Արթուր Բաղդասարյանը կոչ է անում քաղաքական ուժերին պայքարել գաղափարախոսության և ծրագրային դաշտում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2012 16:43

«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է մրցունակ, նորարակական և իրատեսական ծրագրերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Մեր ծրագրերը մեծ փոփոխություններ են բերելու երկրի զարգացման գործում: Դրանք ուղղված են լինելու օրենքի գերակայության և արդարության հաստատմանը: Մենք վճռական ենք լուծելու մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով` ՕԵԿ-ն առաջարկելու է շարունակել ավանդների վերադարձի գործընթացը, կրթությունը և առողջապահությունը դարձնել հասանելի քաղաքացիների համար` ընդլայնելով պետպատվերի շրջանակները, ներդնել առողջապահական պարտադիր ապահովագրական համակարգ, խթանել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը:

ՕԵԿ առաջնորդի խոսքով` իրենք ընտրությունների են գնում «Քաղաքական մրցակցության և ոչ թե քաղաքական թշնամության» կարգախոսով: «ՕԵԿ-ը երբեք չի եղել արյան, կողոպուտի և բռնության մեջ: Մենք կոչ ենք անում մրցակցել գաղափաախոսության և ծրագրերի դաշտում»,- ասաց Բաղդասարյանը: Նա նշեց, որ իրենք դատապարտում են նաև փողով քվե գնելու մտայնությունը և մարդիկ պետք է քվեարկեն համոզմունքներով ու պատասխանատվությամբ:

Հանրահավաքի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հավաքվածներին ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականներն զբաղեցնող թեկնածուներին, ովքեր իրենց վճռականությունը հայտնեցին պայքարելու հանուն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման:

Նախորդ 15 տարիների ընթացքում ՕԵԿ-ը հեղինակել է 200-ից ավելի օրինագծեր:

Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply