ՀՅԴ գիտաժողովին փորձեցին բոլոր տեսանկյուններից ջրի երես հանել Արձանագրությունների թերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 14:39

gitajoghovՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ` Արձանագրությունների ստորագրման մասին խոսելուց առաջ Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջեր վերացնել բոլոր այն օրենքները, որոնցով խոչընդոտվում է Հայոց ցեղասպանության ազատ քննարկումները:

«Ու նաև Հայաստանը պիտի հայտարարեր, որ եթե անգամ այդ ենթահանձնաժողովը քննարկի Հայոց ցեղասպանության հարցը, այն (Ցեղասպանության միջազգային ճանաչումը) շարունակելու է մնալ Հայաստանի օրակարգում»,-ասաց Մանոյանը՝ այսօր ՀՅԴ նախաձեռնությամբ կազմակերպված «Նախաստորագրված արձանագրություններ և հայ թուրքական հարաբերություններ. Ազգային-պետական շահեր և մարտահրավերներ» թեմայով գիտաժողովի ընթացքում, որին ներկա էին Արձանագրությունների դեմ համատեղ հայտարարությամբ հանդես եկած բոլոր 11 կուսակցությունների ներկայացուցիչները:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ ասաց, որ պետք է պետությունը հայտարարեր, որ «եթե ժողովուրդը դեմ լինի, մենք չենք ստորագրի»:

Նա ասաց նաև, որ այս 6 շաբաթվա ընթացքում շատ բան է փոխվել . հասարակ քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյան հայ-թուրքական հարաբերությունների մասին է խոսում:

«Այս փաստաթղթերի նախաստորագրումն իսկ օրենսդրության կոպիտ խախտումներով է եղել»,- ասաց «Նախաստորագրված արձանագրությունների իրավական մարտահրավերները» զեկույցով հանդես եկող Արա Պապյանը, ով եղել է Կանադայում Հայաստանի նախկին դեսպանը :

Պապյանի խոսքեր` նման փաստաթուղթը չէր կարող ստորագրվել մեկ գիշերվա ընթացքում, քանի որ գործող օրենսդրության համաձայն՝ նախագահը պիտի գրավոր հանձնարարական տար ԱԳ նախարարությանը, որից հետո արտգործնախարարը պիտի տեղեկանք ուղարկեր նախարարին` ստորագրման նպատակահարմարության մասին, որից հետո միայն նախագահը կկարողանար լիազորել արտգործնախարարին`որևէ փաստաթուղթ ստորագրել: Իսկ այս դեպքում բոլոր այս գործընթացները չեն եղել:

Պապյանի համոզմամբ`Թուրքիայի համար Արձանագրության նպատակը գոյություն ունեցող սահմանները ճանաչել տալն է,«իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու ԼՂ հարցի լուծումը խոչընդոտելը պարզապես բոնուսներ են Թուրքիայի համար»:

Երրորդ զեկուցող, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական մարտահրավերներին, ասաց, որ այն պնդումները, թե սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսությունը թռիչքային աճ կունենա, իսկ ժողովրդի եկամուտները կտրուկ կաճեն, չի համապատասխանում իրականությանը:

«Որոշ գործարարների երազանքները, որ մեր ապրանքները կմտնեն թուրքական շուկա, կբախվեն մի հսկայական պատնեշի ու կփշրվեն»,- համոզված է Մինասյանը: Նրա պնդմամբ՝ Թուրքիան ունի հստակ մեխանիզմներ` իր արտադրողին օտարերկրյա ներմուծումներից պաշտպանելու համար:

Մինասյանը հիշեցրեց նաև, որ Թուրքիայի տնտեսությունը՝ՀՆԱ-ն, միայն մեկ հոգու հաշվով 3 անգամ ավել է Հայաստանից:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply