Անվավեր տեղեկանք տվողները չեն պատժվում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 5, 2012 15:00

Մայիսի 6-ին կայանալիք Աժ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը  5 թեկնածուների մերժել է տեղեկանք տրամադրելը վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին: Այդ 5 թեկնածուներից են նաև Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) և Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո):

Հատկանշական է, որ մարտի 6-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքը Սուքիասյանին տրամադրել է տեղեկանք, որ նա վերջին 5 տարիներին բնակվել է Հայաստանում, բայց  9 օր հետո անձնագրային և վիզաների վարչությունը թիվ 10 ընտրատարածքի ընտրական հանձնաժողով է ուղարկել գրություն` նշելով, որ հիմք պետք է հանդիսանա ոչ թե Էրեբունու բաժանմունքի տեղեկանքը, այլ իրենցը, ըստ որի` Սուքիասյանը վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում: Հետագայում, երբ մամուլում հնչեցին կարծիքներ, թե այդ դեպքում ինչո՞ւ է նման տեղեկանք տրամադրվել Էդուարդ Մադաթյանին, որը նույն «կարգավիճակում» էր, ինչ Խաչատուր Սուքիասյանը, անձնագրային և վիզաների վարչությունը մերժեց նաև Էդուարդ Մադաթյանին` նրան գրությամբ տեղեկացնելով, որ 15.03.2012 թ. տրամադրված տեղեկանքներում առկա տեղեկության փոխարեն հիմք ընդունի տեղեկությունն առ այն, որ  չի հանդիսանում վերջին 5 տարում Հանրապետությունում  մշտապես բնակվող, և  մերժվում է նրան վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների տրամադրումը:

Մի պահ անտեսենք, թե ովքեր են այս երկու անձինք,  թե ինչու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը նրանց մերժեց տրամադրել այդ տեղեկանքները, ինչքանով էր այդ վարչությունն արդար, կամ ինչ լուրեր էին շրջանառվում այդ մերժումների կապակցությամբ: Ուշադրություն դարձնենք մեկ այլ հանգամանքի. այս անձանց  ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումները տվել էին համապատասխան տեղեկանքներ, ըստ որոնց`երկուսն էլ վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի են հանդիսացել, այլ պետության քաղաքացի չեն հանդիսացել և վերջին հինգ տարում մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Բայց հետագայում անձնագրային և վիզաների վարչությունը, այսինքն` այդ տեղեկանքները տրամադրած բաժինների անմիջական վերադաս մարմինն այդ տեղեկանքները համարեց անվավեր: Ստացվում է, որ տարածքային բաժինները կեղծ փաստաթղթեր են տրամադրել քաղաքացիներին: Փաստորեն, պետական կառույցները, այն էլ ոստիկանության ստորաբաժանումները պետական անվավեր փաստաթղթեր են շրջանառել, ու այդ ամենը` օրը ցերեկով:

Մի պահ ընդունենք նաև, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ամեն ինչ ճիշտ և օրենքով է արել, երբ իր ստորաբաժանումների տրամադրած տեղեկանքները համարել է անվավեր: Այս դեպքում հարց է առաջանում` իսկ անվավեր փաստաթղթեր տրամադրող կառույցի ղեկավարները կամ այն պաշտոնյաները, որոնք տրամադրել են այդ փաստաթղթերը, ի՞նչ պատասխանատվություն են կրել: Որովհետև տրամաբանական է, որ կեղծ պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելը կամ անվավեր փաստաթղթեր շրջանառության մեջ դնելը պետք է որ օրենքով հետապնդելի արարք լինի:

Բայց որքան էլ զարմանալի է, տեղեկացանք, որ այս կապակցությամբ ոչ ոք պատասխանատվություն չի կրել, անգամ նկատողության չի արժանացել:

Այսուհանդերձ ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առջև:

Ինչևիցե: Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենք կարծում են` անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու բաժնի տրամադրած տեղեկանքն իրավական ուժ ունի, և դա պետք է հաշվի առնել: Սակայն մինչ ապրիլի 4-ը դատարանը դեռ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ չէր կայացրել այս հարցի կապակցությամբ:

Իսկ Էդուարդ Մադաթյանը չցանկացավ այս հարցի վերաբերյալ իր տեսակետները հայտնել, նույնիսկ` խոսել մեզ հետ: Երևի նեղացած է:

 

 

 

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply