Աշոտյան-Զոլյան սկանդալը թեժանում է. ԿԳՆ-ն Բրյուսովում լուրջ խախտումներ է հայտնաբերել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 16:52

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ առաջիկայում հրապարակելու է դրանք:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ստուգումները տեղի են ունեցել նախքան համալսարանի ռեկոտր Սուրեն Զոլյանին խիստ նկատողություն հայտնելը: Մասնավորապես, ստուգումները տեղի են ունեցել մարտի 20-27-ին:

«Իմ կողմից ավելացնեմ, որ ընդհանրապես վերջին ամիսներին Սուրեն Զոլյանն աչքի էր ընկնում իր տարօրինակ պահվածքով: Ցավում եմ, որ իր անհամաձայնությունը հայտնելու արտահայտչամիջոցների մեջ նա անցել է բարեկրթության բոլոր սահմանները»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել է երկրից, ոչ պատշաճ կերպով է կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ի պատասխան Սուրեն Զոլյանը մեր թղթակցի հետ զրուցյում հայտարարել էր, թե Արմեն Աշոտյանի հրամանը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն: Նա դիմել է դատարան եւ համոզված է, որ դատարանն անվավեր կհայտարարի այս անհեթեթ հրամանը: Ռեկտորը դիմելու է նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ վերացնի նշված հրամանը եւ որոշի Արմեն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply