Որակի ապահովումը` բարեփոխումների անկյունաքար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2012 16:23

Երևանի “Գլաձոր” համալսարանում այսօր տեղի է ունեցել Որակի ապահովման և կարիերայի կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, “Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ ամեն անգամ “Գլաձոր” համալսարան այցելության ընթացքում նա ականատես է լինում զարգացման մի նոր ծրագրի և ընդգծել է ռեկտորի խստապահանջությունը` բուհի զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում: “Ուզում եմ շեշտել, որ կրթության և գիտության նախարարության համար չկա տարբերություն պետական և ոչ պետական բուհերի միջև:

Մեր քաղաքականությունն ուղղված է բոլոր բուհերի համար միասնական դաշտի և հավասար պայմանների ապահովմանը: Պետության համար գերակայություն է ոչ թե բուհի կազմակերպաիրավական ձևը, այլ որակյալ կրթական ծառայություների մատուցումը: Ցավոք, այսօր ոչ բոլոր պետական և ոչ պետական բուհերն են դա ապահովում: Եվ ուրախալի է, որ “Գլաձորը” այն առաջամարտիկներից է, որն աչքի է ընկնում իր մեծ դինամիզմով, բարեփոխումներում լիովին մխրճվածությամբ, պետական գերակայության շրջանակում միջոցառումների ապահովման ցանկությամբ”,-ընդգծել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ նմանատիպ կենտրոնների բացումը նաև հրամայական է միջազգային կրթական զարգացումների շարքում: “Որակի ապահովման խնդիրներն այսօր դարձել են անկյունաքար և սկզբնակետ. դրանից են ածանցվում մնացած բոլոր հարցերը` դիպլոմների ճանաչման, ֆինանսավորման և այլն: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ կրելու է շարունակական բնույթ: Մենք շահագրգիռ ենք, որ Հայաստանում շատ արագ իրականացվեն բոլոր այն բարեփոխումները, որոնք միտված են բարձրագույն կրթության ապահովմանը և մեր լիարժեք ինտեգրմանը եվրոպական բարձրագույն կրթական տարածք”,-նշել է նախարարը` ուսանողներին կոչ անելով կյանքի այս ժամանակահատվածը դիտարկել ոչ միայն երիտասարդության շրջանի հիշվող էջերից մեկը, այլև տարիներ, երբ կուտակվում է “ողջ կյանքի համար երբեք չարժեզրկվող և իր կայուն տեղն ունեցող տարադրամը, այն է` գիտելիքը”:
Միջոցառման ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր “Գլաձոր” համալսարանի և “Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն” հասարակական կազմակերպության միջև: Կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ առաջին անգամ փորձ է արվում նման համաձայնագիր կնքել ոչ պետական բուհի հետ: Ըստ Ա. Ղազարյանի` նման համագործակցության նպատակն է օգնել ուսանողներին` ստանալ տնտեսության պահանջարկից բխող կրթություն և արժանավայել աշխատանք գտնել: Եվ որպես նախաձեռնության գործնական արդյունք` կազմակերպության նախագահն առաջարկել է ներկայացնել մեկ թեկնածություն` “Ապավեն” ընկերությունում աշխատելու համար:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply