Ցեղասպանությունը կապիտալ է, որ պիտի ստիպի Թուրքիային բացել սահմանը

ԷՍՍԵ | | October 9, 2009 14:17

«Ես դեմ եմ Թուքրիայի սահմանի բացմանը»:

«Եթե դու դեմ ես Թուրքիայի սահմանի բացմանը ուրեմն ուզում ես, որ Ղարաբաղը Ադրբեջանի մեջ լինի»:

Բարեկամս զարմացավ, ինչի՞, ինչպե՞ս կարելի է նման բան մտածել, չէ՞ որ ազգայնական դաշնակցությունը Ղարաբաղի անկախության համար է պայքարում, ավելին, միացման համար ու հենց նա է դեմ օգոստոսի 31-ի հայ-թուրքական  նախաստորագրված արձանագրություններին:

Ասեցի`բացատրեմ: Հայաստանն ու Ադրբեջանը սառը պատերազմի մեջ են, կհաղթի նա ում տնտեսությունը ավելի առաջ կգնա, ում բյուջեի ծախսերը ավելի շատ կլինեն, ում բանակը ավելի հագեցած կլինի ու մարտունակ, ով ժամանակակից արդյունավետ համակարգ կստեղծի: Նաև այս հակամարտության մեջ Ադրբեջանը բազմաթիվ դաշնակիցներ ունի, թուրքալեզու աշխարհը ու նավթային շահեր հետապնդող գերտերությունները: Իսկ նրա ամենահզոր թիկունքը Թուրքիան է, որ արդեն ոչ թե դաշնակից է  այլ ախպեր, մեծ ախպեր: Թուրքիայի սահմանի բացումը երկու հարց է լուծում` Հայաստանի տնտեսությունը արագ զարգացման հնարավորություն է ունենում և Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացումը մեղմացնում է նրա դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:

Մի ուրիշ ընկերուհի զարմացավ, որ ասեցի ուզում եմ սահմանը բացվի: Հարցրեց` դո՞ւ ինչի ես ուզում: Էլ Ղարաբաղի մասին երկար չպատմեցի, ասի` ուզում եմ պոեզ նստեմ ու Վանի ափիին գնամ լողանամ, ուզում եմ, որ մինչև Մասիսի փեշերը հասնեմ պատի դեմ չառնեմ, Մարգարայի կամուրջի վրա վիզա ստանամ մտնեմ այն երկիրը, ուր պապերս են բնակվել:

Իսկ մեկ այլ բարեկամ, որ քաղաքկանությամբ գրեթե չի հետաքրքրվում ինձ հարցրեց` էս Սերժը մեր գենացիդը ծախո՞ւմ ա, դու կիմանաս, ինչ ա՞ կատաարվում:

Պատասխանեցի` «Իմ կարծիքը կգրեմ, Անկախում կկարդաս»:

Առաջինը երաժիշտ երկրորդը` կոմպյուտերշչիկ, որ իրենց մասնագիտությամբ տարված քաղաքականությունից հեռու հազարավոր հայերի պես դեմ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, Թուրքիան, էդ գազանը, որ կոտորել է մեր պաապերին, հիմա առանց զղջման պիտի մեր հետ դիվանգիտական հարաբերությո՞ւն հաստատի: Ես հասկանում եմ նրանց, բայց միևնույն ժամանակ ուրախ եմ, որ նրանց ներկայացնող քաղաքկան ուժերը չեն լուծում երկրի ճակատագիրը:

Քաղաքականությունից մի քիչ ավելի շատ իմացողները և դաշնակցական ու այս խնդրում դաշնակցության մոտեցմանը հարող շրջանակները, ինչպես «Ժառանգությունն» ու Վարդան Օսկանյանը, անընդունելի են համարում արձանագրություններում գրված կետը, որ Հայաստանն ու Թուրքիան միմյանց սահմանը ճանաչում են, որ դա նշանակում է հողերից հրաժարվել: Րաֆֆի Հովհաննսիյանը ԱԺ-ում հայտարարեց որ դա նշանակում է հայրենազրկում:  Օրինակ են բերում Ճապոնիան ու Ռուսաստանը, որ իրար սահման չեն ճանաչել, բայց դիվանագիտական հարաբերություներ են հաստատել: Այո Ճապոնիան ու Ռուսաստանը` մեծ յոթնյակի երկիրի ու միջուկային գերտերության հակամարտությունը համեմատել G20-ի անդամ 70 միլիոնանոց Թուրքիայի ու իրեք միլիոնանոց աղքատ Հայաստանի հակամարտության հետ: Անահամեմտելի՞ է: Ուրեմն սահմանի ճանաչումը այն կոմպրոմիսներից մեկն է. որի արդյուքնում կարող է բացվել սահմանը: Չճանաչելու դեպքում ի՞նչ ես ստանում, Վանն ու Արդահա՞նը: Բնականաբար ոչինչ, միայն փակ սահման:

Կան ավելի լուրջ հիմնավորումներ ընդդեմ նախաստորագրված արձանագրություների:

Հիմնական լուրջ հիմնավորումն այն է, որ թեև արձանագրություններում նախապայմաններ չկան, բայց Թուրքիայի վարչապետ էրդողանը ամեն անգամ հայտարարելով, թե սահմանը չի բացվի քանի չի լուծվել Ղարաբաղի հարցը և հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից, նախապայման է դնում: իսկ գերտերությունները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը շահագրգռված լինելով որ սահմանը բացվի, անսալով Թուրքիայի պայմանին կճնշեն Հայաստանին, որ զիջումներ անի Ղարաբաղի հարցում: Այս տեսակետը պնդում են հիմնականում Վարդան Օսկանյանը ու  7or.am-ը: Թեև այդ հայտարարությունները ուղղված են Ադրբեջանի զայրույթը մեղմելու համար, այսուհանդերձ մտահոգությունը հիմնավոր են:

Իսկ ի՞նչ անել, ո՞նց անել որ սահմանը բացվի, մի քիչ ռացիոնալ մտածող յուրաքանչյուր հայ հասկանում է, որ դա մեզ շատ պետք է: Պատասխանում են. Քանի դեռ Հայաստանը թույլ է, տնտեսապես հետամնաց, գործոն չի տարածաշրջանում,  Թուրքիան սահմանը չբացելով անընդհատ կստիպի զիջումներ անել` մասնավորապես Ղարաբաղի հարցում: Սահմանի բացման խնդիրը փոխշահավետ պայմաններով կհասունանա այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա դեմոկրատական երկիր, պետական իշխանությունը տարանջատվի բիզնեսից, տնտեսությունում մենաշնորհը վերանա, բացվի տնտեսությունը ու ազատ տնտեսական մրցակցության շնորհիվ երկիրը զարգանա, հզորանա, բյուջեն մեծ լինի, դառնա տարածաշրջանային գործոն: Այդ ժամանակ Թուրքիայի հետ կարող է խաղասեղանի մոտ նստել որպես փոխադարձ շահեր ունեցող պորտնյոր:

Տեսականորեն անառարկելի կոնցեպցիա: Իսկ իրականո՞ւմ:

Դեմոկրատական Հայաստանի հեքիաթը մոտ ապագայում անիրատեսական է և չի երևում թագավորի այն կրտսեր որդին, որ կկտրի վիշապի գլուխը, կազատի Հայաստանի տնտեսական զարգացման ակունքը պահած մենաշնորհային օլիգարխիկ համակարգից:

Այսօր Հայաստանի իշխանության գալու հավակնորդ միայն երկու ընդդիմադիր ուժեր կան` Կոնգրեսը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ և նոր ձևավորվող ուժը ի դեմս Դաշնակցության, Վարդան Օսկանյանի, որոնց հետևում նրանց գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը:

Առաջինը` Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այս համակարգի հիմնադիրն է, որը թույլ չտվեց Հայաստանի տնտեսությունը արագ զարգանա: ՀՀՇ-ն էր, որ մոնոպոլիզացրեց իշխանությունը ու եկամտի աղբյուրները բաժանեց իշխանություն ունեցողների մեջ: Միայն մի մոռացված օրինակ, որ առիթ է հիշեցնեու համար.

