Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 16:49

Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանում այսօր` ապրիլի 10-ին, բնակիչները կրկին հանրահավաք էին կազմակերպել` պահանջելով ազատ արձակել «Կուր» հասարակական կազմակերպության համակարգող Օգթայ Գյուլալիեւին: Այդ մասին հաղորդում է Mediaforum az կայքը:

Նշենք, որ Գյուլալիեւը ձերբակալվել էր երկու օր առաջ` մանր խուլիգանության մեղադրանքով:

Տեղեկության համաձայն, ակցիայի մասնակիցները փակել են Սաբիրաբադ-Իմիլշլի ավտոճանապարհը, որից հետո շրջանային ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Դեպքի վայր է ժամանել Սաբիրաբադ շրջանի ոստիկանության պետը եւ կարգադրել հավելյալ ոստիկանական ուժեր ուղարկել: Բախումների հետեւանքով ցուցարար կանանցից մեկը կորցրել է գիտակցությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանի երկու գյուղերի բնակիչներն ապրիլի 2-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Սաբիրաբադի գործադիր իշխանության ղեկավարի նստավայրի առջեւ: Բնակիչների դժգոհությունը կապված էր սոցիալական խնդիրների հետ, անցյալ տարի տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով նրանց կրած նյութական կորուստների դիմաց մինչ օրս որեւէ փոխհատուցում չի տրվել: Գործադիր իշխանության ղեկավար Նազիմ Իսմայիլովը պատրաստակամություն է հայտնել լսել նրանց բողոքներն ու դժգոհությունները: Ցուցարարների հետ հանդիպելուց հետո, Սաբիրաբադի գործադիր իշխանության ղեկավարը երեք օր ժամանակ է խնդրել իրադրությունը գնահատելու համար: Սակայն գործադիր իշխանության ղեկավարը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ընթացքում, իսկ ակտիվիստ եւ հասարակական գործիչ Օգթայ Գյուլալիեւի ձերբակալությունն ավելի է զայրացրել բնակիչներին:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply