ՊԵԿ-ը շուրջ 7,5 մլրդ դրամի մաքսանենգության դեպք է հայտնաբերել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2012 18:07

Պետական եկամուտների կոմօտեն 2011թ. ընթացքում հայտնաբերել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7,5 մլրդ դրամի չափով, որից մոտ 7 մլրդ-ի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի տեղեկացմամբ, հայտնաբերվել են 19-րդ դարի կտակարաններ և այլ իրեր, մոտ 4կգ ոսկյա և արծաթյա զարդեր, կոսմետիկական պարագաներ, կանխվել է սահմանված 5մլն դրամը գերազանցող մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի անօրինական արտահանումը: ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպքերից 70-ը հայտնաբերվել են Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության, 78-ը` Հետբացթողումային հսկողության վարչության, 125-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից, իսկ 9–ը` ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից: ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել են 60 քրեական գործեր, որոնցից 16-ը եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 1 կիլոգրամ մետամֆետամին և 11 կիլոգրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների ներկրումը: Պետական եկամուտների կոմիտեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն ընդգրկել է կոմիտեի առաջնային խնդիրների շարքում: Կոմիտեն շարունակում է ակտիվ համագործակցել եվրոպական և ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների հետ, ինչը ևս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը: Դա է վկայում օրերս աշխատանքային այցով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ պարոն Կալետնիկի ժամանումը Հայաստան: Հանդիպման ժամանակ ստորագրվել է 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր, որն առավել արդյունավետ կդարձնի նաև մաքսային իրավախախտումների դեմ պայքարը:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply