Իսրայելական զենքը Հայաստան դեմ չի նախատեսված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 17:38


Ադրբեջանի կողմից Իսրայելից ձեռք բերվող ռազմական տեխնիկան ու ռազմամթերքը, ակնհայտորեն, ուղղված են Իրանի դեմ: Այս մասին այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, ասացին իրանագետ Նվեր Դավթյանն ու ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Փորձագետների հավաստմամբ` Հայաստանի եւ Արցախի դեմ այդ ռազմամթերքի կիրառումը չի լինի արդյունավետ մեր աշխարհագրական դիրքի ու պայմանների պատճառով: Նրանք չբացառեցին, որ այդ տեխնիկան, եթե մենք հաշվի առնենք Բաքվի եւ Ստեփանակերտի հեռավորությունը, հատկապես հակահրթիռային, հակաօդային միջոցները, նույնիսկ անօդաչու ինքնաթիռները, կարող է օգտագործվել: Սակայն դրանց օգտագործման արդյունավետությունը ցածր կլինի ՀՀ- և ԼՂՀ-ի աշխարհագրական պայմանների պարագայում: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը փաստեց, որ եթե նույնիսկ ռազմածովային ուժերի հրթիռները, հավանական ռազմական գործողությունների ժամանակ, կարող են հասնել Արցախ, դրանց կիրառումը իմաստ չունի:
«Որովհետեւ կան այլ, ավելի համապատասխան զինատեսակներ, որ կարող են օգտագործվել մեր դեմ: Այսինքն` այստեղից եւս մեկ հետեւություն, որ այդ ձեռք բերվող տեխնիկան ուղղակի Հայաստանի դեմ ուղղված չէ: Այլ սա հստակ ազդանշան է թե’ Ռուսաստանի եւ թե’ Իրանի համար, որ Ադրբեջանն ուժեղացնում է իր դիրքերը Կասպից ծովի տարածաշրջանում»,- ասաց Սարգիս Ասատրյանը:
Իսկ իրանագետ Նվեր Դավթյանը նշեց, որ բացի աշխարհագրական պայմաններից, ԼՂՀ-ի եւ Հայաստանի զորքերը հարձակողական ուժեր չեն: Եվ ադրբեջանական ռադիոլոկացիոն կայանները հայաստանյան պաշտպանողական հրթիռներիի դեմ չեն կարող օգտագործվել:
«Արցախի տարածքը թույլ չի տալիս, որ նույն ինքնաթիռը, որ 2-3 կիլոմետր բարձրության վրա կարողանա ազատ մոտենալ օբյեկտներին ու ռմբակոծել դրանք: Նույնիսկ օդաչուներով ինքնաթիռներն այդ խնդիրներն ունեին Արցախում ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ»,- նշեց Նվեր Դավթյանը:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply