Ո՞ւմ կհրամայեք դիմել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2012 10:42

Զվարթնոցի տաճարի թանգարանի շենքի առջեւ տեղադրված է ուրարտական Ռուսա 2-րդ թագավորի սեպագիր արձանագրությունը, որը պատմում է Հրազդան (Իլդարունիա) գետից ջրանցքի անցկացման (Դալմայի այգիների տարածքով) եւ այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին:

Ի դեպ, արձանագրության տեքստում, ըստ ուրարտագետների, Ռուսա 2-րդը նշել է, որ հիմնել է խաղողուտ, ցորենի դաշտեր, անտառներ, կառուցել քաղաք, իսկ Իլդարունիա (Հրազդան) գետից ջրանցք անցկացրել, իսկ դրանք ոչնչացնողներին` անիծել:

Մինչեւ մեր օրերն է հասել այդ ջրանցքի մի հատվածը, որը գտնվում է Դալմայի այգիներում, եւ արդեն 9 տարի է` Դալմայի հողօգտագործողները պայքարում են իրենց այգիների, նաեւ այդ պատմական հուշարձանի փրկության համար, մինչդեռ ՀՀ մշակույթի նախարարությանը մեր պատմությունն ու հուշարձանները չեն հուզում:

Ավելին, Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, Դալմայի այգիներում առկա մշակութայն հուշարձանների վտանգման հետ կապված դիմելով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, դեռ 2010թ. մայիսի 31-ին ստացել էր պատասխան, թե Դալմայի այգիներն իր ղեկավարած նախարարության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված չեն, քանի որ դեռեւս 2000-ին, բնապահպանության նախարարության առաջարկի համաձայն, Դալմայի այգիներին տրվել է բնության հուշարձանի կարգավիճակ: Այսինքն` ինձ հետ գործ չունեք, դիմեք բնապահպանության նախարարին:

Ուսումնասիրելով ՀՀ կառավարության կողմից 2008-ին հաստատված` Հայաստանի բնության հուշարձանների ցանկը` պարզեցինք, որ «Դալմայի այգիներ» բնության հուշարձանը բացակայում է նաեւ այդտեղ:

Դիմեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանին. նա էլ հայտնեց, որ իրենք այդ հուշարձանի վերաբերյալ ոչ մի իրավական ձեւակերպում չունեն. «Մեր իրավասությունները վերաբերում են միայն «Էրեբունի», «Կարմիր Բլուր» եւ «Շենգավիթ» հնավայրերի տարածքներին:

Մենք իրավասու ենք այդ երեք հնավայրերի պահպանության հարցում: Իսկ այդ տարածքներից դուրս` ՀՀ շատ տարածքներում շատ ուրարատական հուշարձաններ կան, որոնք գտնվում են մշակույթի նախարարության համապատասխան ծառայության պահպանության ներքո»: Ի դեպ, երեկ հուշարձանին է մոտեցել Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհի վրա աշխատող տեխնիկան: Վստահ ենք` չի շրջանցելու չորսհազարամյա հուշարձանը…

yerkir.am

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply