ԸԸՀ-ն մերժել է Սամվել Ֆարմանյանի դիմումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 5, 2012 22:21


Նոր Նորք վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում քիչ առաջ մերժվել է ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԸԸՀ նախագահ Գուրգեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ մերժման համար հիմք է հանդիսացել Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը, որի համաձայն «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:

Պարոն Խաչատրյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել` Վլադիմիր Կարապետյանը քարոզչություն է իրականացնում, թե ոչ: «Մեզ համար դա էական չէ: Մեզ համար էականն այն էր, որ եթե նույնիսկ նա քարոզչություն է իրականացնում, ապա դա նրան արգելված չէ», -հավելեց մեր զրուցակիցը:

Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս օրերին թիվ 2 ընտրատարածքն ընդգրկող Նոր Նորքի զանգվածի բնակիչներին են բաժանվում կամ նրանց բնակարանների դռներին են փակցվում այստեղ պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանի մասին պատմող տեղեկատվական թերթիկներ: Դրանցում Կարապետյանը տեղեկացնում է, որ ինքն առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու և իր համար «մեծագույն պատիվ է» այդ կապակցությամբ բնակիչների արձագանքը լսելը:

Այս ամենը նույն ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածու Սամվել Ֆարմանյանի շտաբը համարել էր Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամկետների խախտում, և նրա լիազոր ներկայացուցիչը դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ):

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply