Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2012 18:12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Քաղաքապետի այցելության պահին վարչական շրջանում բարեկարգման լայնածավալ աշխատանքներ էին ընթանում:

Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող բարեկարգման համալիր աշխատանքների նախագծերն ու ընթացքը: Զեկուցվել է, որ այս երեք բակային տարածքներում էլ եղել են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ: Սակայն բնակիչները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել Երևանի քաղաքապետի կոչին` սեփական նախաձեռնությամբ ազատելով զբաղեցրած տարածքները. <<Ավանը միշտ աչքի է ընկել իր կանաչ տարածքներով և բարեկարգ բակերով և ողջունելի է, որ դրանք շարունակում են ընդլայնվել հենց բնակիչների նախաձեռնությամբ: Ընդհանրապես, մենք բոլոր վարչական շրջաններում ենք բարեկարգման նման ծրագրեր նախատեսել և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այս հարցում մեր մոտեցումն այն է, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ և հարմարավետ մեր բնակիչների համար>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Ի դեպ, բոլոր բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ բակերի բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է և վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը:

Քաղաքապետի այցելության պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև կանաչ տարածքների ձևավորման աշխատանքներ էին ընթանում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ստեղծմանը, ծառերի և թփերի պահպանմանն ու խնամքին:

Մայրաքաղաքի կանաչապատման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջը հստակ է. ծառատունկ իրականացնել բացառապես ոռոգելի տարածքներում: Քաղաքապետի հանձնարարությամբ ոռոգման նոր համակարգեր են անցկացվում նաև բակային տարածքներում. <<Կանաչ տարածքների ստեղծման հարցում մեր պահանջը հստակ է. նախ իրականացնել ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ, ապա նոր նախաձեռնել այգու և կանաչ տարածքների հիմնման ու վերականգնման աշխատանքները: Միայն գործող ոռոգման համակարգի առկայության դեպքում է հնարավոր իրականացնել մեր կանաչ Երևան ունենալու ծրագիրը:>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև ասֆալտապատման աշխատանքների, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 52 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխվել են լուսամուտները: Մանկապարտեզի կոլեկտիվն ու ծնողները իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել  Տարոն Մարգարյանին` ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, ի մասնավորի ընդգծելով քաղաքապետի կարգադրությամբ երեխաների սննդի որակի նկատմամբ իրականացվող մշտական հսկողությունը:

Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում անդրադառնալով իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կատարման որակի ու սահմանված ժամանակացույցով աշխատանքներն ավարտելու վերահսկման հարցում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply