«Միացում» ազգային նախաձեռնությունը կգործի ՀԱԿ-ից անկախ և ընդդեմ Արձանագրությունների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 13:03

«Միացում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն այսօր հայտարարեց, որ իրենց և Հայ ազգային կոնգրեսի միջև ջրբաժան է առաջացել.

«Մենք աջակցել են Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց դա չի նշանակում, որ ուխտել ենք միշտ նրա հետ լինել»,-ասաց Սեֆիլյանը՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ի հետ ունեցած ռազմավարական տարաձայնությունները նոր չեն սկսել, և «ժամանակն է՝ ավելի ճիշտ գործելու»:

Նա հայտնեց, որ իրենք պատրաստվում են առաջիկայում հանդես գալ նոր ձևավորված քաղաքական օղակով, որը  «կայանալուց հետո հայտ է ներկայացնելու՝ ժողովրդին առաջնորդելու»:

«Սա անկուսակցականների շարժում է,-ասաց նա,-Այսօրվա բռնատիրական ռեժիմը չի թողնում, որ Հայաստանում որևէ կուսակցություն կայանա, ուստի կուսակցությունները չեն կատարում իրենց գործառույթները»:

Սեֆիլյանի խոսքով՝ նոր քաղաքական օղակը պայքարելու է այսօրվա իշխանական ռեժիմը տապալելու և նոր արժեհամակարգ ձևավորելու համար:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սեֆիլյանն ունի իր հստակ դիրքորոշումը. «Կա հայ-թուրքական հակամարտություն, կա Հայաստանի բնաջնջման նպատակադրումով Թուրքիա, կա օտարի կողմից հովանավորվող և պարտադրվող հարաբերությունների հաստատման ծրագիր, ուստի Թուրքիայի հետ լավ հարաբերություններ լինել չեն կարող»:

Սեֆիլյանը դեմ է այն կարծիքին, թե Սփյուռքում տեղի ունեցող ցույցերը կազմակերպված են մի քանի քաղաքական ուժերի կողմից և չեն արտահայտում ողջ սփյուռքի կարծիքը:

Ընդհակառակը, նա գտնում է, որ ցույցերն անհատական նախաձեռնության արդյունք էին, և լավ կազմակերպվելու դեպքում դրանք զանգվածային բնույթ կկրեին:

Ի պատասխան շրջանառվող այն լուրերի, թե իբր քաղաքական կուսակցությունների միավորումը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նպատակով է, Սեֆիլյանն ասաց. «Քոչարյանն ունի վերադարձի երազանք, սակայն իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ գործող նախագահը լուրջ արգելքներ է դրել նրա դեմ»:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply