Սուրբ Զատկի տոնի առիթով քաղաքական որոշ ուժեր քարոզարշավը կսկսեն մեկ օր ուշ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2012 14:08

Մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի ապրիլի 8-ին, սակայն համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների մեծ մասը, հաշվի առնելով, որ այդ օրը Սուրբ Հարության տոնն է, քարոզարշավի սկիզբը մեկ օրով հետաձգել է:

«Ամսի 8-ին մեր մոտ Զատիկ է»,-Tert.am-ին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բոլորին շնորհավորում եմ Հարության տոնի կապակցությամբ: Աստված բոլորիս պահապան և թող Զատիկից հետո բոլորս մաքրված հոգիներով և բարի քրիստոնեական շարժառիթներով իրականացնենք մեր քարոզարշավը»,- Tert.am-ին ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կօգտվի օրենքով սահմանված ժամկետից և քարոզարշավը կսկսի հենց ապրիլի 8-ից, Tert.am-ին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը: Սակայն այլ մանրամասներ նա չհայտնեց և խորհուրդ տվեց, նախատեսվող միջոցառման մեկնարկից տեղեկանալ կուսակցության ներքին քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանին, ում հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց:

«Օրինաց երկիր» կուսակցությունից նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին նույնպես չհաջողվեց մանրամասներ պարզել: Սակայն հիշեցնենք, որ վերջին ասուլիսում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ նախընտրական պայքարն իրենք սկսելու են հանրահավաքով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ապրիլի 7-ին: Այդ օրը կուսակցությունը նախատեսել է ներկայացնել ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որից հետո՝ հենց հաջորդ օրվանից կսկսեն քարոզարշավը:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը իր քարոզարշավը կսկսի ապրիլի 9-ից: ՀՅԴ ԳՄ անդամ և մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ ՀՅԴ-ն մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների բուն քարոզարշավը սկսելու է ապրիլի 10-ին Ազատության հրապարակում նախաձեռնած հանրահավաքով: Իսկ հանրահավաքի նախօրեին՝ ապրիլի 9-ին, տեղի է ունենալու ՀՅԴ նախընտրական ծրագրի շնորհանդեսը:

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը նույնպես քարոզարշավի առաջին օրը չի օգտագործի՝ նույն պատճառաբանությամբ. «Քանի որ Զատիկ է մենք հրապարակային միջոցառում չենք նախատեսել»,- ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, իսկ հետագա անելիքների մասին խոստացավ տեղեկացնել առաջիկայում:

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինքը նախընտրական քարոզարշավը կսկսի ապրիլի 9-ից: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում բոլորին հրավիրում է մասնակցելու «Ժառանգություն»/«Ազատ դեմոկրատների» քարոզարշավի մեկնարկը խորհրդանշող միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին Armenia Marriott հյուրանոցի Տիգրան մեծ դահլիճում:

«Ձեզ հնարավորություն կընձեռվի ծանոթանալ մեր թեկնածուների և ծրագրերի հետ: Իսկ ցերեկույթն էլ ավելի կգեղեցկացնեն Վարդուհի Վարդերեսյանը, Վահան Արծրունին, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը: Մուտքն ազատ է»,- նշում է նա:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը քարոզարշավը կսկի ապրիլի 10-ին: Ըստ ՀԿԿ նախագահ Ռուբեն Թովմասյանի՝ հաշվի առնելով այն, որ առաջիկայում հայկական ծիսակատարություններ են՝ Սուրբ Զատիկ և ապա Մեռելոց, այդ իսկ պատճառով կսպասեն, որպեսզի ժողովուրդը դուրս նշի տոները և նոր միայն կսկսեն քարոզարշավը: Ըստ նրա, քարոզարշավը նախատեսված է սկսել հանդիպումներով՝ բակերում, փողոցներում:

«Միավորված հայեր» կուսակցությունը օրենքով սահմանված կարգով քարոզարշավը կսկսի ապրիլի 8-ից, սակայն ոչ թե միջոցառումներ կանցկացնի, այլ ընդամենը լրատվամիջոցներով տեսանյութեր կթողարկեն, ինչպես նաև կուսակցության ներսում կլինի շտաբների բացում: «Հանդիպումներ արդեն կլիզեն հաջորդ օրերին»,- Tert.am-ին ասաց կուսակցության մամուլի պատասխանատու Անուշ Ղահրամանյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր քարոզարշավը կսկսի ապրիլի 8-ին, սակայն միայն հեռուստատեսությունով: Կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշեց, որ Սուրբ Զատիկը կտոնեն և ապա արդեն անդրանիկ հանդիպումը կունենան ապրիլի 10-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում, որի ժամանակ կներկայացնեն նախընտրական ծրագիրը: Արամ Սարգսյանն ավելացրեց, որ արդեն ամսի 13-ին կլինեն Գյումրիում, 14-ին՝ Մասիսում, 15-ին՝ Վանաձորում։

Tert.am

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply