«Կա պատգամավորի մանդատ գնելու հնարավորություն». Տիգրան Գրիգորյան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 13, 2012 12:56

Իմ զրուցընկերն է Երևանի թիվընտրատարծքում մեծամասնական ընտրակարգով  ինքնառաջադրված, անկուսակցական  պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյանը:

Տիգրան, այս ընտրատարածքն արդեն հասցրել է «հեղինակավոր դառնալ», քանի որ այստեղ են առաջադրված նաև ՀՀԿ ներկայացուցիչ  Սամվել Ալեքսանյանն ու ՀԱԿի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: Ինչո՞ւ եք Դուք էլ այս ընտրատարածքում առաջադրվել, հատուկ պատճառ կա՞ր:

– Մենք` ես և իմ աջակիցները, որոշեցինք, որ ես այստեղ պետք է առաջադրվեմ մեծամասնական ընտրակարգով, քանի որ կարծում ենք, որ ընդհանրապես մեկ թեկնածուով ընտրությունն աղետ է  ժողովրդավարության տեսանկյունից: Մեզ համար կարևոր էր ընտրողին տալ իրապես այլընտրանքային հնարավորություն, և թիվ 7 ընտրատարածքը համապատասխանում էր այս չափանիշներին: Կային այնպիսի կարծրատիպեր, թե այստեղ  թեկնածություն առաջադրելն անիմաստ է: Շատերը պնդում էին, որ այստեղ անխուսափելի է իշխանությունների պաշտպանությունը վայելող թեկանածուի հաղթանակը, ինչը հանգեցնում է ընտրությունների արդյունքների կանխորոշվածության խնդրին: Եթե իրադրությունը չփոխվեր, և այլընտրանքային թեկնածուի հնարավորություն չստեղծվեր, կարելի  էր մտածել, թե այս ընտրատարածքի պատգամավորը ոչ թե ընտրվել է, այլ` նշանակվել: Ելնելով այս տրամաբանությունից, նաև հաշվի առնելով մեր ներուժը, ինչպես նաև չիմանալով, որ ընդդիմադիր կուսակցություններից երկուսը` ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», պատրաստվում են թեկնածություններ առաջադրել տվյալ ընտրատարածքում, ես մարտի 22-ին` ժամը 12-ին, առաջադրվել եմ թիվ 7 ընտրատարածքում: Ինձնից առաջ այդ պահի դրությամբ եղել են առաջադրված Սամվել Ալեքսանյանն  ու Վարդան Վարդանյանը: Վերջինս,  ըստ որոշ լրատվամիջոցների,  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի աշխատակից է:

Տիգրան, իսկ առաջադրվելով հենց այս ընտրատարածքում` չե՞ք վախենում, որ օրինակ` ընդդիմությունը կասի, թե Դուք պարզապես իշխանությունների կողմից առաջադրված թեկանածու եք, որին  «օգտագործում են» ընդդիմության թեկնածուի դեմ:

– Նման մեղադրանք արդեն իսկ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը: Իմ առաջադրվելուց ժամեր հետո նա եկել է  առաջադրվելու, ապա գնացել և իր թերթում գրել է, որ իր առաջադրումից առաջ առաջադրված է եղել Սամվել Ալեքսանյանը և «նրա կողմից առաջադրված ևս երկու հոգի»: Այդ երեկո ես հանդիպել եմ նրան հենց խմբագրությունում և հարցրել` արդյոք ինձ ճանաչո՞ւմ է, նա ասել է, թե չի ճանաչում, և  հայտարարությունը  թյուրիմացության արդյունք է: Պահանջել եմ, որ  հերքում տպագրի, ինչը նա խոստացել է անել: Հաջորդ համարներում հերքում չի եղել: Այս անհասկանալի վարքագծից ելնելով` հակված եմ մտածելու, որ սա  ընդդիմության «անփոխարինելի առաքյալների» յուրահատուկ վերաբերմունքն է քաղաքական դաշտ մուտք գործող նոր գործիչների նկատմամբ. նրանք վտանգավոր են համարում իրենցից բացի այլոց մասնակցությունը քաղաքական գործընթացներին` այլընտրանքի կարգավիճակով:

Այդուհանդերձ, ստացվում է` հիմա Դուք փաստորեն անում եք այն, ինչ իշխանությունն է անում. քննադատում եք ընդդիմությանը:

– Ես ուղղակի ներկայացնում եմ փաստեր: Կան հարցեր, որոնց դեպքում ես քննադատում եմ հենց իշխանություններին` իրենց կողմից պաշտպանվող մեծամասնական թեկնածուներով հանդերձ: Այստեղ իմ քննադատության սլաքը հիմնականում ուղղված է նրան, որ ՀՀԿ-ն,  հռչակելով փոփոխությունների մեկնարկը, ցանկանում է դրանք կյանքի կոչել իր հին թիմով, որը նախորդ տասը և ավելի տարիների ընթացքում առանձնապես մեծ արդյունավետություն չի ապահովել պետական կառավարման համակարգի համար և ներկայիս դժվարին իրավիճակի հիմնական պատասխանատուն է:

Ընդհանուր առմամբ, քանի որ առաջադրվել եք նույն ընտրատարածքում, ինչ ՀԱԿի և ՀՀԿի ներկայացուցիչները, ստացվում է` աշխատելու եք և՛ ՀԱԿի, և՛ ՀՀԿի ներկայացուցիչների դեմ: Ընդդիմության նկատմամբ Ձեր դիրքորոշումն արդեն պարզ է, իսկ իշխանությունների՞  նկատմամբ:

– Կարծում եմ` հասարակության մեջ դժգոհություն կա թե՛ առանձին քաղաքական գործիչների, թե՛ առավել «ակտիվ» քաղաքական ուժերի վարքագծի նկատմամբ: Պատահական չէ, որ մարդիկ հաճախ ասում են. «Գնալու եմ քվեարկեմ բոլորի դեմ»: Տեխնիկապես այդ հնարավորությունը նրանց համար ստեղծված չէ: Այս դեպքում մենք պետք է ստեղծենք մի հնարավորություն, որի շնորհիվ ընտրողը կարողանա իր անհամաձայնությունը հայտնել տիրող հասարակական, քաղաքական  և սոցիալ-տնտեսական իրողությունների նկատմամբ ու իր քվեարկությամբ հանրային օրակարգ մտցնել նոր որակի քաղաքական գործիչների պահանջը: Ես  հասկանում եմ ժողովրդի նման տրամադրությունները և ցանկանում, որ վերականգնվի հետադարձ կապը ընտրական գործընթացների ու ընտրողի պահանջների ու ակնկալիքների միջև:

Թիվ 7 ընտրատարածքի 2007 թ. ընտրությունների պատկերը վեր հանելիս նկատում ենք, որ շուրջ 60 հազար ընտրողից ընտրությանը մասնակցել են շուրջ 25 հազարը: Նշանակում է` տվյալ ընտրատարածքի բնակչության կեսից ավելին ոգևորված չի եղել ներկայիս քաղաքական ուժերի հետ համագործակցության հեռանկարով կամ չի կապել իր հույսերն այդ քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուի հետ: Հույս ունենք, որ այս քաղաքացիներից շատերի, ինչպես նաև իրենց նախորդ ընտրություններից հիասթափված ընտրողների հետ մենք կգտնենք համագործակցության եզրեր և ընդհանուր շահեր:

Տիգրան, արդեն մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Առաջադրված թեկնածուներից երկուսը բավականին ռեսուրսներ  ունեն քարոզարշավը հնավորինս տեսանելի կազմակերպելու համար: Այս համատեքստում Ձեզ մրցունակ համարո՞ւմ եք:

– Ռեսուրսները տարբեր են լինում, այո: Ինչպես ֆինանսական միջոցները, տարիների քաղաքական կենսագրությունն են ընտրապայքարում գործադրվող ռեսուրս, այնպես էլ  մաքուր կենսագրությունը, լավագույն կրթությունը, սկզբունքային ու պահանջկոտ դիրքորոշումը հանրային նշանակության կարևորագույն խնդիրների նկատմամբ: Մենք առավել չափով տիրապետում ենք նշված գործիքակազմի վերջին բաղադրիչներին, որոնք մեզ հնարավորություն են տալիս բաց և թափանցիկ աշխատանք տանելու և անմիջական շփումներ ունենալու լրատվական հանրության և հասարակության հետ, ինչպես նաև` օբյեկտիվորեն վերլուծելու և գնահատելու իրադարձություններն ու իրողությունները: Այո, մեր որակապես տարբերվող ռեսուրսները մեզ հնարավորություն են տալիս մրցակցելու մյուս թեկնածուների հետ, և մեր հաղթաթղթերից մեկն էլ հենց այն է, որ նրանց համար անհասկանալի ու անկանխատեսելի ենք, քանի որ մեր ընտրարշավը կառուցում ենք նրանց համար անհասկանալի գործիքներով:

Այս դեպքում, երբ ընտրողը հնարավորություն է ունենում ընտրություն կատարելու որակապես միմյանցից խիստ տարբեր թեկնածուների միջև, արդեն կիրառելի է դառնում նաև այն հայտնի խոսքը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը:

Իսկ արդյոք ժողովուրդն ի՞նքն է ընտրում իր իշխանություններին. գոնե մեր երկրում:

– Ես հավատում եմ, որ ժողովրդի մեծամասշտաբ  աջակցության և սկզբունքային քաղաքացիական դիրքորոշման պարագայում որևէ այլ ուժ չի կարող անտեսել նրա կողմից դրսևորված հաստատուն կամքը: Հուսանք, որ այս պարագայում հենց այսպես էլ կլինի: Համենայն դեպս, մեր քայլերն ուղղված են այդ մշակույթի ձևավորմանը:

Երկար ժամանակ քաղաքական բանավեճ էր ընթանում կուսակցությունների միջև` կապված մեծամասնական և համամասնական ընտրակարգերի հետ: Հետաքրքիր է նաև Ձեր կարծիքը հարցի շուրջ` որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի:

– Աշխարհի քաղաքակիրթ երկրներում նախընտրելի է համամասնական ընտրակարգը, բայց եթե դա քաղաքակիրթ միջավայրի համատեքստից հանում ես և սկսում կիրառել հետխորհրդային` դեռևս զարգացման փուլում գտնվող երկրներում, ծագում են բազմաթիվ խնդիրներ: Կարծում եմ` ապացուցելու կարիք չկա, որ Հայաստանում կուսակցությունները դեռևս լիովին կայացած չեն: Այս պարագայում, երբ կուսակցությունները լիովին չեն կարողանում արտահայտել երկրի բնակչության բոլոր շերտերի շահերը, արդարացված չեմ համարում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի կիրառումը, ընդհակառակը` կարծում եմ` հենց կուսակցությունների զարգացման և կայացման տեսանկյունից ճիշտ կլինի 100-տոկոսանոց մեծամասնական ընտրակարգի կիրառումը: Մեզանում, երբ կուսակցությունը հնարավորություն ունի իր ցուցակներում ընդգրկելու մարդկանց և մոտավորապես պատկերացնում է իր անցողիկ տեղերի քանակը, գործընթացը շուկայական բնույթ է ստանում: Այս դեպքում որոշակի միջոցների տիրապետող և պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները գալիս են կուսակցություն և այդ ցուցակում անցողիկ տեղ զբաղեցնելու համար որոշակի պարտավորություններ ստանձնում, հաճախ նաև` ֆինանսական: Ավելի ուղիղ կարող ենք ասել, որ պատգամավորի մանդատ գնելու հնարավորություն կա: Այս դեպքում կուսակցությունը, օգտագործելով իր լիդերի «բրենդը», իր ցուցակում կարող է ընդգրկել մարդկանց, որոնց չենք էլ ճանաչում,  և ընտրողը,  քվեարկելով տվյալ լիդերի օգտին,  հաճախ չգիտի, թե ով է նրա հետ գալու խորհրդարան: Սա բերում է քաղաքական կոռուպցիոն երևույթներ:

Մինչդեռ, երբ կիրառենք 100-տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ, կուսակցությունները ստիպված կլինեն համալրել իրենց շարքերն այնպիսի մարդկանցով, որոնք հեղինակություն են վայելում, նրանց խոսքը կշիռ ունի, իսկ վաստակը` արժեք: ԱԺ-ում իր հավակնություններին համապատասխան տեղեր զբաղեցնելու համար կուսակցությանը հարկավոր կլինեն համապատասխան քանակի այնպիսի անհատականություններ, որոնց դեմքով նա կարող է ներկայանալ հանրությանը` քվե հայցելու նպատակով: Այս դեպքում կուսակցություններից շատերը ստիպված կլինեն հաղթահարել իրենց «կաստայական» բովանդակությունը և ներքին ժողովրդավարացման գործընթացներ սկսել, քանի որ շատ դժվար կլինի իրենց ուղեծրում պահել կայացած անհատականությունների, բայց նրանց փոխարեն կուսակցական որոշումները կայացնել միանձնյա կամ կուսակցական էլիտար նեղ շրջանակներում:

Ինչ վերաբերում է այն կուսակցություններին, որոնք համոզմունք ունեն, թե 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգ պետք է կիրառվի Հայաստանում, կարծում եմ, որ նրանք իրենց սկզբունքին հավատարիմ մնալու նպատակով պետք է հրաժարվեին մեծամասնական ընտրակարգով առաջիկա ընտրությունների համար թեկնածուներ առաջադրելուց, որքան էլ որ գայթակղիչ է թվում դրանից ակնկալվող արդյունքը: Հակառակ դեպքում պարզ է դառնում, որ սա նրանց համար ոչ թե սկզբունքի հարց է, այլ ժամանակից շուտ սկսած նախընտրական շոու: Այս քաղաքական ուժերին ես նմանեցնում եմ այն բուսակերին, որը համառորեն պնդում է, թե չի կարելի օգտագործել կենդանական ծագում ունեցող սնունդ, բայց չի կարողանում հրաժարվել սեղանին դրված ապուխտից, քանի որ այն շատ ախորժալի տեսք ունի:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

 

 

 

Դիտվել է 1835 անգամ:
Print Friendly

Leave a Reply