ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դարձավ թիվ 28 ընտրատարածքի միակ թեկնածուն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 16:55

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 10-ին կայացած հերթական նիստում քննարկման դրեց Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների կողմից ներկայացված ինքնաբացարկների դիմումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համամասնական ցուցակի մի քանի անդամներ ինքնաբացարկ են ներկայացրել: Օրենքի համաձայն` ինքնաբացարկի մասին դիմումները ներկայացվում են ԿԸՀ, որն էլ տվյալ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում:

Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ՕԵԿ համամասնական ցուցակի 45-րդ (Աշխեն Լյովայի Մանուկյան), 90-րդ (Կարինե Գամառնիկի Մկրտչյան) եւ 169-րդ (Մերի Միշայի Ղոնյան) անդամները: «Ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» միասնական համամասնական ցուցակի երրորդ (Երվանդ Վազգենի Զուրաբյան, Ժառանգություն), 71-րդ (Դավիթ Վլադիմիրի Առաքելյան, Ազատ դեմոկրատներ) անդամները եւս ինքնաբացարկ են ներկայացրել:

ԿԸՀ նիստում քննարկվեցին նաեւ մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված անկուսակցական թեկնածուներ` 23 ընտրատարածքում` Տիգրան Համբարձումի Պետրոսյանի, թիվ 1 – ում` Արսեն Լևոնի Մանուկյանի, 28-ում` Արմեն Ժորայի Ավդալյանի, թիվ 21-ում` Մերուժան Շատինովի Մխոյանի ինքնաբացարկի մասին դիմումները: Թիվ 28 ընտրատարածքում ինքնառաջադրված անկուսակցական Արմեն Ժորայի Ավդալյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միակ մրցակիցն էր տվյալ ընտրատարածքում: Թիվ 37 ընտրատարածքում ինքնառաջադրված անկուսակցական Մալիկ Միրաքի Թելունցը կշարունակի ընտրապայքարը:

Նիստում միաձայն ընդունվեցին ինքնաբացարկի մասին բոլոր դիմումները: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց եւ ԿԸՀ կայքում հայտնվելուց անմիջապես հետո: Մայիսի 6-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Քաղաքական ուժերն ապրիլի 8-ից սկսել են նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի մայիսի 4-ին:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply