Չեմ սիրում «քծիպ» տղամարդկանց. «Միսս Հայաստան» դառնալուց հետո Աննա Առաքելյանն շտապել է կազինո

ԱՆԿԱԽ ԿԻՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | April 12, 2012 0:54

Երեւանում ապրիլի 10-ին «Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող է ճանաչվել 20-ամյա Աննա Առաքելյանը: Որպես մրցանակ` հայ գեղեցկուհին իրավունք է ստանում «Միսս աշխարհ-2012» մրցույթում ներկայացնել Հայաստանը: Աննա Առաքելյանի հասակը 173 սմ, սիրում է կարդալ, նախասիրություններն են բոուլինգ, թենիս խաղալը եւ պարելը:

Ներկայացնում ենք NEWS.am-ի բացառիկ հարցազրույցը «Միսս Հայաստան» ճանաչված Աննա Առաքելյանի հետ:

Կպատմե՞ք ձեր մասին, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ ճանապարհ եք անցել եւ այլն:

Ծնվել եմ Երեւանում, բայց ընտանիքով հաճախ էինք այցելում Ռուսաստան: 5-6 տարի է` ապրում եմ Երեւանում, դրանից առաջ ապրել եմ Մոսկվայում, իսկ դրանից առաջ` Պյատիգորսկում, 6 դպրոց եմ փոխել: Երբ 13 տարեկանս լրացավ, մամայի հետ Մոսկվայում գնացինք Fashion մոդելային գործակալությունում գրանցվեցի, մի քանի ամիս դասերի հաճախեցի, դրանից հետո մեկնեցինք Երեւան եւ 2006թ 14 տարեկանում մասնակցել եմ Elite Model Look մրցույթին եւ ոչ մի տեղ չեմ գրավել: Հույս ունեի, որ գոնե տասնյակ կմտնեի, որովհետեւ արժանի էի: Այստեղից սկսվեց իմ մոդելային կարիերան, շատ առաջարկներ ստացա տարբեր տեղեր նկարահանվելու համար, օրինակ` ամսագրեր, գովազդներ, ցուցադրություններ եւ այլն: Սերիալներում նկարահանվելու առաջարկ էլ եմ ստացել, սակայն չեմ սիրում սերիալներ, առավել եւս` հայկական: Դա այն մակարդակը չէ, որ պետք է լինի, փոխարենը` կցանկանայի ինչ-որ գեղարվեստական կինոյի մեջ նկարահանվել: Տան միակ երեխան եմ, ապրում եմ մայրիկիս եւ տատիկիս հետ, հայրս Մոսկվայում է, այնտեղ է աշխատում: Այժմ սովորում եմ Ռուսական պետական տուրիզմի համալսարանում` տուրիզմի գծով մենեջերի մասնագիտությամբ, երրորդ կուրս եմ:

Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել մրցույթին, ինչպիսի՞ն էր մրցակցությունը:

Մանկությունից իմ երազանքն էր այդպիսի մրցույթում հաղթելը, եւ երբ լսեցի, որ «Միսս Հայաստան» մրցույթն է լինելու, միանգամից ասացի, որ պետք է մասնակցեմ եւ պետք է հաղթեմ: Իմ առաջ նման նպատակ էի դրել, որ ես ամեն ինչ պետք է անեմ, որ հաղթեմ, եւ ես հասա իմ նպատակին: Բավականին ուժեղ մրցակցություն էր, 200 աղջիկներից անցել էր 18 հոգի, չեմ կարող ասել, որ բոլորի մեջ մրցակից էի տեսնում, բայց կային մի քանի հոգի, ում մեջ իրոք մրցակից էի տեսնում:

Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ, որպես հաղթող, հնչեց ձեր անունը:

Շատ ասնպասելի էր ինձ համար, շատ ուրախացա, մի պահ նույնիսկ չհավատացի, կարծեցի, որ երազի մեջ եմ, բայց հենց աղջիկները սկսեցին փաթաթվել, մարդիկ` շնորհավորել, քիչ-քիչ ուշքի էի գալիս: Երջանիկ էի, լացեցի, դրա համար էլ շատ վատ եմ դուրս եկել նկարներում:

Ի՞նչ արեցիք «Միսս Հայաստան» մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո, ինչպե՞ս նշեցիք:

Բոլոր մտերիմներս շատ ուրախացան, ասում էին, որ մեկ տոկոս չէինք կասկածում, որ դու կանցնես, բոլորը հավատում էին իմ հաղթանակին: Կազմակերպիչների, մտերիմների հետ բոլորով մրցույթից հետո գնացինք «Շանգրի Լա» խաղատուն, նշեցինք, խաղացինք, խմեցինք, ուրախացանք, առաջին անգամ էի կազինոյում խաղում, բայց շահեցի 200 դոլար, թեեւ դիլետանտ եմ այդ հարցում, բայց շահեցի, այդպես հաճույք չզգացի կազինոյում խաղալով, բայց լավ ժամանակ անցկացրեցինք:

Ի՞նչ է ձեզ համար «Միսս Հայաստան» տիտղոսը, ի՞նչ փոխվեց ձեր կյանքում դրանից հետո:

Ես համոզվեցի, որ մարդ անպայման պետք է ձգտի, որովհետեւ երբ ցանկանում ես, հասնում ես, պետք չէ երբեք լսել կողքի մարդկանց կարծիքը: Շատերը շատ բան կարող են ասել, կարեւորը դու վստահ լինես քո մեջ, եթե դու վստահ ես քո ուժերին, հավատում ես, քո մոտ ամեն ինչ կստացվի, ես երեկ համոզվեցի դրանում: «Միսս Հայաստան» տիտղոսը չի ազդի իմ վրա եւ չի փոխի իմ ներքին աշխարհը, ես միշտ կլինեմ, այնպես ինչպես եղել եմ, ոչ մեկին երբեք բարձրից չեմ նայել ու չեմ նայի, ես այդպիսի մարդ չեմ: Նույնիսկ եթե դառնամ «Միսս աշխարհ», այդպիսին չեմ դառնա:

Ինչպե՞ս հաջողվեց ձեզ հաղթել,եւ այժմ ինչի՞ եք պատրաստ «Միսս աշխարհում» հաղթանակի համար:

Ինձ օգնեց հաղթել երեւի կազմակերպվածությունը, հավատը, հույսը, քիչ է միայն երազելը, պետք է նաեւ հավատաս, որ կհաղթես: Հաղթանակի համար պատրաստ եմ ավելի շատ ինձ վրա աշխատել, այնպիսի բաներ չունեմ, որ ասեմ` ինձ կզրկեմ սրանից, նրանից, չունեմ ինչ-որ մեկը, ով ինձ երկընտրանքի առաջ կանգնեցնի, որ ես էլ ընտրեմ, զոհաբերելու բան չունեմ:

Բացի «Միսս աշխարհին» մասնակցելու հնարավորությունից, ուրիշ ի՞նչ մրցանակներ եք ստացել: Կա՞ ինչ-որ մի բան, որ կցանկանայիք նվեր ստանալ:

Գլխավոր մրցանակները ես կստանամ հետո, չգիտեմ, թե ինչ են նվիրելու: Կցանկանայի լավ մեքենա նվեր ստանալ:

Ինչպե՞ս եք պատրաստվելու «Միսս աշխարհին»:

Պետք է անպայման լավ պատրաստվեմ, իմ վրա աշխատեմ, քանի որ «Միսս աշխարհը» այլ մակարդակի մրցույթ է, եւ քանի որ Հայաստանն առաջին անգամ է հանդես գալիս այդ մրցույթում, դա շատ պատասխանատու քայլ է: Թեեւ դիետա եմ պահում, բայց ավելի շատ կաշխատեմ իմ վրա, կգնամ մարզասրահ: Անգլերեն գիտեմ, դա էլ է շատ կարեւոր «Միսս աշխարհին» մասնակցելու համար: Դեռ մի շարք հարցեր պետք է քննարկենք տնօրենների եւ կազմակերպիչների հետ: «Միսս աշխարհը» կայանալու է Մոնղոլիայում հավանաբար տարեվերջին:

«Միսս աշխարհի» պաշտոնական կայքում Հայաստանը մասնակից երկրների ցանկում չի նշված, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ երբեւէ Հայաստանը չի մասնակցել այդ մրցույթին, մտավախություն չունե՞ք, որ այս տարի էլ չի հաջողվի մասնակցել: Ի՞նչ պետք է անեք այդ դեպքում:

Ես համոզված եմ, որ այս տարի Հայաստանը կմասնակցի «Միսս աշխարհին», եթե հանկարծ չստացվի, երեւի պետք է գնալ «Միսս Եվրոպա» մրցույթին, քանի որ «Միսս աշխարհին» դա է նախորդում:

Կա՞ ինչ-որ բան ձեր «արտաքինի եւ ներքինի մեջ», որ կցանկանայիք փոխել:

Բնավորության մեջ ինձ դուր չի գալիս այն, որ չափից շատ եմ վստահում մարդկանց, միշտ փորձում եմ նրանց մեջ տեսնել ավելի լավ բաներ, քան իրականում կան, իսկ կյանքում դա ինձ շատ է խանգարում, քանի որ բոլոր մարդկանց չէ, որ պետք է վստահել, նրանց առաջ բացվել: Ես կցանկանայի այդքան չվստահել մարդկանց, ամեն անգամ ասում եմ` հաջորդ անգամ այդպես չեմ անի, բայց միեւնույն է, գալիս է հաջորդ անգամը եւ ես էլի տուժում եմ: Արտաքինի առումով կցանկանայի մի քիչ ավելի բոյով լինեի:

Կպատմե՞ք մի փոքր ձեր անձնականից:

Ընկեր չունեմ, ամուսնացած չեմ էլ կարող լինել, որովհետեւ մրցույթին կարող են մասնակցել միայն չամուսնացած աղջիկները: Դեռ ամուսնանալու պլաններ չունեմ, որովհետեւ ես շատ ավելին եմ սպասում այդ մրցույթից, սա իմ վերջին հաղթանակը չէ, սա դեռ սկիզբն է:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ձեր կողքի տղամարդը: Կարիերա՞, թե՞ սիրելի ընտրության առաջ կանգնելիս ինչպե՞ս կվարվեք:

Իմ կողքի տղամարդը պետք է լինի ինքնավստահ, ինքնաբավ, պետք է հպարտանա, որ իր կողքին գեղեցկուհի է, հայկական մտածելակերպ ընդհանրապես չպետք է ունենա, պետք է լինի ժամանակակից, կրթված,պետք է լինի «աղա», ես չեմ սիրում «քծիպ» տղամարդկանց, տղամարդու մեջ միակ գիծը, որ տանել չեմ կարողանում, «քծիպությունն է»: Իմ համար միեւնույն է, թե նա ինչ ազգից կլինի, կարեւորը լավը լինի, իրար հասկանանք, թեեւ ցանկալի կլիներ հայ: Հայն ավելի հարազատ է, մոտիկ է, թեեւ մեծ հաշվով` ինձ համար միեւնույն է: Երկրպագուներիս մեջ իմ չափանիշներին համապատասխանող մարդ չկա ու չի եղել: Երբեք չեմ թողնի կարիերաս, իմ ընտրյալը պետք է լինի այն մարդը, ով հարգում է իմ որոշումը, իմ կարծիքը, հարգում է ինձ, ինքը չի կարող ինձ արգելել, դա սխալ է, այդպիսի բան չի կարող լինել, միանգամից այդպիսի մարդուց կհրաժարվեմ, չես կարող ընտրել կամ գործը կամ մարդուն, դրանք տարբեր բաներ են:

Զրուցեց` Ինգա Մարտինյանը

 

news.am

Դիտվել է 3383 անգամ:
Print Friendly

Leave a Reply