Անհայտ անձը բանկային քարտի հաշվեհամարից հափշտակել է 3 685 757.40 ՀՀ դրամ գումար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 5, 2012 19:06

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում քաղաքացու դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ` գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու եւ կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու համար:
Քաղաքացուց 2012թ. մարտի 19-ին հաղորդում է ստացվել` իր հաշվեհամարից կատարված գողության մասին: Հաղորդման եւ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բանկային կեղծ քարտի օգտագործմամբ, պոս-տերմինալի միջոցով ինքնությունը չպարզված անձը 2010թ. հունիսի 23-ից մինչեւ նույն ամսվա 28-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանում կատարված 39 գործարքների իրականացմամբ գողության եղանակով Կ. Պետրոսյանի բանկային քարտի հաշվեհամարից հափշտակել է 3 685 757.40 ՀՀ դրամ գումար` վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Այնուհետեւ հափշտակված գումարների ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով նույն անձը, Չինաստանում գործող տարբեր առեւտրային կազմակերպություններում 39 դեպքերով առեւտրային գործարքներ կատարելով, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացրել է:
Ուսումնասիրությունների համաձայն` գործարքը կատարել է Վիտալի Իզմայիլովի կենսորոշիչ տվյալներով ինքնությունը չպարզված անձը:
Նկատի ունենալով, որ ինքնությունը չպարզված տվյալ անձի գործողություններում առկա են կեղծ վճարային քարտերի օգտագործմամբ իրականացված գողության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտն օրինականացնելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ` հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 203-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply