Հայ կնոջ մասին թուրք ռեժիսորի ֆիլմը ներկայացվելու է Կաննի կինոփառատոնում

Օրվա լուր | | April 11, 2012 22:15

Թուրք ռեժիսոր Ուղուր Էգեմեն Իրեսի «Ջուրը գտնում է իր հունը» ֆիլմը, որը պատմում է հայազգի կնոջ մասին, կներկայացվի Կաննի 65-րդ կինոփառատոնի ժամանակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը:

Ֆիլմը ստեղծվել է Հրանտ Դինքի համանուն պատմվածի հիման վրա, որտեղ ներկայացվում է Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայազգի մի կնոջ կյանքը, ով ամեն տարի Ֆրանսիայից գալիս է Թուրքիա և ի վերջո մահանում է Սվազում (հայկական Սեբաստիա): Իրեսը, խոսելով ֆիլմի մասին, նշել է, որ պատմվածքն անմիջապես մեծ ազդեցություն է թողել իր վրա: Պատմությունը շատ անկեղծ համարելով` անմիջապես որոշել է այն վերածել կարճամետրաժ ֆիլմի: Ռեժիսորը հանդիպել է «Ակոս» պարբերականի ներկայացուցիչների, ինչպես նաև Հրանտ Դինքի աղջկա հետ, ովքեր տեղեկանալով նրա` ֆիլմ նկարելու մտադրության մասին, նշել են, որ չեն ցանկանում, որպեսզի պատմության մեջ որևէ փոփոխություններ մտցվեն:

«Մեր ֆիլմը մարդասիրության մասին է: Աշխատել ենք, որպեսզի ֆիլմում բարձրացվի ամեն տարի Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ երթի դուրս եկող անձանց ձայնը»,- ասել է Էգեմեն Իրեսը` նշելով, որ «Ջուրը գտնում է իր հունը» ֆիլմը պատրաստելիս ամենևին էլ նպատակ չեն ունեցել այն ներկայացնելու միջազգային կինոփառատոններին:

«Ջուրը գտնում է իր հունը» ֆիլմը ցուցադրվելու է մայիսի 16-27-ը Կաննի կինոփառատոնի ժամանակ:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply