Հայաստանը Գաբալայից հարմար է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2012 17:55


Վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկը ռուսական կողմին`Հայաստանում կառուցել նոր ռադիոլոկացիոն կայան, խելամիտ է: Այս տեսակետն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Որպես խելամտության հիմնավորում, բանախոսը նշեց, որ մեր տարածաշրջանն ավելի բարձրադիր է, իսկ բարձր տեղանքի պայմաններում նրա տեսադաշտն ավելի մեծ կլինի, ավելի ընդգրկուն կլինի, եւ այդ տեսանկյունից այն նաեւ կնպաստի ՀԱՊԿ համընդհանուր հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությանը, ինչի ուղղությամբ ՌԴ-ն որոշակի քայլեր է ձեռնարկում: Բացի այդ` ըստ ռազմական փորձագետի, զուտ տեխնիկական տեսանկյունից` Ադրբեջանում եղած ռադիոտեղորոշման կայանը գրեթե ոչինչ չի տալիս: Անցյալ դարի տեխնիկական միջոց է, որի արդյունավետություն այս պահին շատ ցածր է:
«Այսինքն` ակամայից, եթե անգամ այդ 300 միլիոն դոլարի պայմանագիրն առաջ չքաշվեր էլ, տեխնիկական առումով տվյալ կայանի տեխնիկական փոփոխման հարցը պիտի առաջանար: Եվ այս տեսանկյունից է, որ մեր առաջարկը` դրա փոխարեն ինչ-որ բան կառուցել մեր տարածքում, շատ ավելի տեղին եւ օգտակար էր: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հիմա կառուցվում են նոր սերնդի նման կայաններ` «Վորոնեժ» տեսակի, որոնք շատ ավելի կոմպակտ են, շատ ավելի հեշտ են հավաքվում եւ ցանկության դեպքում կարելի է դեմոնտաժ անել ու տեղափոխել այլ վայր»,- պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում տեղակայված է ռուսական «Դարյալ» տեսակի ռադիոտեղորոշման կայանը` Գաբալա տեղամաասում, որը նախատեսված է հակահրթիռային պաշտպանության, հրթիռային արձակումների նախնական զգուշացման համար: Սակայն Ադրբեջանը կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար հերթական պայմանագիրը կնքելու բանակցություններ է սկսել եւ առաջ է քաշել նախկին 7 միլին դոլարի փոխարեն 300 միլիոն դոլար վարձավճարի պահանջ:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply