Հանրային խորհրդում ուրվագծվել է ՀՀ նախագահի հետ քննարկվելիք հարցերի շրջանակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2012 13:58

Ապրիլի 6-ին տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ, որին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ:

Քննարկվել և ամփոփվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ապրիլ ամսին տեղի ունենալիք հանդիպման օրակարգային հարցերը, որոնցից առավել հրատապ են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, էկոլոգիական ոլորտին առնչվող խնդիրները:

Քննարկման ընթացքում մասնավորապես ՀՀ նախագահի ուշադրությանը կներկայացվի գյուղատնտեսության ներկա վիճակը և օպերատիվ լուծման կարիք ունեցող այն հարցերը, որոնք առանց պետական աջակցության կամ միջամտության հնարավոր չէ լուծել: Քննարկման կդրվի նաև Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու նախագիծը. հարցի բարձրացումը կարևոր է, քանի որ պղնձաձուլարանի արտադրանքը հիմք կհանդիսանա Հայաստանի տնտեսության ներքին կոոպերացիոն կապերի` կաբելային, էլեկտրատեխնիկական, մեքենաշինական, գյուղատնտեսական և այլ ոլորտների զարգացման համար:

Նախագահին կներկայացվի ընդերքի օգտագործման հարցը. մասնավորապես կքննարկվի շրջակա միջավայրը թունավորող պոչամբարները արդի տեխնոլոգիաների կիրառմամբ` որպես տեխնոգեն հանքավայր օգտագործելու հարցը, ինչը թույլ կտա լուծել և՛ տնտեսական, և՛ բնապահպանական խնդիրներ:

Կքննարկվեն նաև տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտին առնչվող խնդիրներ: Կբարձրացվի համագործակցության, փոխօգնության ազգային կառույցի ձևավորման հարցը. կառույցը ՀՀ բնակավայրերում և Սփյուռքի համայնքներում գործող հեռակապի ապահովման կենտրոններով, համապատասխան կայքերով, սոցիալական ցանցերով, խորհրդատվության աջակցման ծառայություններով կնպաստի կազմակերպությունների ծախսերը մի քանի անգամ կրճատելուն և առավել արդյունավետ կդարձնի շփումը հեռահաղորդակցման ոլորտում:

Երկրի զարգացման տնտեսական ոլորտին առնչվող խնդիրները ևս քննարկման առարկա կդառնան` մասնավորապես արտահանման ընդլայնման ու խթանման, ջրային ռեսուրսների օգտագործման և կառավարման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ պետական համալիր ծրագրերի մշակման անհրաժեշտության հարցերի շրջանակներում:

ՀՀ նախագահին կներկայացվեն նաև առաջարկներ, որոնցից մեկը վերաբերում է ընտանիքի պահպանման և զարգացման ծրագրի մշակմանը, ինչը միտված կլինի ժողովրդագրական խնդիրների լուծմանը, ՀՀ պետական պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների մասնագիտական-պաշտոնական գործունեության էթիկական նորմերի հռչակագրի մշակմանը, ինչը պետական և քաղաքացիական ծառայության բնագավառում իրականացվող բարեփոխումների կարևոր բաղադրիչ կարող է լինել:

Նշենք, որ ապրիլի երկրորդ կեսին տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ  ՀՀ Հանրային խորհրդի հանդիպումը, որի ընթացքում կբարձրացվեն և կքննարկվեն վերոնշյալ հարցերը:

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply