ՀՅԴ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագրի դրույթները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 15:53

Այսօր ՀՅԴ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Բանախոսներն առանձին-առանձին անդրադարձան հասարակական կյանքի տարբեր ոլորտների խնդիրներին` ներկայացնելով Դաշնակցության ծրագրում ներառված լուծումները:

Անդրադառնալով գյուղատնտեսության խնդիրներին, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. «Ամբողջությամբ կսուբսիդավորվեն գյուղացիական տնտեսությունների կողմից լիզինգային կարգով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի վարկային տոկոսադրույքները:

Սուբսիդավորման ընդհանուր ծավալը տարեկան կկազմի գյուղատնտեսության ոլորտի համախառն ներքին արդյունքի մինչև հինգ տոկոսը, իսկ ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հեկտարի համար հատկացվող սուբսիդավորման գումարը կկազմի 60 հազար դրամ»:

Բանախոսն ասաց, որ ՀՅԴ-ն այս հատկացումները նախատեսում է անել բյուջեի եռապատկման հաշվին, ինչը, ըստ Դաշնակցության, միանգամայն հնարավոր է:

Հարկաբյուջետային քաղաքականության առնչությամբ ծրագրում նշվում է, որ մի շարք ոլորտներում, այդ թվում` հանքարդյունաբերման մեջ, կկիրառվի գերշահույթի հարկման լիարժեք քաղաքականություն:

Դրամավարկային քաղաքականության շրջանակներում նախատեսվում է ֆինանսական շուկայի միասնայկան կարգավորման իրավասությունը դուրս բերել Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթից` տարանջատելով դրամավարկային քաղաքականության և ֆինանսական շուկայի կարգավորման գործառույթները:

Ա. Մինասյանը նշեց, որ ծրագրում տեղ գտած բոլոր թվերը և տվյալները հիմնավոր հաշվարկների արդյունք են:

Գիտության ոլորտի բարեփոխումների մասին խոսեց ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը` նշելով, որ ՀՅԴ նախընտրական ծրագրով նախատեսվում է գիտության ոլորտի պետական հատկացումները ավելացնել 10 անգամ:

Իսկ կրթության ոլորտի առնչությամբ` ծրագրում ասվում է, որ ուսանողները կապահովվեն հանրակացարաններով և նրանց, ըստ առաջադիմության, կտրամադրվի կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի 50-100 տոկոսի չափով:

Ծրագրում ներառված ազգային-պետական ուղեգծի հաստատմանն ուղղված քաղաքականության դրույթներում նշվում է. «Կպահանջվի, որ Արցախը, լինելով հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ, ճանաչվի և հանդես գա իրավահավասար բանակցային կողմ, իսկ Հայաստանը ճանաչվի և հանդես գա ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավոր»:

Հայ-թուրքական հարաբերություններում նախատեսվում է ցյուրիխյան արձանագրություններից ետ կանչել հայկական կողմի ստորագրությունը:

«Կգործադրվեն հայրենադարձության և Արցախի վերաբնակեցման ամբողջական ծրագրեր»,- նշված է ՀՅԴ նախընտրական ծրագրում:

Panorama.am

Դիտվել է 1841 անգամ:
Print Friendly

Leave a Reply