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ու նրա կամոք 94 թե 95 թվականին ստեղծվեց Արմենթելը, որի բաժնետոմսերի 49 տոկոսը առանց որևէ ներդրման պայմանի վաճառվեց օվշորային գոտում՝ Ջերսի կղզում գրանցված TVT ընկերությանը։ TVT-ի տերը կառավարությունը գաղտնի է պահում, այսուհանդերձ շատ հիմնավոր լուրեր կային որ այն պատկանում է կապի ու տրանսպորտի նախարար Տեր-Պետրոսյանի մտերիմ ընկեր Պողպատյանին։ Արմնթելին տրվեց կապի ոլորտում մոնոպոլիա և 97 թվին կառավարության պայմանգրով, 98-ի փետրվարին Արմենթելի բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց հունական OTE ընկերությանը։ Միայն 10 տոկոսը մնաց կառավարությանը։ TVT-ին իր բաժնետոմսերի վաճառքից ստացավ մոտ 85 միլիոն դոլար, որը դրվել է Տեր-Պետրոսյանի մերձավոր  շրջապատի գրպանը:

Արմենթելի կապի վրա ունեցած մոնոպոլիայի պատճառով Հայաստանի ինտերնետը դարձավ աշխարհում ամենաթանկերից մեկը, եթե ոչ ամենաթանկը ու ամենաանորակը:

Տեր-պետրոսյանական ռեժիմի փող աշխատելու հիմնական ձևերն էին առևտուրը` ներկրումը և սովետական գործարանների հաստոցներն ու սարքավորումները որպես լոմ արտահանելը: Մի արտահայտությամբ այդ համակարգը բնորոշվում է` լոմ ծախողների տնտեսություն: Ուրեմն, այս ուժը իշխանության գալով ոչ միայն չի զարգացնի տնտեսությունը, դա պատմությունն է ցույց տվել, այլև տնտեսության վերաբաշխում կանի նախկին լոմ ծախողների մեջ, որի արդյունքում քիչ թե շատ գործող արտադրությունները կքանդվեն:

Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինած Ռոբերտ Քոչարյանն էլ շարունակեց իր և իր շրջապատի շահերին ծառայեցնել իրեն ժառանգած մոնոպոիզացված համակարգը, որտեղ քաղաքական իշխանության տանիքի տակ է միայն հնարավոր բիզնեսով զբաղվել: Այս իշխանությունը տնտեսության որոշ վերաբաշխում կատարեց(օրինակ, Աբովյանի գարեջրի գործարանը Սուքիասյանից առավ տվեց Ծառուկյանին, բենզինի ներկրումը դարձրեց քվոտաներով, որոնք անձամբ բաժանում էր Քոչարյանը և այլն), խոշոր ու որոշ չափով միջին բիզնեսը պահեց իշխանությունից կախված, ավելի ազատ դաշտ բացեց մանր բիզնեսի համար: Բայց ի տարբերություն իր նախորդի լոմ ծախելու դեստրուկտիվ տնտեսվարմանը, սկսեց փոխարինել ավելի ստեղծագործական ու նախաձեռնողական տնտսությունը` սկսեց զարգանալ արտադրությունը:  Նրա աջակից Դաշնակցությունն էլ իշխանության մաս կազմելով խրվեց կոռուպցիայի մեջ այն աստիճան, որ սկսեց յուրացնել որբերի ծրագրի համար նախատեսված գումարները(տես): Որբերի գումարներըի յուրացումների համար պատասխանատու նախկին Սոցիալական հարցերի և աշխատանքի նախկին նախարար Աղվան Վարդանյանին և մյուս նախարարներին դաշնակցությունը ոչ միայն չպատժեց, այլև Բյուրոյի կազմի մեջ ընտրեց:

Ուրեմն երկու ուժերն էլ կոռումպացված են, բաց տնտեսկան համակարգի կողմնակից չեն, և Հայաստանի տնտսության թռիչք ապահովելու համար անընդունակ են:

Հիմա էլ նույն համակարգը ժառանգել է Սերժ Սարգսյանը, որն հարկային ճնշումներով խեղճացնում է մանր ու միջին բիզնեսը և հարկային տեսուչներ կարգելով խոշոր ձեռնարկություններում փորձում խեղճացնել օլիգարխներին: Այս տնտեսական քաղաքականության ընդդիմախոսներն պնդում են, թե դրա նպատակը հարկային մուրճով տնտեսության վերաբաշխումն է(տնտեսագետ, 7or.am կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյան), Իսկ կողմնակիցները ասում են, թե դրա նպատակը ստվերը հարկային դաշտ բերելն է(Նոյյան Տապանի տնտեսական մեկնաբան Հարություն Խաչատրյան): Թե որ կողմն է ճիշտ, այժմ դժվար է պատասխանել, մեկ-երկու տարի հետո կերևա: Այսուհանդերձ, եթե ենթադրենք, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է ազատվել օլիգարխների իշխանությունից, ապա դա նրան մոտ ապագայում չի հաջողվելու: Օլիգարխներն այնպիսի մեծ պետական իշխանություն ունեն, որ նրանց հետ որևէ նախագահ չի կարող հաշվի չնստել:

Ուրեմն, այսօր պատրանք է սպասել, որ Հայաստանը կդառնա Սինգապուր, նրա տնտեսական ու քաղաքական համակարգը կբարենորոգվի իշխանության փոփոխությամբ` ներքևից  կամ ռեֆորմներով` վերևից:

Ուրեմն, հարկավոր է սահմանը բացել հնարավորինս շուտ: Ադրբեջանի բյուջեն հինգ անգամ գերազանցում է Հայաստնաի բյուջեն, սպասվում է որ միայն էներգակիրների վաճառքից մոտ ապագայում կսկսի տարեկան ստանալ մոտ 5 միլիարդ դոլար եկամուտ: Եվ եթե այնպիսի մի պահ գա, երբ Ադրբեջանը անհամեմատ հզոր լինի Հայաստանից, արդեն Թուրքիայի հետ սահմանի բացման առավելությունները ավելի դժվար կլինի հակազդել:

Տնտեսության փոխարեն մեր կապիտալը դառնում է ցեղասպանության հարցը:

Վերջին տասնամյակում բազմաթիվ երկրներ ցեղասպանությունը օգտագործեցին իրենց շահերի համար. Եվրոպական երկրները Ֆրանսիայի գլխավորությամբ ճանաչեցին Ցեղասպանությունը ևս մեկ պատնեշ ստեղծելով Թուրքիայի ճանապարհին դեպի Եվրամիություն, ԱՄՆ-ն շահարկեց Ցեղասպանությունը մեղմացնելու համար Թուրքիայի քաղաքականությունը ընդդեմ իրաքյան քրդստանի, Իսրայելն էլ ակնհայտ  ցեղասպանության ճանաչմամբ սպառնում է Թուրքիային ամեն անգամ, երբ նրանց հարաբերությունները սրվում են: Հայերի պապերի ոսկորները բազմաթիվ պետություններ օգտագործում են իրենց շահերի համար, որի արդյունքում Ցեղասպանության միջազկգային ճանաչումը դարձավ Թուրքիայի համար գլխավոր գլխացվանքներից մեկը: Ինչպես Աբրահամ Գասպարյանն է գրում «Հայաստանի իշխանությունները Նոբելյան մրցանակի մուրճի և լեգիտիմության պակասուրդի սալի արանքում» հոդվածում.

«Ինչքան էլ Անկարա-Բաքու հարաբերությունները լինեն եղբայրական, փաստ է, որ Թուրքիան կզոհաբերի Ադրբեջանին, եթե երաշխիքներ ստանա, որ Հայաստանի իշխանություններն ու նրանց «թելադրանքով» նաև Սփյուռքը, սառեցնեն ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Այս հարցում Թուրքիայի հայեցակարգային քաղաքականության մեջ փոփոխությունը նկատվեց 2000 թ. աշնանը, երբ Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հայկական հարցը դարձավ Թուրքիայի համար 3-րդ կարևորության խնդիր` Քրդական հարցից ու Եվրամիությանն անդամակցելու գործընթացից հետո»:

Ցեղասպանության ճանաչման արշավը, որ Քոչարյանը դարձրել էր արտաքին քաղաքակնության խնդիր, այսօր վերածվել է մի կապիտալի, որ կարող է օգտագործել Հայաստանը Թուրքիայի հետ բանակցություններում(ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը ավելի արդյունավետ կաշխատեր, եթե սկսվեր 1993թվից, երբ Թուրքիան փակեց Հայաստանի սահմանը): Առաջին անգամ մեր պապերի ոսկորները ոչ թե օտարի, այլ մեր շահերին պետք է ծառայեն:

Պատմական հարցերի ենթահանձնաժողովը հենց այդ կապիտալի օգտագործումն է,որն Լևոն Տեր-Պետրոսյանը հռչակում է ուրացում: Այո, իշխանությունները չեն ասում, բայց ես ասեմ, սա մի կոմպրոմիս է Թուրքիայի նկամտամբ, որի նպատակն է սառեցնել ցեղասպանության ճանաչման գործընթացը և փոխարենը ստանալ բաց սահման: Ինչպես Աբրահամ Գասպարյանն է նկատում, ֆուտբոլային դիվանագիտությունից սկսած ոչ մի երկիր էլ չի ճանաչել ցեղասպանությունը: Ենթատեքստն այն է, որ ցեղասպանության թեման, երբ քննարկում են ցեղասպանություն կատարածը և ցեղասպանության ենթարկվողը, երրորդ կողմի ճանաչելը, քիթը խոթելը այդ հարցի մեջ անարժեք է դառնում: Այսինքն, եթե հայերն ու թուրքերը պատմական ենթահանձնաժողով են ստեղծում, Իսրայելի ձեռքին ցեղասպանության ճանաչման սպառնալիքը որպես զենքը ավելի թույլ է աշխատում:

Այսուհանդերձ, այդ հանձնաժողովը հնարավորություն է տալիս ոչ միայն թուրքերին օգուտներ քաղել, այլև հայերին: Ինչպես նշում է Վահան Դիլանյանը «Հայ-թուրքական երկխոսության նոր փուլը» հոդվածում. «Այս 2 արձանագրությունների իրականացման դեպքում Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հնարավորությունն ավելի մոտ կլինի: Թուրքական բնակչության մի մեծ մասը չի ընդունում Հայոց Ցեղասպանությունը, քանի որ չի հավատում, որ իրենց նախնիներն այդպիսի ոճրագործություն են արել:

Վստահության ընդհանուր մթնոլորտում և միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում Թուրքիան թերևս կսկսի հանրությանը իրազեկել Հայոց Ցեղասպանության մասին, այդպիսով նախապատրաստել ցեղասպանության ճանաչմանը»:

Այսինքն սա մի դաշտ է, որտեղ հայ փորձագետները արտասահմանցի փորձագետների հետ միասին հնարավորություն կունենան Թուրքիայի արխիվները ուսումնասիրել, ինչպես «Ազգի» խմբագիր Ավետիքյանն է նկատել, այդ արխիվներից հայերի սեփականությունը վկայող փաստաթղթեր հանել, փոխահատուցման հարց բարձրացնել և ի վերջո  Թուրքիայի համար այնպիսի խնդիրներ առաջացնել, որ նա ցեղասպանության ճանաչման հարցի առաջ կանգնի: Չե՞ն կարող, համապատասխան մասնագետներ չկա՞ն: Եթե այդպես է ապա դա կլինի մի պրոբլեմ, որ կստիպի ավելի լուրջ մտածել կրթական համակարգի բարենորոգման մասին:

Դաշնակցականների ու մյուսների մտավախությունը այդ հանձնաժողովից արդյո՞ք բարդույթավոր թույլի հոգեվիճակ չի, որոնց թվում է, թե պատմաբանները հավաքվելով հայերի հերթական պարտությունն են գրանցելու ապացուցելով, թե ցեղասպանություն չի եղել: Լուսնի վերաբերյալ գիտնականների որևէ հանձնաժողով չի կարող կասկածի տակ դնել լուսնի գոյությունը, ինչպես և պատմության որևէ հանձնաժողով չի կարող պատմությունից ջնջել 1915 թիվը:

Իսկ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի համար բացի Թուրքիայի հետ առևտուր անելուց մոտ ապագայում որևէ խնդիր չի կարող լուծել: Սահմանների բացման ընդդիմադիրները հայտարարում են, թե ցեղասպանության խնդիրը բարոյական չէ քաղաքականության մեջ օգտագործել, սակայն կողմ են «ամենաանբարոյականին», երբ օտարներն են այն օգտագործում:

Եթե պատկերացնենք հայ և թուրք դիվանգետներին առևտրականի պես սեղանի շուրջ առևտուր անելիս, ապա այս պահին շահավետ տարբերակ է` ես սառեցնում եմ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, դու բացում ես սահմանը: Պատմական հարցերի ենթահանձնաժողովը այդ սառեցումն է:

Թուրքիան նկատելով, որ պատմաբանների հանձնաժողովը հեշտությամբ մարսում է ու ցեղասպանության ճանաչման խնդիրը սառեցվում, գիտակցելով, թե ինչքան անհրաժեշտ է Հայաստանի համար սահմանի բացումը գրոհում է բարձրացնելով այս անգամ էլ Ղարաբաղի հարցը: Հայաստանը մինչ այժմ որևէ կերպ չի կարողանում չեզոքացնել այդ բանավոր խոսքը, որ շատերի համար նախապայմանի արժեք ունի:

Վահան Դիլանյանը «Թուրքական կողմի հայտարարություններն ու Հայաստանի արտաքին քաղաքականության թույլ կողմը» հոդվածում գրում է. «Թուրքիայի այդ քաղաքականությունը հավասարակշռելու ու չեզոքացնելու, միջազգային հանրության ասպարեզում նոր որակի դիրք զբաղեցնելու, նաեւ երկրի ներսում ու Սփյուռքում տիրող անորոշությունը ցրելու համար, Հայաստանը Թուրքիայի հանդեպ պետք է ադեկվատ (նույնական) քաղաքական կուրս վարի:

Ինչո՞ւ ներպետական մի մարմին (օրինակ` վարչապետը) չհայտարարի` «Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Թուրքիայի հետ միայն այն դեպքում,երբ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը», կամ «Հայաստանը կշարունակի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», …«երբ Ադրբեջանը կհրաժարվի ԼՂՀ տարածքների նկատմամբ հավակնություններից» եւ այս հայտարարություններն անելու հետ մեկտեղ շարունակի Թուրքիայի հետ բնականոն երկխոսությունը»:

Հայաստանի քաղաքական վերնախավը դեռևս անընդունակ է նման դերաբաշխումներ անելու և յուրաքանչյուրի խոսքը միջազգային ասպարեզում PR անելու համար: Թույլ է արտահայտված Սփյուռքի հետ այնպիսի համագործակցված քաղաքականությունը, որի շնորհիվ Էրդողանի առաջին հայտարարությունից հետո հնարավոր լիներ լոբբինգի միջոցով ամերիկյան կոնգրեսում կրկին օրակարգ մտցնել ցեղասպանության ճանաչման հարցը: Դա կլիներ ամենաարդյունավետ պատասխանը Թուրքիայի բանավոր «նախապայմանին»:

Սերժ Սարգսյանի Սփյուռք կատարած շրջագայության արդյունքում առաջացած բողոքի ցույցերը դարձան այն հակազդդեցությունը, որ անհրաժեշտ էր տալ Էրդողանի հայտարարություններին: Արդյո՞ք Սարգսյանը մտածված պրովոկացիա արեց կրկին բարձրացնելու համար ցեղասպանության հարցը, չգիտեմ, բայց այն ինչ եղավ արդյունք տվեց: Սարգսյանը ակամա իր վրա վերցնելով «ուրացողի», «դավաճանի» պիտակները ընդունեց սփյուռքում հարվածներ, որոնց բարձրացրած աղմուկը  և նաև դրա հետևանքով Օբամայի հեռախոսազանգը, որով նա իր աջակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանին և հաստատեց, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմաաններին, դարձան Էրդողանի հայտարարությունների պատասխանը:

Սարգսյանի այն հայտարարությունը թե կարիք ունի սփյուռքի զորակցությանը, ստացավ և ցույցերի տեսքով և Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով: Այդ զորակցությունը և այն պատկերը, որ Սփյուռքն ու  Հայաստանը տարանջատված չեն, և փոխկապակցված քայլերով  մշտապես կարող են խոչընդոտ դարձնել ցեղասպանության հարցը Թուրքիայի համար դեպի Եվրոպա ճանապարհին, Թուրքիային նյարդայնացրեց: Այդ ցույցերի լավագույն դրսևորումները եղան  Գյուլի խոսքը.

«Հայկական Սփյուռքը լինելով հեռվում` չպետք է խոչընդոտի տարածաշրջանի խնդիրների կարգավորմանը» և Էրդողանինը, թե Հայաստանը չպետք է թույլ տա իրեն դառնալ Սփյուռքի պատանդը:

Այս արտահայտությունների պատսխանը արդեն կա` Ադրբեջանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի կայունությանը և Թուրքիան պետք է թույլ չտա իրեն դառնալ Ադրբեջանի պատանդը:

Ղարաբաղի բանավոր նախապայմանին հավասարակշռեց Սփյուռքի արձանագրություններին ընդդիմանալն ու Սերժ Սարգսյանի շրջագայությամբ ի ցույց դնելը, որ Հայաստանը հաշվի է նստում Սփյուռքի հետ հայ-թուրքական հարաբերությունների կաարգավորման խնդրում:

Այսպիսով դաշնակցության բարձրացրած ալիքը ընդդեմ նախաստորագրված պայմանգրերի ավելի նպաստեց սահմանի բացմանը:

Դիտվել է 4532 անգամ:
Print Friendly

Leave a Reply