Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու վճռականությամբ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 10, 2012 15:10

Մարզասերները տեղյակ են, որ Լոնդոնում ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին մասնակցելու իրավունք Հայաստանից առայժմ միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն ունի: Հնարավոր է, որ Անդրանիկին միանան նաև նրա որոշ թիմակիցներ: Այս մասին կիմանանք եվրոպական երկրների բռնցքամարտիկների մասնակցությամբ ապրիլի 14-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մեկնարկելիք օլիմպիական վարկանշային մրցաշարի ավարտից հետո:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանն իր սաներին մրցավայր կուղեկցի ապրիլի 11-ին: Ռինգ կելնեն երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Հովհաննես Դանիելյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հրայր Մաթևոսյանը (69 կգ), էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ), գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) և վանաձորցի Արթուր Խաչատրյանը (81 կգ):

Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակցի հետ զրույցում նշել է, որ բոլոր յոթ մարզիկներն աշխարհի և Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ են և ունեն միջազգային մրցումների մասնակցության հարուստ փորձ: Նրանք գտնվում են լավ մարզավիճակում և հաղթելու ու օլիմպիական վարկանիշի արժանանալու նպատակով են Տրապիզոն մեկնում: Իսկ օլիմպիական ուղեգիր նվաճելը նրանց ուժերից վեր գործ չէ:

Մրցավայր կմեկնեն նաև  թիմի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, թիմի բժիշկ Համլետ Բեգոյանը, Մեխակ Ղազարյանը, միջազգային կարգի մրցավար Վարդան Բաղդասարյանը և պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը:

Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply