Աղետի գոտու բոլոր կարիքավորները կապահովվեն բնակարաններով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 9, 2009 15:16
karavarutyun

Վարդան Վարդանյան, Տիգրան Դավթյան

«Աղետի գոտու վերականգնողական շինարարությունն իրականացվում է կոնկրետ ժամանակացույցով, և ոչ մի ֆինասնական խնդիր չկա»,- այսօր հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ըստ Դավթյանի` այս տարի աղետի գոտում իրականացվել է 26մլրդ դրամի շինարարություն, իսկ 2010թ. բյուջեով նախատեսված է ևս 24 մլրդ դրամ: «Այս բոլոր միջոցները հատկացված են բյուջեից, որն այս տարի համալրված է արտաքին աղբյուրներով՝ մասնավորապես ռուսական վարկով»,-ասաց ֆինանսների նախարարը:

Դավթյանը շեշտեց, որ «Աղետի գոտում իրականացվող վերականգնողական ծրագիրը» կառավարության` 2009թ. համար հաստատված հակաճգնաժամային միջոցառումների առաջնային ուղղություններից է, որը պետք է խթանի ՀՆԱ-ի աճը:

«Ես հավաստիացնում եմ, որ 7000 շահառուներից և ոչ մեկը դուրս չի մնա հերթից, և բոլորը կապահովեն բնակարաններով»,­-ասաց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ ավելացնելով, որ այդ թիվը շատ ընդհանուր է և անընդհատ ճշգրտվում է: «Նախորդ 4­-5 ամիսների ընթացքում Լոռու մարզի 8 գյուղերում մոտ 50 ընտանիք, որոնք համայնքապետերի կողմից ներկայացված էին որպես շահառու, մեր հանձնաժողովի կողմից շահառու չճանաչվեց»,-նշեց Վարդանյանը:

Վարդանյանի  խոսքով՝ բնակարանաշինությամբ զբաղվող հանձնաժողովը, որը ղեկավարում է հենց ինքը նախարարը,  խստորեն հետևում է, որ նախորդ պետական կամ իրականացված այլ ծրագրերով բնակարան ստացած քաղաքացին նորից չընդգրկվի այս ծրագրում:

Բնակարաններ կառուցելիս հանձնաժողովը հաշվի է առել բնակիչների ցանկությունը, թե ինչ կառուցվածքով իրականացնել շինարարությունը: «Շահառուները բոլորն էլ ցանկությություն են հայտնել ունենալ քարե բնակարններ»,­- ասաց քաղաքաշինության նախարարը՝ հավելելով, որ դրանք կառուցվում են 9 բալ սեյսմակայունությամբ:

Մինչև տարեվերջ Գյումրի քաղաքում բնակարանամուտ կտոնեն 320 շահառուներ, իսկ Լոռու մարզում ավարտին կհասցվի մոտ 300 անհատական բնակարան:

2008թ. դեկտեմբերին հաստատված ժամանակացույցով՝ 2009-2013թթ. ընթացքում նախատեսված է իրականացնել մոտ 76մլրդ դրամի շինարարություն Գյումրի և Սպիտակ քաղաքներում, ինչպես նաև Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում: Բնակարանով կապահովվի 7000 շահառու: Կկառուցվի 500 000 քմ բնակելի մակերես, որի 1 քմ-ի ինքնարժեքը կկազմի 169 000 դրամ: Բոլոր բնակարանները, ըստ նախարարի, անհատույց սեփականության իրավունքով տրվելու են շահառուներին:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply