Արտասահմանյան լրատվամիջոցները Արձանագրությունների ստորագրումը մեծ քայլ են համարում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 9, 2009 12:37
www.rosbalt.ru կայքը, անդրադառնալով վաղը՝ հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հայ-թուրքական արձանագրության ստորագրմանը, հիշեցնում է, որ նախօրեին Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը ևս հավանություն է տվել այս Արձանագրություններին:
Միաժամանակ կայքը նշում է, որ «Հայաստանում կա մի մեծ ընդդիմադիր բանակ, որը դեմ է այս տեսքով Արձանագրությունների ստորագրմանը, և որ օրերս 11 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ ընդդեմ Արձանագրությունների»:
Կայքը հաղորդում է, որ Արձանագրությունները բոյկոտող ուժեր կան նաև Թուրքիայում ու Ադրբեջանում, որտեղ կարծում են, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն միայն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո:
«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին այս Արձանագրությունների ստորագրումը մեծ քայլ կլինի երկու հարևան երկրների վաղեմի թշնամության դադարեցման գործընթացում,-գրում է կայքը,-Հայաստանը և ողջ աշխարհի հայերը պահանջում են, որ Թուրքիան 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի մասսայական բնաջնջումը ճանաչի որպես ցեղասպանություն, իսկ Թուրքիան կտրականապես մերժում է՝ մեկնաբանելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արևելյան Անատոլիայի(Արևմտյան Հայաստան) հայերն աջակցել են Ռուսաստանին՝ընդդեմ Թուրքիայի»:






Facebook
Tweet This
Email This Post
