Կոմունիստներն առաջին հերթին կվերացնեն հայ երեխայի` ռուսական դպրոց հաճախելու արգելքը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 9, 2012 17:13
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրի առաջնահերթություններից է հայ երեխաների` ռուսական դպրոց հաճախելու արգելքի վերացումը: Այդ մասին ապրիլի 9 -ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` հավելելով, որ դա հայ դպրոցականներին հնարավորություն կտա ուսումը շարունակել ռուսական բուհերում, ինչպես նաեւ` աշխատել ռուսական ընկերություններում:
Նրա խոսքով, կրթական ներկա համակարգը երեխաներին հարկ եղած չափով ռուսերեն չի սովորեցնում, չնայած դրա հանրային պահանջարկին: Միաժամանակ, կոմունիստներն անհրաժեշտ են համարում դպրոցներում բարձրացնել պետական լեզվի` հայերենի ուսուցանման մակարդակը` դրա պատասխանատվությունը դնելով միջնակարգ ուսումնական հաստատությունների տնօրենների վրա:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք հայ երեխաների համար ռուսական դպրոցների բացման նախաձեռնությանը չի հետեւի Ռուսաստանին միանալու առաջարկությունը, Թովմասյանը նշել է. «Եթե ես լինեի սուպերկոմունիստ, այն ժամանակ էլ չէի համաձայնի, որ Հայաստանը միանար Ռուսաստանին: Սակայն ՀԿԿ-ը հանդես է գալիս որպես Ռուսաստանի հետ բարեկամական, ջերմ, լավ հարաբերությունների կողմնակից, եւ պետք է գիտակցել, որ եթե 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս հանվի Գյումրիից, դա կդառնա Հայաստանի վերջի սկիզբը»:






Facebook
Tweet This
Email This Post
