ՀԴՄ-ների դիմաց բոնուսներ չեն տրամադրվի մինչև հունվար
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 8, 2009 17:06
ՀՀ կառավարությունը ժամանակավորապես սառեցնում է հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների դիմաց բոնուսների տրամադրումը: Պատճառը դրանց տրամադրման գործընթացում արձանագրված բազմաթիվ խախտումներն են, ինչպես նաեւ այն, որ Պետական եկամուտների կոմիտեն(ՊԵԿ) դեռ պատրաստ չէ այդ գործընթացն ամբողջապես և առանց խնդիրների իրականացնելուն. այսօր այս մասին ՀՀ կառավարության նիստին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Դեպքեր կան, որ 10 վայրկյանի ընթացքում 7 կտրոն է խփվել, ամեն մեկը 1 մլն դրամի,- ասաց Սարգսյանը,- Մենք նկատում ենք նաև սպեկուլյատիվ գործողություններ, երբ այդ կտրոններն ավելի էժան գնով, քան իրենց հասանելիք գումարներն են, հարկային մարմինների կողմից վերավաճառում են: Նման խախտումներ իրականացրած ձեռնարկությունները խստիվ կպատժվեն»:
Գործադիրը որոշեց, որ բոնուսների տրամադրումը կվերսկսվի արդեն հունվարի 1-ից` այս տարվա 4-րդ եռամսյակում ստացված կտրոնների դիմաց, սակայն արդեն կկիրառվեն բոնուսների տրամադրման նոր կանոններ:
Կվերացվի սահմանված սանդղակը, բոնուսները կկազմեն ներկայացված կտրոններով ֆիքսված առեւտրի 1 տոկոսը:
Վարչապետն ասաց, որ վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են լուրջ խնդիրներ և չարաշահումներ: «Մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները բազմաթիվ հնարքներ են հորինել` շրջանցելու օրենքը և պետությունից փողեր փախցնելու»,- ասաց վարչապետը:
Բոնուսների տրամադրման ժամանակ իրենց հերթին չհասած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ստանալ իրենց հասանելիք գումարները:
Նիստում շեշտվել է նաև, որ ՊԵԿ–ը պետք է պատրաստ լինել հունվարի 1-ից այնպես սպասարկել քաղաքացիներին, որ այլևս հերթեր չլինեն:
Վարչապետը ներողություն խնդրեց քաղաքացիներին պատճառված անհարմարությունների եւ այս փոփոխության համար եւ հավաստիացրեց, որ այս ընթացքում ՊԵԿ–ն ամեն անհրաժեշտը կանի` լավ նախապատրաստվելու հաջորդ եռամսյակին:






Facebook
Tweet This
Email This Post
