«Երեք ույու չորս»-ն էլ ասացին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 13, 2012 12:33

Ապրիլի 8-ին մեկնարկեց 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցող 8 քաղաքական կուսակցություններն ու մեկ դաշինքը յուրովի սկսեցին իրենց նախընտրական քարոզչությունը:

ՀՀԿ-ն, օրինակ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, իր քարոզարշավի մեկնարկը սկսել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, իսկ պաշտոնապես իշխող քաղաքական ուժի քարոզարշավը սկսեց ապրիլի 9-ին Ծաղկաձորում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի` ուսանողների հետ հանդիպումով: Դրանից հետո` ապրիլի 10-ին, Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Էրեբունի վարչական շրջանում, որն ուղեկցվում էր նաև համերգով: Այստեղ ուշագրավն այն է, որ Էրեբունու տարածքից բազմաթիվ մանկապարտեզահասակ երեխաների ծնողներ ահազանգեցին, որ մանկապարտեզների տնօրենները երեխաների հետ ծնողներ են կանչել, որոնք պետք է գնային քարոզարշավին ու «ձեռքի հետ էլ» համերգի: Նույն գործելակերպը դպրոցների ու վարչական շրջանի ենթակայությամբ գործող այլ հաստատությունների աշխատակիցների դեպքում է եղել: Ստացվում է, որ նույնիսկ ՀՀԿ-ում «չեն հավատում, որ կփոխվեն» ու շարունակում են հին ավանդույթները:

ՀՅԴ-ն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 9-ին` «Էրեբունի պլազա» հյուրանոցում ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը: Իսկ ապրիլի 10-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպեց քայլերթ, հանրահավաք և համերգ:

Հատկանշական է, որ ՀՅԴ-ն իր քարոզարշավը սկսեց ոչ միայն «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կարգախոսով, այլև, ինչպես հայտարարեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «ամբողջական և լիակատար իշխանափոխության» կոչով ու երկրում նախագահական համակարգը խորհրդարանականի` վարչապետականի փոխելու համոզմունքով:

ՕԵԿ-ն իր պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամկետից` ապրիլի 8-ից մեկ օր շուտ` ապրիլի 7-ին: ՕԵԿ-ն օգտվեց կանանց միամսյակի ավարտի համընկնումից և ապրիլի 7-ին Ազատության հրապարակում հրավիրեց իր հանրահավաքը: Այս հանրահավաքը ուշագրավ էր նրանով, որ մինչ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հրապարակած այն թվի ֆոնին, թե Հայաստանում մոտ 170 հազար ՕԵԿ-ական կա, հրապարակում շատ քիչ մարդ էր հավաքված, ինչքան էլ հանրահավաքի կազմակերպիչներն օգտագործում էին «տասնյակ հազարներ» արտահայտությունը: «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր» կարգախոսն էլ  հետաքրքիր էր, որովհետև հարց է ծագում, իսկ այդքան տարի լինելով իշխանության մեջ` ՕԵԿ-ում չէի՞ն հավատում, որ կարելի էր նաև օրենքի երկիր կառուցել:

Ապրիլի 9-ին Աբովյան քաղաքում, որտեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրված  է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեկնարկեց ԲՀԿ նախընտրական պաշտոնական քարոզարշավը: Այստեղ առանձնահատուկ կամ ուշագրավ ոչ մի դեպք «չգրանցվեց», քանի որ Աբովյանն ավանդաբար համարվում է Գագիկ Ծառուկյանի «իշխանական տիրույթը»: Հրապարակում հավաքվել էին աբովյանցիներ ու հարակից շրջանների բնակիչներ: Այստեղ նույնիսկ առանձնահատուկ չէր Գագիկ Ծառուկյանի ելույթն ու տեքստի բովանդակությունը. ամեն ինչ նույնն էր, ինչպես միշտ: «Մարդկանց հավատն ու վստահությունն ամենաթանկ ձեռքբերումն է, որը սրբության նման պահպանվելու է: Մեր ժողովուրդը պետք է մոռանա արտագաղթի ճանապարհը: Մարդիկ պետք է ունենան աշխատանք, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչը պետք է կարողանա իր աշխատանքով պահել իր ընտանիքն ու ստեղծել նոր աշխատատեղեր: Խնդիրները շատ են, ամենակարևորը` դրանք լուծումներ ունեն. մարդկանց պետք է հնարավորություն տալ, պայմաններ ստեղծել»,- ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գագիկ Ծառուկյանը: Իսկ ԲՀԿ-ն ընտրողներին դիմում է «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր» կարգախոսով: Սա է, թերևս, ԲՀԿ-ի առումով հետաքրքրականը, որովհետև զուտ մարդկային հետաքրքրություն է առաջանում, թե ով պետք է ինչ-որ բան կարողանա պահանջել Գագիկ Ծառուկյանից:

ՀԱԿ-ն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց «ծիրանենիների ծաղկելուն» զուգահեռ, քանի որ ապրիլի 10-ին կայացած մամլո ասուլիսում ՀԱԿ-ի ներկայացուցիչ և ՀՀՇ քաղխորհրդի նախագահ Արամ Մանուկյանն այս երկու «կարևոր» իրադարձություններն էր հիշատակում: Իսկ քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 10-ին, երբ ՀԱԿ-ի ղեկավար կազմը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային հանրահավաք-հանդիպումներ անցկացրեց Արագածոտնի մարզում: ՀԱԿ-ն իր քարոզարշավը կանցկացնի «ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով, բայց դե այդ «հանցավոր ռեժիմը» որոշակի ձայներ ու ամենայն հավանականությամբ` ավելի շատ, քան ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, կունենա` անկախ դրանց «ձեռքբերման ճանապարհից»:

«Ժառանգություն» դաշինքում, ուր ամեն ինչ ինքնատիպ է. նախ` քարոզարշավի մեկնարկին դաշինքի «Ազատ դեմոկրատներ» հատվածից հեռացավ Արարատ Զուրաբյանն իր համախոհների հետ, հետո «Ժառանգությունը» հռչակեց միանգամից մի քանի կարգախոս, որոնցից կարևորներն են` «Գալիս ենք» և «Միասին սարեր ենք շարժելու» կարգախոսները: Միանգամից մտածում ենք` արդյոք չարժե՞ հայերեն հոմանիշների բառարանում երկրաշարժ ու «Ժառանգություն» բառերի միջև հավասարության նշան դնել: Իսկ դաշինքն իր քարոզարշավը սկսեց ապրիլի 9-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:  Իր ելույթում «Ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Դեպի նոր Հայաստան տանող ճանապարհը կերտելու ենք միասին, և յուրաքանչյուր քաղաքացի մաս է կազմելու այդ մեծ պայքարին»: Քարոզարշավի մեկնարկի միջոցառման ընթացքում հնչեցին նաև երաժշտական համարներ: Մարիամ Հարությունյանը, Վահան Արծրունին, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը կատարեցին մի քանի երգեր: Այնուհետև ներկայացվեց «Ժառանգության» քարոզարշավի հիմներգը, որը Ռուբեն Հախվերդյանի «Սարերի քամի» երգն է՝ հեղինակի և Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) համատեղ կատարմամբ:

Մյուս երեք «աննշան» կուսակցություններից երկուսից` Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից ու «Միավորված հայեր» կուսակցությունից դեռևս նորություններ չկան: Իսկ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ապրիլի 9-ին քարոզարշավը սկսեց մամուլի ասուլիսով: Նրա ասուլիսում առանձնահատուկ էր Ռուբեն Թովմասյանի ներկայացրած սկզբունքը, որը, իբր, գործում է ընտրություններից հետո` «ընտրիր և փնտրիր» քո ընտրյալ պատգամավորին: Իսկ կոմունիստներն իրենց մրցակից են համարում ՀԱԿ-ին, որոնք, ըստ Ռուբեն Թովմասյանի, «էս երկիրը գցեցին շողուլից»:

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply