էլ սպառվեց, քաղաքական ուժերն անցան «մրոցի» խաղալու` միմյանց հասցեին ցեխ շպրտելու, միմյանց մասին «բարի» արտահայտություններ անելու և այլն:

Մասնավորապես, աչքի անցկացնենք «մրոցիի»` քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների մի քանի ուշագրավ դրսևորումներ:

ԲՀԿ-ում, օրինակ, մի հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ. կուսակցության շարքերն անցավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, և կուսակցության համամասնական ցուցակին միացավ Գուրգեն Արսենյանը: Այս երևելի քաղաքական գործիչներն անմիջապես սկսեցին զբաղվել ակտիվ նախընտրական գործունեությամբ, և նրանց վստահվեց ԲՀԿ քարոզչությունն իրականացնելու «սրբազան» պարտականությունը: Հետաքրքրական է, որ  փաստորեն մինչ Օսկանյանի և Արսենյանի` ԲՀԿ դրոշի ներքո հանդես գալն այս կուսակցությունում արժանի քարոզչություն անողներ չկային, և ԲՀԿ-ն հույսը նրանց վրա դրեց: Օսկանյանն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, հայտարարեց, որ իշխանական կոալիցիան ձևական է եղել: «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, որ իր համոզմամբ` նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձևական է եղել, և ՀՀԿ-ն էլ արել է այն, ինչ ցանկացել է: Այդպիսով նախկին արտգործնախարարը երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջովին Հանրապետականի վրա գցեց:

«Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, դեռևս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք՝ այդ կոալիցիան ձևական կոալիցիա է եղել, որովհետև իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել և երբեք իր գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»,- ասել է Օսկանյանը:

Նա նաև հավելել է, որ Հայաստանում հակակշիռ չկա ոչ միայն խորհրդարանում, այսինքն` մի կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, այլև քաղաքական համակարգում. նախագահը Հանրապետական կուսակցությունից է, Ազգային ժողովի նախագահը Հանրապետական կուսակցությունից է, վարչապետը Հանրապետական կուսակցությունից է: Ու քանի որ Հանրապետական կուսակցությունը բացարձակ գերիշխող դիրք ունի,  պատասխանատվությունն ամբողջությամբ այդ կուսակցության վրա է:

Հանճարեղ հայտնագործություն է, ինչ խոսք, բայց մի՞թե Օսկանյանը մոռացել է, որ ԲՀԿ-ն դեռևս մնում է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը, իսկ մեղավորին օգնելը նույնպես մեղավորություն է:

Ինչևէ: Անցնենք կոալիցիոն մյուս գործընկերոջը` ՕԵԿ-ին: Այս ուժը մարտի 8-ից սկսեց իր մուրաբայախառն ընտրարշավը: Արդեն  այդ ժամանակ, հավանաբար, կուսակցությունում գիտակցում էին, որ, ինչպես ՕԵԿ-ի կանանց համագումարում կասեր կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, «ՕԵկ-ում կանայք, ի դեմս Արթուր Բաղդասարյանի, շատ են»: Ինքնատիպ մտահղացում էր ընտրությունների նախաշեմին: Համենայն դեպս ՕԵԿ-ը լիովին կարող է ակնկալել Հայաստանի սեռական փոքրամասնությունների վստահության քվեն: Այս կուսակցությունում այսքանով չսահմանափակվեցին: ՕԵԿ-ական նախարարներից մեկը` կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի ագրարային համալսարանում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ ուսանողությանը կոչ էր արել սատարել հանրապետության նախագահին և իշխող կուսակցությանը: Ուշադրությո՛ւն, ոչ թե սեփական ՕԵԿ-ին, այլ իշխող կուսակցությանը: Սա թերևս կապ ունի նաև այն հանգամանքի հետ, որ ՕԵԿ-ի ցուցակի 8-րդ համարի տակ հանգրվանած Դավիթ Կարապետյանի` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի նախկին պաշտոնը դեռևս թափուր է: Երևի ՊՆ-ում չեն հավատում, որ ՕԵԿ-ը կմտնի խորհրդարան, և Դավիթ Կարապետյանի հետդարձի կամուրջները չեն այրում:

Հետաքրքիր զարգացումներ եղան ՀԱԿ-«Ժառանգություն» հարաբերություններում: Նախ` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ-ին ու մնացած ընդդիմադիր կուսակցություններին առաջարկեց յուրաքանչյուր ընտրատարածքում աջակցել ընդդիմության մեկ թեկնածուի, որը, սակայն, մերժվեց: Այնուհետև «Ժառանգությանը» ՀԱԿ-ից սկսեցին մեղադրել չկշռադատված և անտրամաբանական առաջարկություններ անելու մեջ: Հետո «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ՀԱԿ-ին մեղադրեց թիվ 12 և թիվ 13 ընտրատարածքներում իշխանությունների հետ գործարքի գնալու համար, ինչին հաջորդեցին ՀԱԿ-ի մեղադրանքները «Ժառանգությանը» իշխանությունների պռոյեկտ լինելու համար:

Նույնիսկ ՀՀԿ-ի ներսում սկսեցին իրար վրա ցեխ շպրտել. օրինակ` Էջմիածին քաղաքում ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը վիճարկում է ՀՀԿ թեկնածու Սեդրակ Սարոյանի թեկնածության օրինականության հարցը:

Մի խոսքով` բոլորը Հռոմի պապից ավելի կաթոլիկ են փորձում երևալ: Այսինքն` ընդունել են ընդդիմադիր կեցվածք ու Հայաստանում առկա բոլոր վատ ու բացասական երևույթները կապում են ՀՀԿ-ի հետ: Նույնիսկ նրանք, որոնք այդ նույն ՀՀԿ-ի հետ կոալիցիա են կազմում:

Ակամա հիշում ենք նախընտրական եռուզեռից դեռևս շատ առաջ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանի կանխատեսումն այն մասին, որ ընտրական շրջանում բոլորը փորձելու են առավել ընդդիմադիր կեցվածք ընդունել և օգտվել ընդդիմադիր հռետորաբանությունից, և ընդդիմադիր հռետորաբանությունից չի օգտվելու միայն այն ուժը, որն այդպիսի հնարավորություն չունի: Այսինքն` Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Դիտվել է 2058 անգամ:
Print Friendly

Leave a Reply