«Ես մարդ եմ» կինոփառատոն. ֆիլմերը կմիավորեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 9, 2009 15:56

Մարդու իրավունքներն ու խաղաղությունն այսուհետ կարող են պաշտպանված լինել Հարավային կովկասում. այս նպատակով է՝ արդեն երրորդ անգամ Երևանում տեղի ունենում «Ես մարդ եմ» կինոփառատոնը, որի կազմակերպիչներն են ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնը, «Բաց հասարկություն. Վրաստան» հիմնադրամը և Հենրիխ Բյոլլի անվան հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակը:

«Կինոփառատոնը  նպատակ ունի տարածաշրջանում ապրող մարդկանց, անկախ իրենց ներքին և արտաքին կոնֆլիկտներից, միավորել ներկայացվող վավերագրական ֆիլմերի շուրջ, որպեսզի նրանք հասկանան, որ ամեն ինչից զատ մարդ են և ունեն ընդհանուր խնդիրներ»,-ասում է փառատոնի Երևանի ծրագրի համակազմակերպիչ Հրանտ Ավանեսյանը:

Երևանում փառատոնն անց է կացվելու 3 օր` հոկտեմբերի 9-11-ը, ներկայացվելու են 6 ֆիլմեր («Ընձուղտը՝ անձրևի տակ», «Աշխատող մայրիկը», «Մոռացված խենթերը», «Հարևաններ», «9 աստղանի հյուրանոցը», «Աղոթք խաղաղության համար»), որից մեկն անիմացիոն է: Ֆիլմերը ցուցադրվելու են ԵՊՀ 8-րդ մասնաշենքի կոնֆերանս դահլիճում:

«Ինձ համար՝ որպես մարդ, այս կինոփառատոնի կարևոր մասը ներկայացված ֆիլմերի քննարկումն է: Անցած տարվա փորձը ցույց տվեց, որ մեզ մոտ քննարկման կուլտուրան դեռևս լավ չէ ձևավորված, սակայն ամեն ինչ անում ենք, որ թե Բաքվի, թե Երևանի մարդը քննարկի ֆիլմերի գաղափարները և օգտակար դասեր քաղի»,-ասում է փառատոնի երևանյան ծրագրի համակարգող Լուիզա Պողոսյանը:

Վերջին երկու տարիներին փառատոնի թիմը եղել է տարածաշրջանի 51 բնակավայրերում: Փառատոնի հարավկովկասյան ծրագրի համակարգող Հելենա Զայցովան ասում է, որ ներկայացված ֆիլմերը շատ են եղել, սակայն այս տարածաշրջանում ցուցադրվելու համար ընտրվել են 26-ը: «Վերջնական արդյունքում ընտրվեցին 6 ֆիլմեր, որոնք ամենից շատն են բնորոշ այս տարածաշրջանի համար»,-ասում է Զայցովան:

Վանաձորում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում, Կապանում, Ստեփանակերտում և Հադրութում ևս կցուցադրվեն ֆիլմերը: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է «Ես մարդ եմ» խորագրով պաստառների և էսսեների մրցույթ անցկացնել ուսանողների համար:

Դիտվել է 2065 անգամ:
Print Friendly

Leave a Reply