Ինտեգրման համար անհրաժեշտ են տնտեսական խթաններ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 10, 2012 13:36

Հայաստանն առաջարկում է զարգացնել ինտեգրումը Եվրասիական մաքսային միությանը՝ հանրապետությանը տրամադրելով հատուկ կարգավիճակ։ Երկիրը կարելի է շահագրգռել տարածապես հեռավոր այս տնտեսական միությանը անդամակցելու որոշ սուբսիդավորման, հատկացումների և արտոնությունների միջոցով։ Այս և այլ հիմնահարցերին Գազետա.ռու կայքի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

– Ռուսաստանը խոսում է Եվրազեսը Եվրասիական միության վերածելու մասին՝ դարձնելով այն ավելի սերտ միավորում, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միության պես։ Այս մասին խոսք էր գնում Վլադիմիր Պուտինի նախընտրական հոդվածներից մեկում.այս մասին Եվրազեսի վերջին գագաթաժողովին հայտարարեց նաև Դմիտրի Մեդվեդեվը։ Վերջինս նաև զգուշացրեց որոշակի դժվարությունների մասին, որոնք կարող են առաջանալ և արդեն իսկ առաջանում են այն պետությունների հետ, որոնք մաքսային դաշինքի անդամներ չեն։ Հայաստանը Եվրազեսում ունի դիտորդի կարգավիճակ։ Արդյոք երկիրը դիտարկու՞մ է ավելի սերտ ինտեգրման հնարավորությունը։

Մենք հստակորեն սահմանել ենք մեր դիրքորոշումը. մենք շահագրգռված ենք Եվրազեսի շրջանակներում ընթացող ինտեգրման գործընթացներում։ Խնդիրը հետևյալն է. ինչպե`ս է ընթանալու ինտեգրումը և ի`նչ ձևաչափ կընդունի այն։ Սա տրիվիալ հարց չէ։ Օրինակ. այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը շահագրգռված են հնարավորինս շուտ Մաքսային միության անդամ դառնալ, սակայն Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը նշում են, որ դեռ պատրաստ չեն դրան։ Այս երկրները պետք է որոշակի ճանապարհ անցնեն, համապատասխան ենթակառուցվածք ստեղծեն, որը կապահովեր մաքսային գոտու միասնությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր խնդիրն այլ է։ Համաշխարհային պրակտիկայում դեռևս չկան օրինակներ, երբ որևէ երկիր դառնում է նման դաշինքի անդամ՝ չունենալով ընդհանուր սահման դաշինքի երկրների հետ։ Այդ դեպքում նման դաշինքի առավելությունները բացակայում են, քանի որ արտադրողները ապրանքի արտահանման կամ ներկրման ժամանակ ստիպված են մաքսազերծում անցնել երրորդ երկրի տարածքում։ Արդյունքում առավելությունները դառնում են խնդիրներ. ապրանքի ազատ շարժից օգտվել դուք չեք կարող, սակայն պարտավոր եք մաքսային սակագները համաձայնեցնել դաշինքի այլ անդամների հետ։ Այս իսկ պատճառով մենք առաջարկեցինք ռուսաստանյան գործընկերներին մշակել այլ հիմք Հայաստանի և Եվրասիական մաքսային դաշինքի փոխհարաբերությունների համար՝ Հայաստանին հատուկ կարգավիճակ վերապահելով։

– Ի՞նչը նկատի ունեք։ Ինչպե՞ս է դա արվելու։ 

Գոյություն ունի հեռավոր տարածքների փորձը։ Դրանք ստանում են որոշակի սուբսիդավորում, աջակցություն ու արտոնություններ, եթե ինտեգրվում են այնպիսի տնտեսական գոտու, որը տարածապես հեռու է։ Դա նշանակում է, որ պետք բանակցել կազմակերպության բոլոր անդամների հետ, ինտեգրման համար ստեղծել արդյունավետ տնտեսական պայմաններ։

– Ձեր մոտեցումը գործընկերներն ըմբռնումո՞վ ընդունեցին։

Այո, մենք ուղիղ երկխոսություն ենք սկսել մեր ռուսաստանյան գործընկերների հետ, մեր աշխատանքային խմբերը քննարկում են այդ հարցերը։ Մենք ուսումնասիրում ենք համաշխարհային փորձը, առաջարկում մեր մոտեցումները։ Մեր պատկերացումները շատ հստակ են, քանի որ այն փորձը, որը արդեն իսկ ձեռք են բերել Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը Մաքսային միություն ստեղծելիս, ցույց է տալիս այդ գործընթացի առավելությունները, և ամեն ինչ կարելի մանրամասնորեն հաշվարկել։ Հիմնվելով հսկայական ապրանքացանկի վրա՝ մեր գործընկերները մանրամասնորեն վերլուծել են առավելությունները, դրական և բացասական կողմերը, որոնք առաջանում են միասնական տնտեսական գոտի ստեղծելիս։

– Միևնույն ժամանակ դուք խոսում եք Եվրոպական Միության հետ ինտեգրվելու մասին։ Այս երկու գործընթացները չե՞ն հակասում իրար։

Վստահ ենք, որ ոչ։ Չնայած Մաքսային դաշինքը ստեղծելուն՝ Ռուսաստանը շարունակում էր աշխատանքը Համաշխարհային առևտրային կազմակերպությանն իր անդամակցության նպատակով` այս երկու գործընթացները դիտարկելով ոչ թե որպես իրարամերժ, այլ իրար լրացնող։ Մեր մոտեցումը նույնն է` Հայաստանը շահագրգռված է իր շուկաների ընդլայնմամբ։

– Բայց չէ՞ որ Մաքսային միություն ստեղծելու պահին Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը ՀԱԿ-ի անդամներ չէին։ Ռուսաստանը փաստացի նոր է ավարտել անդամակցման գործընթացը, և հիմա Բելառուսն ու Ղազախստանը, կազմակերպությանը անդամագրվելիս, համապատասխանեցնելու են իրենց պայմաններն այն պայմանների հետ, որոնք գործում են Ռուսաստանի համար։ Մինչդեռ Հայաստանը արդեն իսկ ՀԱԿ-ի անդամ է և չի կարող պայմաններ փոփոխել։ 

Թեպետ Հայաստանը ՀԱԿ-ի անդամ է,այդուհանդերձ դա մեզ չի խանգարում ԱՊՀ-ի շրջանակներում վավերացնել ազատ ապրանքափոխանակմանը վերաբերող համաձայնագրեր։ Այս համաձայնագրերն իրար լրացնում են, ոչ թե՝ բացառում։
Մենք նույն կերպ ենք դիտարկում Եվրոպական Միության ազատ տնտեսական գոտուն միանալու մեր ցանկությունը։ Դա, իհարկե, շատ լուրջ խթան կդառնա մեր տնտեսության զարգացման համար։ Այդ ուղին արդեն բռնել են Ուկրաինան, Մոլդովան. նրանք էլ են շահագրգիռ ԵՄ-ի հետ ունենալու ազատ առևտրի գոտի։

– Ապրիլի 3-ին ավարտվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Հայաստան։ Այստեղից նա ուղևորվեց Ադրբեջան։ Այցելությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղն է։ Կա՞ն արդյոք նոր առաջարկներ, որոնք կօգնեն մերձեցնել կողմերի դիրքորոշումները։

Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների շնորհիվ արդեն ձևավորվել է բանակցային գործընթացի հիմքը, և կոնցեպտուալ առումով բոլոր հարցերը քննարկվել են։ Այս պահին անհրաժեշտ է համաձայնության գալ իրականացման մանրամասների վերաբերյալ, ինչը քաղաքական կամք է պահանջում։

– Ձեր կարծիքով, դիրքորոշումները կարո՞ղ են մերձենալ։
Մենք ունենք նման ցանկություն։

– Մայիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրությունները։ Դրանց նախապատրաստումը և արդյունքները, ըստ Ձեզ, կարո՞ղ են ազդել երկրի արտաքին քաղաքական ուղղվածության վրա, մասնավորապես, Ղարաբաղյան հիմնահարցի լուծման մոտեցումների առումով։

Իհարկե, կարող են։ Հարցն այն է, թե ինչպես կընթանան ընտրությունները և ինչպիսին են լինելու արդյունքները։ Մենք հուսով ենք, որ մեր կուսակցությանը կհաջողվի ամրապնդել այն դիրքերը, որոնք մենք այսօր ունենք, և մենք կշարունակենք այն զարգացումը, որը վերջին տարիներին տեղի էր ունենում երկրում ինչպես միջազգային համագործակցության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման տեսանկյունից։

– Փորձագետները հաճախ են նշում, որ Ադրբեջանը խստացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, և կոնֆլիկտի ռազմական փուլը կարող է վերսկսվել այս աշնանը։ Ի՞նչ կասեք այս կանխատեսումների մասին։

1994 թվականից, զինադադարի պահից, բազմաթիվ այսպիսի կանխատեսումներ են արվել։ Եթե ուզում ես ապրել խաղաղ, պատրաստվիր պատերազմի։ Այդ պատճառով մենք հաշվի ենք առնում այս ռիսկերն ու վտանգները և աշխատում ենք մեր երկրի պաշտպանության ամրապնդման ուղղությամբ։Դա է պատերազմի կանխման հիմնական գրավականը։

– Իրանի շուրջ իրավիճակի սրացումը շատ հարցեր է առաջացնում Հարավային Կովկասի վերաբերյալ։ Ինչպիս՞ի միջոցներ են դիտարկում Հայաստանի իշխանությունները` երկրի ազգային շահերը պաշտպանելու համար, եթե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակի վատթարանալ` ընդհուպ մինչև զինված ռազմական ընդհարում։

Խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ մեզ համար ամենաանցանկալի իրավիճակն է։ Մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ կառուցվում են Իրանի և Վրաստանի միջոցով, քանի որ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանի հետ մենք չունենք տնտեսական կապեր։
Իրանի կայունությունը Հայաստանի կենսական շահերից է բխում։ Հակամարտությունը հուժկու հարված կհասցնի մեր տնտեսությանը, քաղաքական և սոցիալական իրավիճակին։ Իհարկե, մենք ուշիուշով հետևում ենք իրավիճակին և հաշվի ենք առնում այդ ռիսկերը։

– Ինչպիսի՞ն են Հայաստան-Իրան երկաթգծի և Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման հեռանկարները, որի մասին այդքան վաղուց խոսվում է։ Լարված իրավիճակի պատճառով այդ պլաները հետաձգվե՞լ են։

Ոչ, չեն հետաձգվել։ Այդ երկու նախագծերը շարունակվում են։ Մենք փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել Իրանի հետ։ Իրանական կողմը ստանձնել է իր տարածքում շինարարական աշխատանքները կատարելու պարտավորություն։ Մենք բանակցություններ ենք վարում ներդրողների հետ, սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի երկաթուղու հետ։Ի մասնավորի` ռուսաստանյան մասնագետները մեզ օգնել են տնտեսական հաշվարկների հարցում, և այդ տեխնիկական օգնության համար մենք շատ շնորհակալ ենք ռուսաստանյան կողմին։ Նույն կերպ առաջ է ընթանում և նավթամուղի նախագիծը։ Այսօր Իրանի հետ մենք ունենք նաև էլեկտրաէներգիայի բարձրավոլտ գծի կառուցման նախագիծ, ինչը թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից Իրան, ընթացքի մեջ է նաև էլեկտրակայան կառուցելու նախագիծը։ Բոլոր նախագծերն այժմ իրականացման փուլում են։

– Ի՞նչ ժամկետների մասին է խոսքը։

Էլեկտրակայանի շինարարությունն արդեն մեկնարկել է, այս տարի կմեկնարկի նաև բարձրավոլտ գծի կառուցումը։ Մթերամուղի թեմայով այս տարի կավարտվեն բոլոր տեխնիկական բնութագրերը և, հուսով եմ, համաձայնագրեր կստորագրենք նաև երկաթգծի ներդրողների հետ։

– Հայաստանի իշխանություններն իրենց հավանությունն են տվել նոր արդյունաբերական քաղաքականությանը, ըստ որում`գերակա են հայտարարվել արտահանմանն ուղղված ճյուղերը։ Որո՞նք են, ըստ ձեզ, առաջնահերթ շուկաները և որ ապրանքների համար։

Մենք առանձնացրել ենք 12 ճյուղ, որոնք մեր արտադրողների առավելությունների տեսանկյունից, օգտագործվող հզորությունների, գոյություն ունեցող ներդրողների և կառավարչական կադրերի տեսանկյունից այսօր ունեն ներուժ։ Գնահատվել է նաև ողջ ինտելեկտուալ, արտադրական և ֆինանսական ներուժը։ Այս նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի օգնությամբ։ Նախընտրելի ոլորտներն են ճշգրիտ սարքաշինությունը, կոնյակի արտադրությունն ու գինեգործությունը, դեղորայքի արտադրությունը, ուր մենք չորս խոշոր նախագիծ ունենք, թանկարժեք քարերի մշակումը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, որոնցում իրականացնում ենք համատեղ ծրագրեր։
Շուկաները Եվրոպայի և ԱՊՀ երկրներն են։ Կոնյակի համար մենք նաև փորձում ենք դիստրիբյուտորական ցանց գործարկել Չինաստանում։ Այն մեզ համար շատ խոստումնալից շուկա է, սակայն ծրագիրը լուրջ մշակման կարիք ունի։ Ունենք պայմանավորվածություն մասնավոր սեկտորի հետ համապատասխան դիստրիբյուտորական ենթակառուցվածքը համատեղ ջանքերով ստեղծելու մասին։ Անհրաժեշտ է առաջխաղացմանն ուղղված արշավ՝ այդ շուկան մեզ հասանելի դարձնելու համար։

 

Դիտվել է 2146 անգամ:
Print Friendly

Leave a Reply