Իսահակյանի արձանի մոտ «Միացումը» արձանագրություններն այրելու ակցիա է սկսել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 8, 2009 13:27

Այսօր առավոտյան Ավետիք Իսահակյանի արձանի դիմաց «Միացում» շարժման նախաձեռնությամբ սկսվել է ստորագրահավաք. անցորդները մոտենում են շարժման անդամներին, գրում իրենց անուն-ազգանունները, ստորագրում, այնուհետ Ծիծեռնակաբերդից բերված խորհրդանշական կրակի վրա վառում արձանագրությունների մասին հիշեցնող թերթիկ:

«Ես իմ ընկերների հետ եկել եմ՝ վառելու արձանագրությունները, քանի որ հասկանում եմ, որ այլևս հնարավոր չէ աչք փակել սեփական երկրում տեղի ունեցող սարսափելի վիճակին դեմ, ով ինչ ուզում, անում է` տաքսու վարորդից մինչև նախագահ»,-ասում է 22-ամյա ուսանող Արտեմը:

Շարժման անդամներն ասում են, որ մարդկանց հոսքն այդքան էլ շատ չէ. բայց եթե առավոտյան 40 տարեկան մարդիկ էին գալիս արձանագրության թերթիկը վառելու, ապա այժմ ակտիվ են ուսանողներն ու երիտասարդները:

«Մենք ժամուկես է՝ այստեղ ենք և հաշվարկել ենք, որ րոպեում մեկ մարդ է մոտենում, առայժմ չենք պատրաստվում ցույցի, փորձում ենք մարդկանց հասկացնել՝ ինչ է կատարվում, մարդիկ չեն հասականում իրավիճակը»,-ասում է «Միացում» շարժման անդամ Իզելդա Ղազարյանը:

«Միացում» շարժման դեկավար Ժիրայր Սեֆիլյանը ևս այնտեղ էր: «Արձանագրություններն արդեն ստորագրված են, բայց ստորագրումը դեռևս ոչինչ չի նշանակում, անելիքները շատ են, պետք է մարդկանց տանենք ուղիղ և ճիշտ ճանապարհով»,-ասաց Սեֆիլյանը:

«Անկախ»-ի հարցին, թե ՀՅԴ ստորագրահավաքին զուգահեռ ևս մեկը կազմակերպելն ինչ իմաստ ունի, Սեֆիլյանը շեշտեց, որ իրենք գաղափարապես տարբեր են:

Վաղը շարժման անդամները ստորագրահավաք կանցկացնեն Բարեկամության մետրոյի մոտ, մյուս օրը` Գարեգին Նժդեհ հրապարակում:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply