Դոնի Ռոստովում նախագահի հետ հանդիպմանը շատ ակտիվիստներ չեն կարողացել մասնակցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 15:56

Հոկտեմբերի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի  Դոնի Ռոստով քաղաքում հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Սա նախագահի  մեկշաբաթյա համահայկական այցելության վերջին կանգառն էր:

Հանդիպմանը ներկա են եղել Ուկրաինայի, Բելոռուսիայի, Ռուսաստանի տարբեր շրջանների հայկական համայնքների շուրջ 300 ներկայացուցիչներ:

Քաղաքում բողոքի ակցիաներ չեն կազմակերպվել, սակայն քննարկման մասնակիցներից ոմանք դիմել են նախագահին` կոչ անելով չստորագրել հայ-թուրքական արձանագրությունները:

Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպություններ հոկտեմբերի 6-ին դիմում-նամակ էին հղել նախագահ Սարգսյանին և հայկական քաղաքական ուժերին՝ պահանջելով  չստորագրել Արձանագրությունները: Հայտարարությունում նշվում էր, որ Արձանագրություններում կան նախապայմաններ Թուրքիայի կողմից:

Նամակի հեղինակները նշել էին նաև, որ Արձանագրությունների ստորագրումը կարող է վնասել Հայաստանի ազգային շահերը:

Ռուսաստանի հայերի  «Երկրամաս» թերթը գրում է, որ մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ չեն կարողացել մասնակցել  Սարգսյանի հետ  հանդիպմանը, մինչդեռ մասնակիցների թվում եղել են մարդիկ, ովքեր լավ տեղյակ չեն եղել  Արձանագրություններին:

Կրասնոդարի նահանգի Սլավյանսկ և Կրասնոարմեյսկ շրջանների հայկական համայնքների ղեկավար Ռաֆայել Կակոյանն ասել է, որ Հայաստանի նախագահին, ԱԺ-ին և քաղաքական ուժերին ուղղված բողոք-նամակը ստորագրած անձանցից շատերը չեն հրավիրվել նախագահի հետ հանդիպմանը («Երկրամաս»-ը նշում է, որ նամակի տակ ստորագրել են հայկական գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների ղեկավարները), չնայած որ  շատ ակտիվ անդամներ ու ղեկավարներ են:

«Ես ասելիք և առաջարկ ունեի, սակայն միջոցառման կազմակերպիչներն ինձ այդպիսի հնարավորություն չտվեցին»,- ասել է Ռաֆայել Կակոյանը:

Իսկ Սոչիի հայկական համայնքի ղեկավար Հակոբ Կոչկոնյանը  հրաժարվել է մասնակցել նախագահի հետ հանդիպմանը՝ ի նշան Արձանագրությունների դեմ բողոքի:

Դիտվել է 2124 անգամ:
Print Friendly

Leave a Reply