ԱՊՀ տարածքում ավիատոմսերի բարձր գնի պատճառն 90-ականներին կնքված պայմանագրերն են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 14:55

Ձախից` Աշոտ Շահնազարյան, Իգոր Արտեմև

Ձախից` Աշոտ Շահնազարյան, Իգոր Արտեմև

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը (ՀՔՄԽ) ուսումնասիրություններ է իրականացրել` պարզելու, թե ինչու են ավիատոմսերի գները բարձր ԱՊՀ տարածքում. այս մասին հայտարարեց ՀՔՄԽ նախագահ Իգոր Արտեմևը՝ հոկտեմբերի 6-8-ը Երևանում տեղի ունեցած նիստի ամփոփման ժամանակ:

Նրա խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարձր գների պատճառը 90-ականներին կնքված պայմանագրերն են, որոնք կոնկրետ ոլորտում ավիափոխադրումների հնարավորություն են տալիս սահմանափակ թվով ընկերությունների: «Պետք է բարեփոխվեն այդ պայմանագրերը, ինչը կնպաստի գների իջեցմանը»,-ասաց Արտեմևը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշեց, որ Հայաստանը ևս հետաքրքրված է ավիափոխադրումների ոլորտում իրականացվող հետաքննությամբ: «Երևան-Մոսկվա ավիափոխադրումների խնդիրն ենք բարձրացրել, քանի որ կասկած կա, որ այդ ոլորտում գործող ընկերությունները հակամրցակցային պայմանավորվածության են եկել»,- ասաց Շահնազարյանը: Երևան-Մոսկվա ավիափոխադրումներ իրականացնում են 3 ռուսական և 1 հայկական ընկերություններ` տարբեր ինքնաթիռներով, սակայն տոմսերի գների տարբերությունը, ըստ Շահնազարյանի, շատ փոքր է:

Նրա խոսքով` անցած տարի հանձնաժողովի միջամտությունից հետո ավիավառելիքի գներն իջել են` 1540-ից հասնելով 760-ի: Սակայն ավիատոմսերի գներում փոփոխություն չի կատարվել:

Արտեմևը տեղեկացրեց, որ ձևավորվել է համատեղ հետաքննությունների շտաբ, որն առաջիկայում կուսումնասիրի նաև ԱՊՀ երկրներում բջջային կապի ռոումինգի գների արդարացվածությունը: «ԵՄ-ում ռոումինգի գները մոտ 5-6 անգամ ցածր են, քան ԱՊՀ երկրներում»,- ասաց Արտեմևը:

Բջջային կապի ոլորտի ուսումնասիրություններին կհաջորդեն ստուգումները ցորենի և դեղորայքի շուկայում:

Դիտվել է 3992 անգամ:
Print Friendly

Leave a Reply