Արզաքանցյան. Բադեյանը ինքը իրեն պետք է օգնի (Տեսանյութ)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 9, 2012 16:08

«Գրեյթ Վելի» ընկերության սեփականատեր, պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, ով հայտնի է նաև արտերկրի հայտնի մոդելների ու կինոաստղերի հետ իր մտերմիկ կապերով, «գլամուռային» կենսակերպով, Panorama.am-ին տված հարցազրույցում խոսել է խորհրդարանական ընտրություններին իր չառաջադրվելու պատճառների և նոր ծրագրերի մասին:

-ԱԺ նիստերից ամենաշատ բացակայողների ցանկում էիք: Ինչու՞ էիք այդքան շատ բացակայում պարոն Արզաքանցյան:

-Ես բացակայում էի ԱԺ նիստերից հարգելի պատճառներով: Ես դրսում իմ առողջության հարցերով էի զբաղված:

-Այդքան երկար ժամանա՞կ, ի՞նչ խնդիրներ ունեք:

-Մոսկվայում պատահած միջադեպից հետո (Կոզինոյում կրակել էին Տիգրան Արզաքանցյանի վրա,-Panorama.am) ես դեռ բուժվում եմ: Չեմ ուզում խնդիրներիս մասին հերթով խոսել՝ ձեռքս է ցավում, ոտքս, թե ինչ: Այսօր չեմ բողոքում , բայց լուրջ խնդիրներ կան ու դեռ ապաքինվում եմ: Աստծուն փառք, հիմա ամեն ինչ դեպի լավն է գնում:

-Ի դեպ, այդ միջադեպի առնչությամբ հարուցված էր քրեական գործ և, եթե չեմ սխալվում, կասկածյալը հայ էր: Ի՞նչ ընթացք ստացավ, կա՞ն ձերբակալվածներ:

-Այո, հարուցվեց քրեական գործ, քնությունը դեռ չի ավարտվել, փախուստի մեջ գտնվող մարդիկ կան, որոնվում են, կան նաև պատիժը ստացածներ, բանտ են նստել:

-Գոնե Ձեզ հայտնի դարձա՞վ՝ ով էր այդ ամենի ետևում, կասկածում էիք, որ դա Ձեր դեմ պատվեր էր:

-Իհարկե, կար պատվեր: Իմ թշնամին Հայաստանից չէր, բայց հայկական ծագում ուներ:

-Կհրապարակե՞ք անունը, ո՞վ էր նա և ինչո՞ւ էր Ձեզ ուզում սպանել:

-Ինքը հույն է:

-Ասում են նաև, թե Ձեր վերնաշապիկի ամրակները պարտադիր ոսկուց պիտի լինեն և ադամանդե քարերով են զարդարված:

-Իմ ճարմանդները ոսկուց էլ են, ադամանդից էլ , կան նաև թելերով: Այսինքն ես չեմ ընկնում դրա հետևից: Կարևորը, որ դրանք ճաշակով լինեն: Ես նման բաների հետևից չեմ ընկնում այնքան, որ ներկայացնում են:

-Ասում են՝ ժամանակից շուտ և շատ հաճույքներ տեսած-վայելած մարդիկ կործանվում են՝ գնում են լճացման, կամ տրվում են ստեղծագործելուն, վատագույն դեպքում խեղվում են՝ նոր հետաքրքրություններ փնտրելու ճանապարհին: Չե՞ք վախենում այն մտքից, որ շուտով Ձեզ այլևս ոչնչով զարմացնել չի լինի, հիացնել և դուք կսպառեք ձեր հետաքրքրությունները:

-Ես վաղուց չեմ զարմանում ոչնչից, զարմանում եմ միայն այն մարդկանցից, որոնք ուրիշ մարդու հետևից անընդհատ խոսում են, մազը գերան են դարձնում: Ինձ շատ հետաքրքիր է դրանից հետո մարդիկ ո՞նց են ապրում: Այդ նախանձի վրա, որ նրանց ուտում է: Ես հիմա քաղաքական հարցերի մեջ էլ չեմ խորանում, ինչպես մյուս գործիչները:

-Իսկ երբևէ խորացե՞լ եք, պարոն Արզաքանցյան: Կարծես թե չենք հիշում մի դեպք, որ Դուք թեկուզ կարծիք հայտնած լինեք՝ որևէ քաղաքական որոշման վերաբերյալ, իրադարձությունների:

– Այո, ես գտնում եմ որ պետք չի խառնվել, ինչ որ տեսակետներ հնչեցնել կուսակցությունների վերաբերյալ՝ էս մեկը ճիշտ արեց, էս մեկը՝ սխալ, ճիշտ համաձայնության եկան, թե չեկան:
Որովհետև ես կուսակցության քաղխորհդրի անդամ եմ եղել, և գտնում եմ, որ կուսակցության ներսում պետք է խառնվել նման թեմաների, կուսակցությունից դուրս կան մարդիկ, որոնք կուսակցության տեսակետը հնչեցրել են:

-Դուք մեծամասնականով ընտրված պատգամավոր էիք, ի՞նչ տվեցիք այդ ընթացքում Ձեր ընտրողներին, ինչո՞վ փորձեցիք արդարացնել նրանց սպասումները:

-Ես ունեցել եմ օրենսդրական նախաձեռնություններ, բայց տեսա որ մի քանիսն ուզում են դրա տակ մտնեն ու իրենցով անեն, ես դրա կռիվն էլ չտվեցի: Պարզապես մարդիկ չեն իմացել, որ դրանց հեղինակը ես եմ: Տնտեսական ոլորտում ունեցած գիտելիքներս ծառայեցրել եմ և օրենքներում փոփոխություններ են եղել՝ իմ նախաձեռնությամբ: Ես միայն կոճակ չեմ սեղմել:

-Կարծիք կա, որ Ձեզ չընդգրկեցին կուսակցության ցուցակում գործարար լինելու հանգամանքի՞ և Ձեր պասիվ օրենսդարական գործունեության պատճառով: Իրականում Ձեր հանդեպ վերաբերմու՞ն ք է փոխվել կուսակցությունում:

-Ոչ, ամեն ինչ առաջվա պես լավ է, չկա նման բան:

-Նման կարծիք հավանաբար ձևավորվեց այն բանից հետո, որ Դուք նաև չմասնակցեցիք ՀՀԿ 13-րդ համագումարին: Արդյոք շատ ավելի կարևոր գործեր ունեիք, քան կուսակցության համագումարն էր:

-Ոչ, ես ներկա չէի հարգելի պատճառով՝ կարևոր հանդիպումներ ունեի:
Ես հաճախ նաև բացակայել եմ խորհրդարանական նիստերից , բայց դա չի խանգարել, որ ես կատարեմ մի շարք աշխատանքներ: Ունենք հիմնադրամ, որտեղ ես ֆինանսական ներդրումնրեմ  անում իմ բիզնեսներից եկած եկամտից , իմ աշխատացրած ընկերությունների ստացած եկամտից: Հիմնադրամն իր աշխատանքները կատարում է և շարունակելու է կատարել՝ անկախ այն հանգամանքից, որ ես այլևս խորհրդարանական գործունեություն չեմ ծավալի: Ամեն եռամսյակ մենք թերթերով տալիս ենք մեր հիմնադրամի հաշվետվությունը՝ ֆինանսական հոսքերի-ծախսերի ինչպես նաև կատարած աշխատանքների վերաբերյալ:

-Այն ընտրատարածքում, որտեղից Դուք մեծամասնականով ընտրվել եք, այս անգամ իր թեկնածությունն է առաջադրել ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը: Պատրա՞ստ եք ընտրություներին աջակցել Ձեր փոխարեն առաջադրված կուսակցին:

– Եթե պարոն Բադեյանը առաջադրվում է, ուրեմն նախ պարոն Բադեյանը ինքը իրեն պետք է օգնի: Ես իրեն հարգում եմ որպես կուսակցական ընկեր, բայց կարող եմ ասել, որ մինչ այդ մենք էլի նորմալ հարաբերություններ ունեինք: Բայց եթե մարդը ցանկություն ունի մեծամասնականով դառնալ պատգամավոր՝ պիտի արդեն ինքն իր քարոզչությունն անի, ես հո չեմ կարող գնալ, ասել, թե Բադեյանը ինչ կանի: Բադեյանը պիտի ցույց տա ինքն ինչի է ունակ, ինչ է արել այսքան ժամանակ կամ ինչ պետք է անի: Ինքը պիտի ցույց տա իր ուժերը: Եթե դրսում, պետք լինի իմ կարիքը, ես իր կողքին կանգնած եմ, խնդիր չկա: Բայց կուսակցական խոստումներ տալու համար, արդեն պիտի Բադեյանն ինքը պատասխան տա, ես չեմ կարող ասել Բադեյանը հաստատ այս խնդիրն այս էս ժամկետներում կլուծի: Կարող է ինքն այդ խնդիրը լուծի ուրիշ ժամկետներում կամ չլուծի: Ես ոչ մեկի տեղը չեմ կարող նախըտրական երաշխիքներ տալ:

-Բայց ստիպված եք չէ՞ Ձեր կուսակիցների համար աշխատել այս շրջանում:

-Ես ստիպված չեմ, ոչ մեկի համար էլ ստիպված չեմ աշխատել: Դա արդեն իմ ցանկությունն է, թե ինչ աշխատանքներ ես կտանեմ : Կրկնում եմ, ես իմ կուսակցական ընկերների կողքին կանգնած եմ, ինչ ինձնից հասնի, ես կանեմ: Եթե իրենք զգան իմ կարիքը, ասեն՝ Արզաքանցյան, դու մեզ պետք ես, քո կարիքը կա, որ մեզ հետ համագործակցես՝ ես պատրաստ եմ աշխատել:

-Այսինքն դեռ չի՞ ասվել այդ մասին: ՀՀԿ-ի խորհրդի վերջին նիստերին Դուք մասնակցում էիք: Նախըտրական «պարտականությունների» մասով կուսակցությունից հանձնարարություներ չե՞ք ստացել:

-Այո, ես ՀՀԿ խորհրդի վերջին նիստերին մասնակցել եմ, բայց ոչ մի հանձնարարական այդ առումով ես չեմ ստացել: Իմ առաջ ոչ մի խնդիր չեն դրել, որ ես գնամ աշխատանքներ կատարեմ:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ձեզ չեն դիմել աջակցության համար, ինչի՞ հետ եք դա կապում:

-Չեմ կարող ասել: Ես պատրաստ եմ աշխատել, որևէ խնդիր չունեմ:

-Կուսակցության կողմից, Ձեր առաջադրման մերժումը չի՞ կարող պատճառ հանդիսանալ, որ Դուք ձեր բիզնեսը արտահանեք կամ ինքներդ նաև հեռանա՞ք երկրից:

-Ընդհակառակը, ես հիմա ավելի շատ ժամանակ կունենամ զբաղվել իմ անձնական գործերով, իմ բիզնեսով, իմ ընտանիքով:

-Այսինքն՝ մինչև հիմա Ձեզ դրա համար խանգարում էր օրենսդիրում լինելը՞, բայց չէ որ Դուք նիստերից ամենաշատ բացակայողներից մեկն էիք պարոն Արզաքանցյան:

-Չէ, ԱԺ-ն չէր խանգարում: Բայց հիմա ավելի շատ ժամանակ կունենամ:

-Կուսակցությունը Ձեր ընտրատարածքում առաջադրեց Մանվել Բադեյանի թեկնածությունը և Ձեզ չընդգրկեց կուսակցության համամասնական ցուցակում, ինչու՞:

-Ճիշտն ասած դա նաև իմ որոշումն է եղել: Մի քանի ամիս առաջ խմբակցությունում էլ ասացի, որ ճիշտ կլինի ես վերականգնեմ իմ բիզնեսը, որովհետև այսօր շուկայում մրցակցությունը մեծ է, 30-ից ավելի կոնյակ արտադրողներ կան, մեր ընկերության էքսպորտը նվազել է, շուկան կեղտոտել են շատ անորակ պրադուկտներով, անարդար լինելու մասին էլ խոսք չկա: Ինչ ուզում են, անում են, ինչ ուզում են, պատրաստում են, վրան էլ ինչ անուններ ասես դում են՝ պատենտ է, ինչ է, կապ չունի, վերահսկողություն չկա: Արտադրում են վրան էլ մականշում են Հայաստանի անունը, եթե արտադրում ես ուրեմն այնպես արա, որ խմեն չթունավորվեն:

Հարցազրույցը վարեց Սյուզի Բադոյանը

Panorama.am

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply