Եվս մեկ ձախողված պատմություն «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրից

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 11, 2012 15:46

«Կրեդիտ.ԱՄ» ֆինանսաբանկային խորհրդատվական ընկերության օգնությանն էր դիմել Միրզոյանների ընտանիքը՝ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» Ծրագրի (այսուհետ Ծրագիր) շրջանակներում երիտասարդ զույգի համար բնակարան ձեռք բերելու հարցով: Միրզոյանները համապատասխանում էին իրենց տվյալներով Ծրագրի շրջանակներում ցածր տոկոսով վարկավորվելու համար, սակայն ամիսներ շարունակ փնտրում էին 16 մլն. դրամ արժողությունը չգերազանցող բնակարան: 2011թ. դեկտեմբերին վերջապես նրանք տեսան ԱՅՆ բնակարանը, որն արժեր 15 580 000 դրամ: Բնակարանը, որի մակերեսը ընդամենը 42,22 ք.մ էր, գտնվում էր Կենտրոն համայնքի Զավարյան փողոցում:

2011թ. մայիսին Ծրագրի պայմանների փոփոխությունների համաձայն վաճառողի կողմից սահմանված գինը անհրաժեշտ է համեմատել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)՝ հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը: Իսկ տվյալ պարագայում ըստ վերջին (նոյեմբեր ամսվա) հրապարակման՝ Կենտրոն համայնքում 1 ք.մ. բնակմակերեսի գինը կազմում է 452 000 դրամ: Այսինքն, կատարելով պարզ բազմապատկում մենք ստանում ենք բնակարանի նոր արժեք՝ 19 083 440 դրամ, ինչի շնորհիվ Միրզոյանները դուրս են մնում Ծրագրից կամ ստիպված են շարունակել բնակարան փնտրել: Բայց նրանք շատ ժամանակ չունեին, քանի որ ընդամենը 2 ամսից զույգի ընդհանուր տարիքը կգերազանցի 60-ը:

Քանի որ սա արդեն առաջին դեպքը չէր, երբ երիտասարդները զրկվում էին ցածր տոկոսադրույքով բնակարան ձեռք բերելու հնարավորությունից հենց այս պատճառով, «Կրեդիտ.ԱՄ» ընկերությունը 2012թ. հունվարի 23-ին գրություն ներկայացրեց ՀՀ Հանրային խորհուրդ՝ այս պայմանը վերանայելու խնդրանքով:

ՀՀ Հանրային խորհուրդը դիմել է համապատասխան ատյաններին հարցը վերանայելու հնարավորությունները դիտարկելու խնդրանքով:

Ս.թ. մարտի 24-ին ՀՀ ֆինանսների նախարարությունից ՀՀ հանրային խորհրդի նախագահ՝ Վազգեն Մանուկյանին ուղղված պատասխան գրության մեջ մասնավորապես ասված է. «Նշված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում բնակարանի գնահատումն իրականացնող անկախ գնահատող ընկերությունների կողմից անշարժ գույքի գնահատման արժեքները շատ անգամ չեն համապատասխանել անշարժ գույքի շուկայում գործող իրական շուկայական գներին, որոնք էլ տեղիք են տվել չարաշահումների և խարդախությունների: Այդպիսով Ծրագիրը շեղվում էր իր բուն նպատակից՝ այն է բնակարանային խնդիր ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական սոցիալական աջակցության տրամադրումը:»

Մինչև այս Ծրագրի իրագործումը ոչ մեկի չի անհանգստացրել, որ անկախ գնահատող ընկերությունները բանկի համար գնահատման ակտ տրամադրելիս, անշարժ գույքի իրական արժեքից ավելի ցածր են գնահատում: Այդ հանգամանքը ոչ մի ծրագիր չէր շեղում իր ճանապարհից, քանի որ դա նվազեցնում է բանկի ռիսկի գործոնը: Բացի դա ՀՀ առևտրային բանկերի մեծ մասն անշարժ գույքի գրավով (հիփոթեքային, սպառողական և բիզնես) վարկեր տրամադրելիս հիմք են ընդունում գույքի գնահատված լիկվիդային արժեքը՝ շուկայական արժեքից 25-30% պակաս այսինքն՝ հաճախորդը ավելի քիչ գումար կկարողանա վերցնել, քան պլանավորում էր:

Այնպես որ, բոլորի կողմից ընդունելի կլիներ, եթե գույքի գնահատման հետ կապված խարդախություններից ապահովագրված լինեին ոչ միայն բանկերն ու պետական ծրագրերը, այլ նաև սովորական հաճախորդները:

Ինչ վերաբերվում է Ծրագրի նպատակային շեղումներին՝ կարելի է առարկել, քանի որ բնակարանի շուկայական արժեքի սահմանափակումը միակը չէ (ի դեպ, դա կարելի է վերահսկել այլ ճանապարհով): Համաձայն ծրագրի պայմանների “Պետական սոցիալական աջակցությունը” չեն կարող ստանալ այն երիտասարդ ընտանիքները,

ա/ որոնց (ամուսինների և հնարավոր համավարկառուների) ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը,

բ/ որոնք չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում (նախատեսում են վարձակալության հանձնել մինչև բնակվելը, բնակվել ոչ ամբողջ տարին` օգտագործելով որպես ամառանոց, և այլն),

գ/ որոնցից (ամուսիններից) որևէ մեկն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն)` բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը փաստացի բնակվող (հաշվառված) անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18,0 քառ. մ.-ից պակաս տարածք:

Այնպես որ սահմանափակումների պակաս չունի այս ծրագիրը:

Ինչ վերաբերվում է վերջին՝ գ/ պայմանին՝ մարզերում, մասնավորապես գյուղերում ապրում են սեփական մեծ տներում, որտեղ գրանցված անձերի քանակը այնքան էլ մեծ չէ, իսկ հաշվի առնելով արտագաղթի ծավալները, փաստացի բնակիչների քանակը էլ ավելի քիչ է: Ստացվում է, որ երիտասարդ ընտանիքին տվյալ ծրագրով գայթակղել և մարզում պահել (Ծրագրի հիմնական նպատակներից մեկն է՝ պահել մարզի բնակչին մարզում) ոչ մի կերպ չի ստացվում: Նախ, մեկ շնչի հաշվով 18 քառ.մ.-ից հաստատ ավել է բաժին ընկնում փաստացի (հաշվառված) անձանց և երկրորդը՝ մարզերում խնդիր կա եկամուտների հետ կապված: Մարզում մարզի բնակչին պիտի պահի աշխատատեղը: Երիտասարդները լքում են իրենց տները, տեղափոխվում են լավագույն դեպքում՝ Երևան, վատագույն դեպքում՝ արտերկիր, որտեղ ևս տուն ունենալու ակնկալիք մոտ ապագայում չկա, սակայն կա աշխատանք:

Չեմ ցանկանա շեղվել սույն հոդվածի բուն թեմայից և շարունակելով երիտասարդ ընտանիքների թեման, նշեմ՝ եթե Ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքը ստանում է հիփոթեքային վարկ տարեկան 7,5-8%-ով 10-20 տարի մարման ժամկետով, ապա ոչ սուբսիդավորվող վարկերի դեպքում նրանք նույն ժամկետի համար վճարում են տարեկան 12-13%:

Առավել պատկերավոր են գումարի վերածված թվերը՝ 11 000 000 դրամ տարեկան 7,5%, 15 տարով վերցնելու համար, բանկին վճարվում են տոկոսագումարներ՝ 7 354 780 դրամ 15 տարվա ընթացքում:

Նույն գումարը նույն ժամկետով տարեկան 12% վերցնելու դեպքում բանկին վճարվող տոկոսագումարը 15 տարվա մեջ կհասնի 12 763 240 դրամ: (Հաշվարկը կատարված է http://www.credit.am/am/calc/ վարկային հաշվիչով):

Կուզենայի հատուկ ուշադրություն հրավիրել Ծրագրի ևս մի պայմանի վրա, որը, իմ կարծիքով վերաբերվում է մեր հանրության առավել խոցելի խմբին՝ այն է միայնակ ծնողը: Եթե զույգի դեպքում առավելագույն տարիքը սահմանվում է 35, ապա միայնակ ծնողի դեպքում առավելագույն տարիքը սահմանվում է 30: Հարգարժան ֆինանսների նախարարի կողմից նշված պետական սոցիալական աջակցության տրամադրումը նախատեսված չէ 30-ից բարձր տարիքի միայնակ ծնողների համար: Երևի համարվում է, որ 30-ից հետո միայնակ մայրերը (քանի որ Հայաստանում հիմնականում միայնակ են հենց մայրերը) արդեն ապահովված են և կարիք չունեն պետական աջակցության:

Մինչև այս պահը ես չէի կարողանում գտնել զույգերի տարիքների գումարային 60 չգերազանցելու պայմանի բացատրությունը: Նժարին դնելով թվերի այս բազմազանությունը Ծրագրում՝ 18, 35, 60, 30 ես հասկացա, որ գումարային 60-ը նույնքան նվազեցնում է պոտենցիալ վարկառու զույգերի թիվը, ինչքան որ միայնակ ծնող վարկառուների թիվը նվազեցնում է “մինչև 30 տարեկան” պայմանը: ԲՐԱՎՈ

«Կրեդիտ.ԱՄ» ընկերության գրությանը պատասխանել է նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ՝ Արթուր Ջավադյանը, ով մասնավորապես նշել է. “Փոփոխություններից հետո ծրագիրը շարունակել է հաջողությամբ գործել, որի մասին է վկայում նշված փոփոխություններից հետո (2011թ. հունիս ամսվանից մինչև 2012թ. մարտ ամիսը ընկած ժամանակահատված) շուրջ 2 մլրդ. դրամ ընդհանուր ծավալով և թվով 250 ընտանիքներին տրամադրված հիփոթեքային վարկերի վերաբերյալ վիճակագրությունը”:

Մի՞թե կարելի է նվաճում համարել՝ 10 ամիսների ընթացքում 250 ընտանիքներին տրամադրված վարկերը. հաշվի առնելով, որ թվով 15 վարկավորող բանկեր և վարկային կազմակերպություններ են ներգրավված Ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացնելու համար ամբողջ Հայաստանի տարածքում: Միգուցե կարելի է, նայած թե ինչ խնդիր էր դրված իսկզբանե:

P.S. Այս ընթացքում, որ մենք պատրաստում էինք հոդվածը, ևս երկու երիտասարդ ընտանիք այցելեցին «Կրեդիտ.ԱՄ» գրասենյակ նույն խնդրով և հարցով. «Մի՞թե հնարավոր չէ ինչ-որ տեղ բողոքել»: Ստիպված էինք հիասթափեցնել երիտասարդներին:

“Կրեդիտ.ԱՄ” ֆինանսաբանկային խորհրդատվական ըներություն

Դիտվել է 2186 անգամ:
Print Friendly

Leave a Reply