«ՕԵԿ. Բարոյականությու՞ն, թե աբսուրդ…»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2012 15:03

Նախաբանի փոխարեն

Ես Միխայիլ Զադորնովի հումորը շատ եմ սիրում: Հիմնականում փորս բռնած հռհռում եմ, բայց քիչ չեն լինում նաեւ այնպիսի պահեր, երբ լռում, հիանում ու զարմանում եմ արտահայտած մտքի նրբության, խորաթափանցության եւ իմաստնության վրա: Սակայն, երբ հնչեց նախագահ Սարգսյանի «ՕԵԿըցույցտվեց, որքաղաքականությունըբարոյականէ» արտահայտությունը՝ երկար խորհելուց հետո վերստին զգացի, թե որքա՜ն արդիական է «լավից լավն էլ կա» խոսքը: Հասկացա, որ Զադորնովը աճելու տեղ ունի՝ այն էլ շատ:

Նախաբանի փոխարենն ավարտվեց:

Հայաստանում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը, բացառությամբ ՕԵԿ-ի, գնալով ավելի լրջորեն են մոտենում գիտության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման գործին: Իր գոյության մեկ տարվա ընթացքում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ջանքերի շնորհիվ գիտության տագնապալի վիճակի մասին ահազանգին ականջալուր եղան երկրի նախագահը, կառավառությունը, հանրային խորհուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդանական կուսակցությունները՝ կազմակերպեցվին հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, մրցանակաբաշխություններ եւ այլն: Այդ ամբողջ ընթացքում ՕԵԿ-ը գերեզմանի պես լուռ էր…

«ՕԵԿըցույցտվեց, որքաղաքականությունըբարոյականէ» կամ «քաղաքականությունը ցույց տվեց, որ ՕԵԿ-ը բարոյական է»

Ես Իլֆի եւ Պետրովի հումորն ավելի եմ սիրում:

Եթե հաշվի առնենք, որ ՕԵԿ-ը դեռ 2008թ-ից շատերի համոզմունքով վեր է ածվել քաղաքական դիակի՝ ապա հարիր կլիներ նրա դամբանականին արտասանել.

-Ես հաճախ եմ անարդարացի եղել հանգուցյալի հանդեպ, բայց բարոյակա՞ն մարդ (կուսակցություն) էր արդյոք հանգուցյալը: Ո՛չ, նա բարոյական մարդ (կուսակցություն) չէր…

Ափսոս, ՕԵԿ-ն իր ողջ ներուժով քաղաքացի Կորեյկոյի «կալիբր»-ին չի ձգում, թե չէ իմաստ կունենար կազմել շատերին հուզող հարցերից կազմված մի հաստափոր թղթապանակ…

  • 1997թ. հիմնադրվեց <<Օրինաց երկիր>> կուսակցությունը: Ո՞վ էր «կնքահայրը»:
  • Դեռ մինչեւ երջանիկ մանկությունն ու վարդագույն պատանեկությունը՝ 1996թ արդյո՞ք առաջին նախագահին գովերգող «Լևոն Տեր–Պետրոսյան. դիմանկարի փորձ» վերնագրով գիրք է գրվել:
  • Արդյո՞ք այդ գիրքը իշխանափոխությունից հետո հապշտապ հավաքվել է գրախանութներից:
  • Ի՞նչ եղան ավանդները:
  • Ինչպե՞ս են Սերգո Երիցյանը, Սամվել Բալասանյանը, Գագիկ Մխեյանը, Հակոբ Հակոբյանը եւ մյուսները:
  • Ո՞նց պատահեց, որ երկրորդ նախագահը «դավաճան» որակումը տվեց ՕԵԿ առաջնորդին: Քանի՞ մարդ լքեց ՕԵԿ-ը այդ ժամանակ:
  • Ո՞նց պատահեց, որ առաջին նախագահը ՕԵԿ առաջնորդի մասին ասաց. «Եթե նա իր դիրքը չփոխի, … ապա կդավաճանի ժողովրդի գործին», այնուհետեւ, փետրվարի 29-ի հանրահավաքի ժամանակ բազմաթիվ ՕԵԿ-ականներ պատռում էին կուսակցական տոմսերը՝ «Արթու՛ր, դավաճան» գոչելով:
  • Ո՞նց պատահեց, որ երրորդ նախագահը այդքանից հետո Արթուր Բաղդասարյանին նշանակեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
  • Արդյո՞ք ՕԵԿ-ին էլ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ «լավ է ճանաչում իր «հաճախորդներին»:
  • Ի՞նչ նկատի ուներ Արթուր Բաղդասարյանը «Քաղաքականության մեջ առանց փողի հաջողության հասնել  հնարավոր չէ» ասելով: Փող ունե՞ք հիմա:
  • Արթուր Բաղդասարյան. – «…հիմա մտադիր ենք իրականացնել զուտ  արտադրատնտեսական  բնույթի  ծրագրեր»: Ինչու՞ «զուտ»:
  • Ճի՞շտ է, որ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չի կրում ՕԵԿ կրծքանշանը:
  • Ինչու՞ ՕԵԿ նախագահին պատկանող գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Հայասի» գործարանը շշեր է ներմուծել ու չի մաքսազերծել դրանք:
  • Դդմի ջեմը ընտրողներին բաժանելը ընտրակաշառք չէ, չէ՞:
  • Ո՞նց պատահեց, որ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ, պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը ասաց. – «Երբ որ «Օրինաց երկրի» նման կուսակցությանն այսօր անվանում են բարոյական քաղաքական ուժ, դա աբսուրդ է ինձ համար, քանի որ ես եղել եմ այնտեղ և գիտեմ, թե այդ բարոյականությունն ու պարկեշտությունն ինչ հարթության վրա են դրված»:
  • -Ի՞նչ նկատի ուներ Հեղինե Բիշարյանը՝ «Մեր կուսակցության մեծամասնությունը կին է, ի դեմս Արթուր Բաղդասարյանի» ասելով:

Բայց, քանի որ ՕԵԿ-ն իր ողջ ներուժով քաղաքացի Կորեյկոյի «կալիբր»-ին չի ձգում՝ ավելի լավ է շարունակենք դամբանականը.

-… Իր ողջ ուժերը ներդրեց, որպեսզի ապրեր հասարակության հաշվին, բայց հասարակությունը չէր ուզում, որ նա իր հաշվին ապրի: Իսկ տեսակետների այդ հակասությունը «ավանդ»-ապաշտ ՕԵԿ-ը տանել չէր կարող, որովհետեւ շատ դյուրագրգիռ բնավորություն ուներ: Ուստի եւ մեռավ: Վերջ:

…«Գարուն է գալիս, Արթուրն է գալիս, Արթուրն է գալիս, Սերժիկն է լալիս» (2008թ)…

Տարեց կանանց կոչ եմ անում ՕԵԿ-ին պրիմուսի մշտնջենական ասեղ չառաջարկել՝ ուշ է արդեն:

Բայց մի բան է զարմանալի՝ այդ ի՞նչ «գիտություն» է բանեցրել ՕԵԿ-ը, որ մինչ հիմա ցանկացած իշխանության դեպքում մնացել է особо приближенный к императору : Թնջուկ…: Թերեւս սա է ՕԵԿ – գիտություն միակ առնչությունը:

Ենթադրյալ թղթապանակից պատառիկների ընթերցումից հետո անգամ մարդ կորցնում է հավատը մարդկության նկատմամբ: Էդ քիչ է՝ մթնոլորտային սյունն էլ, հատկապես գիտնականների վրա, սկսում է ավելի ուժեղ ճնշել: Մի՞թե այդ հավատի կորուստը չարժե, որ պետությունը գիտությանը հատկացնի ՀՆԱ-ի 1 տոկոսը՝ հետագա տարեկան 0.2 տոկոս աճի միտումով:

Վերջաբանի փոխարեն

ՕԵԿ ղեկավար կազմը՝
Նախագահ.
Արթուր Բաղդասարյան՝ Իրավաբանական գիտությունների դոկտոր
Փոխնախագահներ.
Արմեն Երիցյան՝ Իրավաբանական գիտությունների դոկտոր
Հեղինե Բիշարյան՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու
Մհեր Շահգելդյան՝ Քաղաքական գիտությունների թեկնածու
Հովհաննես Մարգարյան՝ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

 

Ստեփան Գյոզալյան

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply