«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ներում է իրենց հասցեագրված չարախոսությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 20:35

«Շատ է խոսվել մեր համամասնական ցուցակի մասին, եւ այդ կապակցությամբ մեկընդմիշտ կպատասխանեմ զազրախոսներին, որոնք դրանում ճաք են փնտրում: Դիմում եմ բոլոր կեղծ հայրենասերներին եւ թույլ վերլուծաբաններին. Թող չարախոսեն, ես ներում եմ նրանց` սկսած այս պահից»: Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին հայտնել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Բայց թող իմանան, որ «Ժառանգություն» խմբակցությունը ժողովրդի հետ ամբողջական թիմ է, մեր թիմը հաշվետու է ժողովրդին: Մեր թիմը բաղկացած է «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից, մտավորականության ներկայացուցիչներից, շարքային քաղաքացիներից եւ երիտասարդությունից, որը վաղը ոչ միայն ճնշող մեծամասնություն կկազմի խորհրդարանում, այլեւ կմասնակցի Կառավարության, դատական կառույցների ձեւավորմանը, ինչպես նաեւ` նախագահական իշխանության ձեւավորմանը: Նա, ով մեզ չի հավատում, իր կարծիքը կփոխի 30 օր անց, եւ մայիսի 6-ին մենք քաղաքական գնահատական կտանք», – ասել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա`«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համամասնական ցուցակներում չկա անդամ, որի հետ նա քաղաքական բանավեճի մտած չլինի, սակայն «մեր միացյալ ցուցակում կա քաղաքական կամք, պետականության զգացողություն, քաղաքացիական սեր, ներելու եւ ներված լինելու կամքի ուժ»: «Մենք միասնական թիմ ենք, որը միասին գնում է դեպի հաղթանակ: Մեր ցուցակում կան քաղաքացիական բարձր արժանիքներ ունեցող 73 թեկնածուներ», – եզրափակել է Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

NEWS.am

Դիտվել է 2016 անգամ:
Print Friendly

Leave a Reply