Մրցակիցները Սարկոզիին բռնել են ստի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2012 10:43

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին  ընտրողների առջև գլուխ է գովացել, թե այցելել է Ֆուկուսիմայի ավերված ԱԷԿ: Պարզվել է, որ դա ճիշտ չէ:

Ատոմային էներգիայի պաշտպանության օգտին կազմակերպված ցույցի ժամանակ  Սարկոզին հայտարարել է, որ անձամբ այցելել է երկրաշարժի ու ցունամիի հետևանքով տուժած ատոմակայան:

«Ես անձամբ եմ եղել Ֆուկուսիմայում, ի տարբերություն Ֆրանսուա Հոլանդի, ու կարող եմ ասել, որ աղետի պատճառը  ցունամիի 42-մետրանոց ալիքն է եղել: Ես, անկեղծ ասած, Էլզասում ցունամիի առաջացման անմիջական վտանգ չեմ տեսնում»,- ասել է նա  Նորմանդիայում:

Նրա խոսքերը հերքել են ճապոնացի լրագրողները, որոնք  հայտնել են, որ Սարկոզին Ճապոնիա կատարած այցելության ժամանակ Տոկիոյի սահմաններից չի հեռացել, չնայած արևմուտքի առաջնորդներից առաջինն էր, որ ողբերգությունից հետո ճապոնիա մեկնեց:

Սարկոզիի վրիպումն իսկույն մրցակիցները որսացին:

«Ֆրանսիայի պատմության մեջ  առաջին անգամ է, որ թեկնածուն պատմում է մի ուղևորության մասին, որը երբեք չի կատարել»,- ասել է Հոլանդը, որն, ըստ հասարակական կարծիքի հարցման արդյունքների, Սարկոզիից առաջ է անցել:

2 տարի առաջ Սարկոզին հայտարարել էր, որ Արևմտյան Բեռլինում է եղել 1989-ին,  պատի անկման ժամանակ ու նույնիսկ այդ օրվա մասին գրել է   Facebook-ում: Քաղաքական գործիչը հրապարակել էր իր լուսանկարն այդ պատի մոտ, սակայն պարզվել է, որ այն 1989-ի նոյեմբերի 9-ին չի կատարվել:  Պաշտոնական փաստաթղթերն ասում են, որ  Նեյնի 34-ամյա քաղաքապետն այդ օրը եղել է ծառայության մեջ:

«Նիկոլա Սարկոզին եղել է ամենուր. Բեռլինյան պատի փլուզմանը, Ֆուկուսիմայում: Հիմա Տիտանիկի կործանման տարելիցն է: Եղել է նա, արդյոք նավի վրա»,-կատակում է Twitter-ի օգտատերերից մեկը:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply