Հայերենի նորաստեղծ բառերն իրավական ուժ չունեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 12, 2009 12:59

lavrenti-mirzoyanՀայերենում գործածվող նորաբանություններն ու նորակազմությունները, որոնք 2006-ից հետո են ստեղծվել, իրավական ուժ չունեն. նորաստեղծ բառերը պետք է հաստատվեն Լեզվի պետական տեսչությանը կից Տերմինաբանական խորհրդի, ապա ԿԳ նախարարի կողմից, որից հետո էլ պետք է տպագրվեն արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկագրում` իրավական ուժ ունենալու և շրջանառության մեջ դրվելու համար:

ԿԳ նախարարության կանոնադրությունում, սակայն, ամրագրված չէ, որ նախարարը պետք է հաստատի Տերմինաբանական խորհրդի (որը խորհրդատվական մարմին է) որոշումները: Կարգավիճակային այս խնդիրը 2006-ից մինչ օրս լուծում չի ստացել, նորաստեղծ բառերն էլ պաշտոնապես չեն հաստատվել: «Ակնկալում ենք` նորանշանակ նախարարը ԿԳՆ կանոնադրությունում համապատասխան փոփոխություններ կձեռնարկի, և խնդիրը կլուծվի»,- ասում է Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը:

Տերմինաբանական խորհուրդն արդեն մի քանի տարի է` որոշել է «անասնաբույժ» բառի փոխարեն կիրառության մեջ դնել «կենդանաբույժ» տերմինը, սակայն մինչ օրս չի կարողանում տերմինը պաշտոնապես հաստատել:

pic«Քանի դեռ տերմինաբանական խորհուրդն ունի ոչ լիարժեք գործառույթ, ամեն ոք կարող է բառ հնարել կամ օտարածին բառեր ներմուծել: Այդպիսով, լեզուն է աղավաղվում,-ասում է Միրզոյանը,-Ուստի անհրաժեշտ է` Տերմինաբանական խորհուրդն ավելի բարձր կարգավիճակ ունենա»:

ԿԳ նախարարության իրավաբանական վարչությունից «Անկախ»-ին ասացին, որ Լեզվի տեսչությունը կանոնադրության մեջ փոփոխություններ անելու մասին նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանին դիմում է ներկայացրել, ինչը քննարկման փուլում է:

Արդյունավետ գործունեությանը խոչընդոտում է նաև խորհրդի 25 անդամների (պետ` Լավրենտի հովհաննիսյան, անդամներ` Արտեմ Սարգսյան, Լևոն Եզեկյան, Լավրենտի Միրզոյան և այլոք) հասարակական հիմունքներով աշխատելու հանգամանքը, այսինքն` առանց վճարի:

Դիտվել է 2925 անգամ:
Print Friendly

Leave a Reply