«Երկրի ամենակարևոր պաշտոնը սահմանին կանգնած հայ զինվորինն է». ՊԲ հրամանատար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | April 11, 2012 18:00
«Տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է պաշտպանության բանակի ուժի շնորհիվ, հիմնական պահպանող ուժը ՊԲ-ն ու սահմանին կանգնած զինվորն է»,-Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով` երբ Արցախյան ազատամարտը սկսվեց, Ղարաբաղում զինվորական կրթություն ունեցող անձնակազմին կարելի էր ձեռքի մատների վրա հաշվել: Ժողովուրդը միավորվեց, և ստեղծվեցին կամավորական ջոկատներ, որոնց հիման վրա էլ ձևավորվեց հաղթական ու կանոնավոր բանակը: Այսօր արդեն ՊԲ սպաների 5 տոկոսը ակադեմիական կրթություն ունի, 42 տոկոսն էլ` զինվորական:
ՊԲ հրամանատարը նշում է, որ բոլոր զորամասերը ապահովված են նաև համապատասխան ուսումնամարզական բազայով: Բարելավվել են նաև զինվորների սոցիալ-կենցաղային պայմանները: Զորամասերի շինարարությունը սկսվել է 1996-ից, մինչ այդ վրաններում են եղել: Ներկայումս արդեն բոլոր զորամասերում զինվորներն ապահովված են անհրաժեշտ կենցաղային պայմաններով:
«Զինվորն ուտում է 18 տեսակի առաջին և 24 տեսակի երկրորդ ճաշատեսակ»,- ասում է Հակոբյանը` հավելելով, որ բանակային կերակուրներից զինվորները դժգոհում են միայն զորակոչվելու սկզբնական շրջանում:
Իրականացվում է նաև սպաներին բնակարանով ապահովվելու գործընթացը: Առաջնահերթ կերպով բնակարանով ապահովվում են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի սպաները: Չնայած դրան, բազմաթիվ սպաներ դեռևս չունեն իրենց բնակարանը և վարձով են ապրում:
Հակոբյանը նշում է, որ առաջին գծում տիրող իրավիճակը նույնն է, ինչ պատերազմական տարիներին: Մի բան էլ ավելին. հակառակորդի ակտիվությունը կրակային առումով շատ ավելին է, քան պատերազմի տարիներին: Ադրբեջանական կողմը տարեցտարի ավելի ու ավելի է խախտում հրադադարի ռեժիմը, օրինակ` 2011-ին 3 անգամ ավելի, քան 2010-ին, իսկ միայն այսօր կեսօրվա դրությամբ, ըստ Հակոբյանի, արդեն իսկ հրադադարի ռեժիմը խախտվել է 51 անգամ:
Անցած տարի հակառակորդի գնդակից զոհվել է 11 հայ զինվոր: Հակոբյանը նշում է, որ որևէ հայ զինվորի մահ անպատիժ չի մնում. հակառակորդին խիստ ու շարունակաբար պատժում են: «Անպատիժ դեպք չենք թողնում, չենք կարող թույլ տալ, որ ադրբեջանցիները գերիշխեն առաջին գծում»:
Հակոբյանն ասում է, որ հակառակորդը մշտապես փորձում է հայկական կողմի զգոնությունը` սպասելով նպաստավոր իրավիճակի ռազմական գործողությունները վերսկսելու համար: «Երկրի ամենասուրբ տեղը սահմանն է, իսկ ամենակարևոր պաշտոնը սահմանին կանգնած հայ զինվորինն է, որ ապահովում է մեր պետականությունը»:
Անդրադառնալով բանակում տեղի ունեցող պատահարներին` Հակոբյանը նշում է, որ դրանք սովորաբար տեղի են ունենում առողջ կոլեկտիվներում, րոպեական ու հանկարծակի են առաջանում, չկա որևէ տեղ, որտեղ զինվորը մշտապես ճնշման տակ լինի. «Մեկը մյուսին խոսքի մեջ անզգույշ վիրավորում է: Հատկապես ծնողին հասցված վիրավորանքն այսօրվա երիտասարդը չի ներում: Ամեն ինչ անում ենք, որ դա վերանա»:
Իսկ սպաների թերի ծառայության պատճառները, ըստ Հակոբյանի, մի քանիսն են. սպաների ծանրաբեռնվածությունը և մշտապես ընտանիքից հեռու լինելը, ինչը անդրադառնում է նրանց հոգեկան վիճակի վրա, կրթական մակարդակը, հասարակական բարքերը բանակ բերելը: Սակայն, ըստ ՊԲ հրամանատարի, թերության դեպքում պատժվում են բոլորը և հավասարապես` անկախ պաշտոնից: Որպես օրինակ Հակոբյանը նշում է, որ վերջին տարիներին ծառայությունը թերի կատարելու պատճառով աշխատանքից հեռացվել են մի քանի պաշտպանական գծերի հրամանատարներ:
Զորամասերում խախտումները բացառելու համար նաև ամեն տեղ փակցված է ՊԲ հրամանատարի համարը, որպեսզի զինծառայողները կարողանան ահազանգել պատահարների մասին: Հրամանատարի խոսքով` օրական կարող է մինչև 200 զանգ ստանալ, սակայն մեծ մասամբ անձնական խնդիրներով են զանգահարում, խնդրում իրենց արձակուրդ տալ, ինչով ՊԲ հրամանատարությունը չի զբաղվում: Այս ընթացքում 5 լուրջ խախտման մասին են ահազանգել հեռախոսով. զինվորներից մեկը վերջերս ահազանգել է, որ հրամանատարը չի տվել իր ծառայողական աշխատավարձը, մեկ այլ դեպքում զինվորը տեղեկացրել է, որ հրամանատարն իրեն ծեծում է:
Այժմ նաև զորամասերում ներդրվել է հոգեբանի հաստիքը, որը աշխատում է զինծառայողների հետ: Առաջնագծի բոլոր զորամասերում կա նաև հոգևորական, ստեղծվել է հոգևոր անկյուն` կանխելու սահմանապահ զինվորների հոգևոր ընկճվածությունը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական ռազմատեխնիկական մրցավազքին` Հակոբյանը նշում է, որ բացասաբար է դրան վերաբերվում, քանի որ այն մի օր կհանգեցնի դրա կիրառության:
Իսկ Մայիսի 9-ին` ԼՂՀ ՊԲ կազմավորման և Շուշիի ազատագրման տարելիցին, տեղի կունենա զորահանդես: «Այն կոչված է ժողովրդին ցույց տալու, թե ինչի ենք մենք հասել այս տարիների ընթացքում»,- ասում է Հակոբյանը` հավելելով, որ ի տարբերություն երևանյան զորահանդեսի, Ստեփանակերտինը ոչ թե գեղեցկություն, այլ պատրաստվածություն է ցույց տալու:
Առաջիկայում գործարկվելու է նաև ԼՂՀ օդանավակայանը. այն արդեն պատրաստ է, ինքնաթիռն էլ` գնված: Հակոբյանն էլ լինելու է Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորներից: Իսկ Ադրբեջանի` ինքնաթիռը խփելու սպառնալիքները լուրջ չի ընդունում` վստահեցնելով, որ խփելու դեպքում էլ ԼՂՀ հակաօդային պաշտպանությունը պատրաստ է շարքից հանել արձակված հրթիռը:






Facebook
Tweet This
Email This Post
