Գյումրեցիները խոստանում են Գեորգի Վանյանին «Վանյանօղլի» հռչակել ու ջարդել նրա գլուխը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2012 10:19

Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ամենավերջին բառերը հնչեցին Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հասցեին, ով համաձայնել է կինոցուցադրման համար տրամադրել իր ակումբը:

Չնայած հրապարակի միտինգավորները մեծամասամբ դպրոցահասակ երեխաներ էին, սակայն սա ամենևին չխանգարեց  քաղաքապետարանի պաշտոնյաներին իրենց ելույթներում  մերկացնել «ազգի դավաճաններին», ու իրենց ձևակերպմամբ մի լավ թքել նրանց երեսին:

Միտինգը բացելու պատիվը ընձեռվեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ  Արտաշես Կարապետյանին, ով ասաց. «Անհայտ ազգությամբ, անհասկանալի մի անձ, որը ցավոք երբեմն հայ ժողովրդի դարավոր կենսագրության մեջ սողոսկել է, փորձում է  Հայաստանի ամենաավանդապաշտ, ամենաբարեպաշտ, ամենահավատավոր քաղաքում կազմակերպել  ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Գյումրիում գտնվել է մի կազմակերպություն, դա ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է և նրա ղեկավարը, դժվար է  անգամ նրա անուն-ազգանունը արտաբերել հայկական ազգանունով` Լևոն Բարսեղյան, որը ընդունում է տվյալ Վանյանին: Միանշանակ ո՛չ եք ասելու այդ փառատոնը, կորչի փառատոնը, կորչի «Ասպարեզ» ակումբը, կորչեն Վանյանները, բոլորս համամի՞տ ենք»: Կանգնածները ձայնակցում էին ` ո՜չ փառատոնին:

Ելույթը ունեցողների բառապաշարը գնալով ճոխացավ` քննադատությունը վերածելով  անձնական վիրավորանքների: Հաջրոդը ելույթը ունեցավ ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը, ով կազմակերպիչներին ու տարածք տրամադրողին թուրք, դավաճան որակեց: «Մենք սահմանի վրա ենք թուրքերին ման գալիս, բայց թուրքերը  մեր մեջ ազատ ֆռռֆռում են, դրանց սպանել է հարկավոր, վառել որպես ազգի դավաճան»:

80 տարեկան մանկավարժ Շուռա Ղազարյանն էլ առաջարկեց ճառ ասելու փոխարեն զանգ կախել, 7 հոգուց կազմված շտաբ ստեղծել և  վաղվանից պարեկություն անել «Ասպարեզ» ակումբի մոտ. «Ես խորհուրդ կտամ ստուգել Լևոն Բարսեղյանի արյունը, տեսնել ինչ արյուն է հոսում, ամո՜թ քեզ Լևոն Բարսեղյան: Ես գիտեմ, որ մյուս մշակույթի օջախներում այդպիսի կեղտը, աղբը երբեք չեն ցուցադրի, իսկ եթե Լևոնը ուզում է ցուցադրել, թող ինքը ցուցադրի իր ընտանիքի համար, գարունն էլ բացվել է , ինքը թոթոլ տղա է, թող մի հատ գնա Ադրբեջան: Ոչ ասեք էդ ստորներին, ստորաքարշներին, որոնք որ ադրբեջանցուց բեթար են: Երևանը մերժում է, Կիրովականը մերժում է , բերում են էս ավանդական քաղա՞ք»: Ելույթ ունեցավ նաև Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանը, ով ասաց. «Սիրելի գյումրեցիներ, ես չեմ հավատում, որ նմանատիպ մարդիկ սերված են հայոց ազգից, ես երեկ իմ հարցազրույցի մեջ բերեցի մի օրինակ. երբ որ Էջմիածնում պատարագ էր մատուցվում, Պարսից թագավորը մտնում է Էջմիածին և ասում է` եթե որևիցէ մեկդ գայթակղվեք ու դառնաք, ես Պարսկաստանի մոգպետ կնշանակեմ: Վարդապետը գայթակղված ասում է `ես կդառնամ ձեր հավատքին, Հայոց կաթողիկոսը և հոգևորականներն ասում են` տուր  3 օր ժամանակ, մենք ասենք գայթակղության պատճառը էս վարդապետի:Եվ երբ որ պայմանավորվում են, կաթողիկոսն ասում է`  աղոթեք առ Աստված իմանանաք գայթակղության պատճառն այս վարդապետի:Երրորդ օրը 70 հոգևորական տեսնում են նույն տեսիլքը, որ գերեզմանը բացվեց, վարդապետի մայրը ելավ գերեզմանից ու ասաց, որ փախեփախի ժամանակ մի պարսիկ զինվոր ինձ բռնաբարեց, նրա հայրը պարսիկ է , թուրք է: Ով նման բան է կազմակերպում, հայի զավակ չէ, վռնդում եմ մեր քաղաքից նմանատիպ դավաճաններին»:

Զոհվածների հարազատներն էլ  անեծքներ հնչեցրեցին` գետինը մտցրեցին ու հանեցին կազմակերպիչին, թքեցին նրա երեսին: Վաղն առավոտյան միտինգավորները պիկետ կանցկացնեն Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիմաց, նրանք  խոստացան չթողնել Վանյանի ոտքը Գյումրի, ոչ միայն թքել  նրա ճակատին, այլև  գլուխը ջարդել :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply