Շառլ Ազնավուրը Նյու Յորքում երեք համերգ կտա

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 7, 2012 17:34

Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ժամանել է Նյու Յորք, որտեղ հանրաճանաչ «Սիթի» կենտրոնում երեք համերգ կտա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վերջին անգամ շանսոնյեն եղել է Նյու Յորքում երեք տարի առաջ` իր, այսպես կոչված, հրաժեշտի հյուրախաղերի ընթացքում:

Ապրրլի 6-ին լրագրողների հետ զրույցում Ազնավուրը հայտարարել է, որ ոչ նախկին, ոչ էլ այս համերգները հրաժեշտի չեն:

«Այդ տերմինը հորինել է մի լրագրող, որին, ամենայն հավանականությամբ, ես զզվեցրել էի, բայց նրան ոչինչ չհաջողվեց եւ ես դեռ այստեղ եմ»,- ժպիտով պարզաբանել է արտիստը: Մամլո ասուլիսը տեղի է ունեցել հյուրախաղերի կազմակերպիչ, հայտնի մենեջերներ Սերգեյ եւ Գայանե Դանիելյանների Ardani artists պրոդյուսերական ընկերության գրասենյակում: Չնայած պատկառելի տարիքին (մայիսի 22-ին կլրանա Ազնավուրի 88 ամյակը) մեծանուն շանսոնյեին հաջողվել է պահպանել անկրկնելի հմայքը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա եկել է նախանշված ժամանակից մեկ ժամ շուտ` մեծ ոգեւորությամբ զրուցելով հավաքվածների հետ:

Պատասխանելով այն հարցին, թե իր սիրած երգերից որն է նա կատարելու Նյու Յորքում ապրիլի 26-28-ը կայանալիք համերգներին` Ազնավուրը նշել է, որ դեռեւս համերգային ծրագիրը հստակեցված չէ:

«Կարող եմ երգել տարբեր լեզուներով, այստեղ` Նյու Յորքում, անգլերենից եւ ֆրանսերենից բացի, պահանջարկ ունի նաեւ իսպաներենը, այնպես որ` կորոշեմ վերջին րոպեին»,- ասել է երգիչը:

Նյու Յորքում տեղի ունեցած իր նախորդ համերգից առաջ Ազնավուրը զգուշացրել էր լսարանին, որ երգելու է միայն ֆրանսերեն, բայց խոստումը չի կատարել: Նա «բիս»-երի ուղեկցությամբ անգլերենով կատարել է «Նա» երգը անգլերեն: Ազնավուրի խոսքով` ներկա պահին նա համագործակցում է մի շարք երիտասարդ երաժիշտների հետ:

«Ես նրանց հետ դուետներ եմ պատրաստում- ռեփ, սելմ, այլ երաժշտական ժանրերում»,- ընդգծել է Ազնավուրը: Նա նշել է, որ չնայած նրան, որ ազդեցություն է գործում երիտասարդների վրա երաժշտական առումով, երիտասարդների երաժշտական մշակույթը էականորեն տարբերվում է ավագ սերնդից:

«Սակայն ոչ մի խորհուրդ. ես ատում եմ խորհուրդներ տալը»,- հավելել է շանսոնյեն: Ազնավուրը դարձել է ֆրանսիական էստրադայի դեսպանն ամբողջ աշխարհում: Նրա երգերը կատարել էն Ռեյ Չարլզը, Ֆրեդ Աստերը, Լայզա Մինելին, այլ հայտնիներ: 1998-ին «Թայմ» ամսագրի եւ «ՍԻ էն էն» հեռուստաալիքի հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: Ազնավուրը մասնակցում է աշխարհի մի շարք երկրների բարեգործական ակցիաներում, բայց իր գլխավոր նախագիծը նա համարում է օգնությունը Հայաստանին: Բարեգործական գործունեությամբ նա սկսել է զբաղվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո: 1990-ականներին նա դարձել է Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը, 2009-ին` ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում:

Վերջին հարցին, թե ինչու է որոշել ելույթ ունենալ հանրության առջեւ, այն պարագայում երբ իր հասակակիցները այդ տարիքում նախընտրում են ապրել հանգիստ կյանքով, Ազնավուրը առանց մի վայրկյան վարանելու պատասխանել է` «Որովհետեւ սիրում եմ կյանքը»:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply