Քոքոբելյան. Դեկլարատիվ բնույթի որեւէ փաստաթուղթ ստորագրելու կարիք չեմ տեսնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2012 3:30

Ապրիլի 5-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն իր կուսակցության՝ ՀՀԿ-ի անունից ընտրական գործընթացի բոլոր անմիջական մասնակիցներին առաջարկել էր քննարկել ՀՀԿ կողմից «Ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների» նախագիծը:Ու թեեւ փաստաթղթի հեղինակը հույս էր տածում, թե իր հրապարակային առաջարկը պատշաճ արձագանք կստանա, բայց փաստն այն է, որ առայժմ միայն ՕԵԿ-ն է համաձայնել այդ փաստաթղթի շուրջ համագործակցել ՀՀԿ-ի հետ: Մյուսները դեռ մտածում են, իսկ Հայ ազգային կոնգրեսն արդեն հայտարարել է, որ չի միանալու եւ չի ստորագրելու ՀՀԿ-ի նախաձեռնած փաստաթուղթը:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական միասնական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն ասաց, թե այդ փաստաթուղթն իրենց է ուղարկվել, ստացել են, ու ինքն էլ ծանոթ է դրա բովանդակությանը, բայց այս պահին դեռ չունեն դրա առնչությամբ հստակ դիրքորոշում կամ որոշում:

Քոքոբելյանն ասաց, թե իրենք քննարկելու են ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների եւ դրան միտված տարբեր ձեւաչափերի վերաբերյալ առաջարկները: «Մենք ունենք նաեւ մեր անձնական մոտեցումներն ու առաջարկները, որոնք հրապարակավ կհայտնենք, ու բոլորը դրա մասին կիմանան: Բայց միայն մեր մոտեցումների եւ պահանջների հետ կապված մյուս ուժերի դիրքորոշումը հստակեցնելուց եւ համաձայնեցնելուց հետո կարող ենք ասել, թե մեզ համար առաջարկվող ո՞ր տարբերակն ընդունելի կլինի»,- ասաց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը՝ հավելելով, թե իրենք առաջարկելու են, որ մասնավորապես օրերս 4 ուժերի՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» ձեւաչափով համագործակցության համատեքստում էլ որոշակի կետեր լինեն՝ կապված «բարեգործության» հետ, որովհետեւ «մենք միայն այդ կետերի ընդունման դեպքում այդ փաստաթուղթը կստորագրենք, հակառակ դեպքում՝ ոչ»:

Քոքոբելյանը քիչ հավանական համարեց առաջարկված բոլոր նախաձեռնություններին «Ժառանգության« միանալու հնարավորությունը. «Քանի որ առաջարկներից որեւէ մեկում հստակություն չկա, կարծում եմ՝ կա՛մ պետք է փորձել այս բոլոր առաջարկ-ձեւաչափերը մեկտեղել, կա՛մ ընտրություն կատարել, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ լինել ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ: Հայաստանում սահմանափակ թվով ընտրություններին մասնակցող ուժեր կան, եւ , ըստ իս, մենք միասին պետք է կարողանանք ընտրությունների վերահսկման հարցում գալ մի հայտարարի: Մենք պետք է մշակենք քաղաքական ու ընտրական այնպիսի մշակույթ, որը ցանկալի կլիներ տեսնել այս ողջ ընտրարշավի ընթացքում»:

Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացների վերահսկողությանը միտված առկա երկու փաստաթղթերից մեկին՝ «4-ի» հայտարարությանը միացել է այսօր ակտիվ բարեգործությամբ զբաղված իշխանական կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն, իսկ մյուսն առաջարկում է վերջին 14 տարիներին ընտրությունները մշտապես կեղծած ՀՀԿ-ն, հարցրինք, թե որքանո՞վ կարող են վստահություն վայելել այն նախաձեռնությունները, որոնց մասնակից են այդ ուժերը: «Հենց դա հաշվի առնելով է, որ ես ասում եմ՝ մենք ունենք կոնկրետ առաջարկներ, եւ նման դեկլարատիվ բնույթի որեւէ փաստաթղթի տակ մեր կողմից ստորագրելու կարիք ես չեմ տեսնում: Երբ մենք վստահ ու համոզված կլինենք, որ դա ոչ թե հռչակագիր է լինելու, այլ գործնականում է կիրառվելու եւ վերաբերելու է կոնկրետ գործին, ու երբ հստակ լինի, թե վերահսկման ի՞նչ մեխանիզմներ են առաջարկվելու կամ այդ վերահսկողության ընթացքում ի հայտ եկած հանգամանքները, փաստաթղթերը ստորագրած կողմերին չբավարարելու դեպքում ի՞նչ լուծում են ստանալու, նոր միայն կարող ենք մեր դիրքորոշումը հստակ ասել: Ես մի բան կարող եմ շատ ուղիղ ասել՝ իմ անունից եւ իմ պատասխանատվությամբ. մենք ի սկզբանե դեմ ենք ցանկացած ձեւական բնույթի գործունեության կամ փաստաթղթի: Դրանց նպատակը չպետք է լինի իմիտացիա ստեղծելը. թե՝ մենք ընտրությունները վերահսկելու մտադրություն ունենք, բայց դրա տակ թաքնված լինի կեղծիքների եւ ընտրարշավին ոչ բնորոշ իրողությունների լեգիտիմացումը»,- հայտարարեց «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply