Հոգեբան Էլդա Գրինը խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվել տղամարդկանց, լուսանկարներ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 12, 2012 0:00

Կա մի մասնագիտություն, որի տեր անձինք հաճախ ավելին են կարողանում պատմել քո մասին, քան դու ինքդ կարող ես ենթադրել: Դու նրանց հետ չես համաձայնում, հաճախ վիճում ես, անիմաստ համարում նրանց գործունեությունը, այնուամենայնիվ, հոգու ամենախոր անկյուններում զարմանում ես, թե ինչքան դիպուկ էր քեզ տրված բնորոշումը: Կանանց անվերջ թուլությունների ու կամակորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ճանաչված դատական հոգեբան եւ գրող Էլդա Գրինի հետ:

-Տիկին Գրին, Ձեր գործունեության ընթացքում դժվար կացությունից դուրս եք բերել հարյուրավոր մարդկանց: Իսկ այս տարիների ընթացքում ո՞վ է եղել Ձեր հոգեբանը:

-Երբ հարցը ինձ է վերաբերվում, իմ հոգեբանը ես եմ: Կյանքիս ընթացքում որեւէ մեկին չեմ դիմել իմ խնդիրներով եւ փորձել եմ դրանք ինքս լուծել: Եվ քանի որ ես տոկուն մարդ եմ, չափազանց հպարտ, բայց ոչ գոռոզ անձնավորություն, իմ հարցերը ինքս եմ լուծում: Իսկ այն պարագայում, երբ ընտանիքիս անդամներին է համապատասխան օգնություն պետք լինում, դիմում եմ գործընկերներիս, քանի որ կողքի աչքը կարող է ավելի ճիշտ բնորոշումներ տալ: Տնեցիներն ինձ ընկալում են ոչ այնքան որպես հոգեբան կամ գրող, այլ ավելի շուտ որպես մայր, տատիկ, հորաքույր:

-Փորձե՞լ եք մտքում «հաշվել», թե քանի մարդու եք կարողացել օգնել կամ գուցե փորձել եք հետ նայել ու արժեւորել անցած ճանապարհը:

-Անթիվ է այդ մարդկանց քանակը: Պարզապես ես միշտ առաջնորդվում եմ ներքին համոզմունքով: Երբ կա վստահություն, որ հարկավոր է մարդուն օգնել, միշտ օգնում եմ, իսկ արդյունքներն էլ լավ են լինում: Եթե հնարավորություն լիներ, ես նորից հետ կբերեի կյանքիս բոլոր շրջանները եւ ոչինչ չէի փոխի:

-Համամի՞տ եք արդյոք կնոջը տրված «թույլ սեռի» ներկայացուցիչ բնորոշմանը:

-Կինը ագրեսիվ էակ չէ, իսկ եթե կա դրա որեւիցե դրսեւորում, արտահայտվում է միայն խոսքի մեջ: Կինը ընտանեկան օջախի պահապանն է, ինքն է մեծացնում երեխաներին, նա իր էությամբ հեզ է, նուրբ: Բոլոր կանայք այդպիսին են: Իսկ ահա տղամարդը պաշտպանն է` անկախ նրանից` ընտանիքում ով է իշխում: Պատահական չէ, որ Մարքսը կնոջ մեջ գնահատում էր հենց թուլությունը:

-Ճի՞շտ է, որ կանայք ավելի դեպրեսիվ են եւ կռվարար:

-Կինը կռվարար է, որովհետեւ անհամբեր է, երբ խոսը գնում է իր ասածն առաջ տանելուն: Կինը սիրում է արտահայտվել` անգամ եթե սենյակում մարդ չկա: Տղամարդ-կին հարաբերոթյունների մեջ հետաքրքիր է, որ տղամարդը սիրում է, երբ խոսում են կոնկրետ, իսկ կինը միշտ հեռվից է սկսում: Առաջին հայացքից թվացող այս մանրուքից վեճ է առաջանում, որից հետո էլ կինը կարող է ընկնել դեպրեսիայի մեջ:

-Ինչքանո՞վ կարելի է ընդհանրացնել հայ ընտնիքների համար տղամարդը տան գլուխն է, իսկ կինը նրա պարանոցը բանաձեւը:

-Հայ ընտանիքն արտաքնապես հենց այդպիսին է: Բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով իրական է բոլորի համար: Այն պարագայում, երբ տղամարդու խոսքն է վճռական, օգտակար ու շահեկան է կնոջ համար: Փաստորեն կա մեկը, ում կարելի է դիմել ու առաջ տանել քո ցանկությունը: Եթե կինը խորամանկ է, հեռուն է նայում, դրանում թատերական կետ կա` նա ցույց է տալիս, որ հնազանդ է, բայց անում է այն, ինչ ճիշտ է գտնում:

-Ինչքանո՞վ է փոխվում կանանց ինքնազգացողությունը տոն օրերին:

-Տղամարդկանց համար պետք է ամեն օր տոն լինի, որ իրենց կողքին ապրում են կանայք: Նրանք տղամարդու համար անում են ամեն անհնարինն ու հնարավորը: Որոշ կանայք վիրավորվում են, որ

տարվա ընթացքում մեկ օր են իրենց ամուսինները նվերներ անում: Այն, որ տոն կա, եւս մեկ անգամ առիթ է ընդգծելու կնոջ առավելությունները, դա հնարավորություն է տալիս տղամարդուն սթափվելու եւ հիշելու, որ պետք է ուշադիր լինել:

-Ի՞նչ կմաղթեք հայ կնոջը:

-Կմաղթեմ, որ նրանք տղամարդկանց այդքան էլ լուրջ չընդունեն: Այսօր տղամարդուն թվում է` ինչքան շատ կին ունենա իր կյանքում, այդքան լավ է, նա ավելի տղամարդ է դառնում: Իսկ այդ պարագայում նրանց լուրջ վերաբերվել չի կարելի: Ցանկանում եմ, որ ամեն մի կին իրեն հավանի եւ հավատա, որ
ինքն է ամենագեղեցիկը. թող լինեն ամուր եւ ինքնավստահ:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

armenpress.am

Դիտվել է 4311 անգամ:
Print Friendly

Leave a Reply