Ես լալերից չեմ, և իմ մրցակիցը փողն է. Բիշարյանը դուրս է եկել ընտրապայքարի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 15:59

Երևանի Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը իր ընտրվելու շանսերը բարձր է գնահատում:

«Նախորդ ընտրություններում էլ մեծ հաջողություններ եմ ունեցել` եղել եմ ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածու, դժվար է եղել մինչև վերջ պահպանել իմ ձայները: Պետք է ասեմ, որ այս անգամ ավելի մարտական եմ տրամադրված: Ես շենգավիթցի եմ և քաղաքական դաշտում ակտիվ քաղաքական գործիչներից եմ, երբեք չեմ լռում, ես չխոսկաններից և լալերից չեմ, այդ դասին չեմ պատկանում և ուզում եմ իմ շենգավիթցիների համար որևէ բան անեմ», – Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բիշարյանը:

Թիվ 11 ընտրատարածքում ՕԵԿ-ն առաջադրել էր ու պաշտպանում էր Տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) թեկնածությունը: Սակայն պարզվեց, որ նա վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես չի բնակվել և ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունը մերժեց բնակության վայրի տեղեկանք տրամադրել: Առաջադրումների վերջին օրը այստեղ առաջադրվեց Բիշարյանը: Նա 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես առաջադրվել էր այս ընտրատարածքում, սակայն պարտվեց իր հակառակորդ Գրիգորի Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ), որին պաշտպանում էր Հանրապետական կուսակցությունը: Մարգարյանն այս տարի ևս առաջադրել է իր թեկնածությունը թիվ 11 ընտրատարածքում, սակայն այս անգամ` ԲՀԿ-ից: Թիվ 11 ընտրատարածքում առաջադրվել են նաև երկու անկուսակցականներ. Նրանցից երկուսին ոչ մի կուսակցություն չի առաջադրել` Մանվել Եղիազարյանը, Կարեն Սմբատյանը, իսկ մյուս թեկնածու Արշակ Բանուչյանին կպաշտպանի ՀԱԿ-ը:

Բիշարյանն ասաց, որ հիմա էլ մարդկանց բնակարաններ է մտնում և, համեմատելով 2007-ի հետ, եզրակացնում է` «մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվել»: «Նրանք չեն էլ ճանաչում, թե ով է եղել իրենց պատգամավորը, որևէ խնդիր չի բարձրացվել Ազգային ժողովում, որևէ հարց չի լուծվել իրենց պատգամավորի միջոցով: Սրանք իրենց մտահոգություններն ու խնդիրներն են, որոնք իրենք առաջ են քաշում: Կարծում եմ, որ շենգավիթցիները վճռական են, որ իրենց ընտրած թեկնածուն, ի դեմս ինձ, անցնի», -հավելեց ՕԵԿ փոխնախագահը:

Հարցին, թե առաջադրված մյուս թեկնածուներից հատկապես ո՞ր մեկին է իրեն մրցակից համարում, ՕԵԿ թեկնածուն պատասխանեց, որ որևէ մեկին էլ իրեն մրցակից չի համարում: «Կարծում եմ, որ ժողովուրդն ամենալավ գնահատական տվողն է, թե ով կարող է ում մրցակից լինել: Ես իհարկե, պետք է ասեմ, կոչ անեմ իմ շենգավիթցիներին, որ նրանք տուրք չտան փողին, որովհետև, եթե իրենք նորից փող վերցնեն ու նորից ընտրեն մեկին, որը իրենց կյանքում ոչինչ չի փոխել այս հինգ տարիների ընթացքում, դա կնշանակի, որ իրենք էլի իրենց դեմ կքվեարկեն: Ես միայն և միայն պետք է փողի դեմ պայքարեմ, իմ մրցակիցը փողն է», -հավելեց Բիշարյանը:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply