Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատաժողովը Ստամբուլում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 12, 2012 14:53«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի / ՀԹԿՊ / հերթական աշխատաժողովը կայանալու է Ստամբուլում ապրիլի 12-14-ը Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: “ՀԹԿՊ 2012” ծրագիրը իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի և Անադոլու Քյուլթուր կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև կինոյի ոլորտում: Այդ ծրագրի շրջանակներում մի քանի համատեղ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացվել են լայն հասարակությանը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր: Հարկ է նշել, որ ևս 4 ֆիլմ ընթացքի մեջ են, ինչը ՀԹԿՊ-ի մեծ հաջողության վկայությունն է:
Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ընդգրկված կլինի Ստամբուլի կինոփառատոնի Meetings on the Bridge ֆորումում:
Աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են փետրվարի կեսից: Հայտերի ընդունման հայտարարությունը տարածվել էր ցանցով: Մինչև ապրիլի սկիզբը ավելի քան 35 կարճամետրաժ, վավերագրական և լիամետրաժ խաղարկային ժանրերի հայտ է ընդունվել: Այդուհետ հայ և թուրք կինոմասնագետներից բաղկացած նախընտրական հանձնաժողովը ընտրեց 10 կինոնախագիծ – յուրաքանչյուր երկրից 5-ը:
Ընտրված նախագծերը հետևյալն են`
- Երկխոսություն, ռեժ. Արսեն Առաքելյան,
- Իմ և քո Կիրակին, ռեժ.Գագիկ Ղազարէ,
- Գրանցման նավահանգիստ, ռեժ.Հելեն Քուրքճյան,
- Երևակայական կարոտ, ռեժ.Նիկա Շեկ,
- Բացիկներ «Անմեղության թանգարանից», ռեժ.Վարդան Դանիելյան,
- Փոքր սև ձկներ, ռեժ.Ազրա Դենիզ Օկիայ,
- Գյավուրի թոռները… Իմ ազգությամբ հայ պապիկը, ռեժ.Դեվրիմ Ակկայա,
- Փնտրում եմ Մանուկին, ռեժ.Դիլեկ Այդին,
- 23 ու կես, ռեժ. Էզգի Կիլինջասլան,
- Մանուկի ուղևորությունը, ռեժ. Օզլեմ Սարիյիլդիզ:
Հայ մասնակիցները հրավիրվել են Ստամբուլ ներկայացնելու իրենց նախագծերը պրոդյուսերներին և ժյուրիին: Հաղթող նախագծի հեղինակը կստանա 10.000 ԱՄՆ դոլար Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից:
Ի դեպ այս տարի ժյուրիի անդամներից են նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և թուրք հայտնի ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուն: