ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 12, 2012 16:08

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` ապրիլի 12-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին:

Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկկողմ  աշխույժ կապերին, կարևորել դրանց հետագա ակտիվացումն ու փոխգործակցության ոլորտների ընդլայնումը:

Նիկոյանի խոսքով, հայ-լատվիական հարաբերությունների մեջ առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին,  և կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նշվել է, որ այն առավել կայուն հիմքերի վրա դնելու և  արդյունավետ կազմակերպելու առումով անհրաժեշտ է  համագործակցության ընդլայնումը հնարավոր բոլոր ձևաչափերով:

Կողմերը, բացի խորհրդարանների նախագահների կամ փոխնախագահների փոխայցելություններից, նպատակահարմար են համարել նաև պատգամավորական բարեկամության խմբերի,  մշտական  հանձնաժողովների, տարբեր խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների մակարդակով փոխայցելությունների ու հանդիպումների կազմակերպումը:

Խորհրդարանի նախագահը, տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ-ում մշտապես գործել է Հայաստան-Լատվիա բարեկամության խումբը, վստահություն է հայտնել, որ առաջիկա  ընտրություններից հետո նույնպես այն արագ կձևավորվի:

Հաշվի առնելով Հայաստան-Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցչական լինելու հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև համագործակցությունը կզարգանա նաև միջազգային  կառույցների, մասնավորապես` Եվրոպայի Խորհրդի խորհրդանանական վեհաժողովի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության շրջանակներում:

Իր հերթին դեսպան Գինտս Ապալսը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում  ձևավորվել է Լատվիա-Հայաստան բազմամարդ պատգամավորական բարեկամության խումբ, որն իր անդամների թվով` 30 պատգամավոր, ամենամեծն է եղածների մեջ: Սա, նրա խոսքով,  լավ վկայություն է միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի ու հետաքրքրության, հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամության: Ըստ դեսպանի, Լատվիան շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ բոլոր` ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ  քաղաքական, տնտեսության, գիտության, մշակույթի, այլ  ասպարեզներում:  Գինտս Ապալսն իր երկրի խորհրդարանի ղեկավարի անունից ՀՀ ԱԺ նախագահին  հրավիրել է այցելել Լատվիա` հույս հայտնելով, որ այցն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրեն երկար սպասել չի տա:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply